05.03.2016 05:25 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բողմա են կպել

Սերժ Սարգսյանի սկզբունքային որոշումը

Սերժ Սարգսյանի սկզբունքային որոշումը

Հարկային եւ մաքսային մարմինների ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ մտքեր է հայտնել, որոնցից կարեւորագույնը թերեւս սա է. «Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել եւ մնալու է հարկեր- ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը»։ Այսինքն, ինքը այդ ցուցանիշով է գնահատելու` լա՞վ են աշխատում հարկային եւ մաքսային մարմինները, թե՞ վատ։

Իսկ ինչո՞ւ է սա այդքան կարեւոր։ Բանն այն է, որ հատկապես վերջին մեկ-մեկուկես տարիների ընթացքում, երբ ռուբլու արժեզրկման հետ կապված` Հայաստանի տնտեսության վիճակը սկսեց վատանալ, իշխանական համակարգի «տնտեսական բլոկի» ներսում մշտապես խուլ, բայց բավականին կոշտ բանավեճ է ընթացել։ Բանավեճի իմաստն էլ սա էր` հարկային ու մաքսային կառույցներին մեղադրում էին, թե չեն կարողանում անհրաժեշտ ծավալով բյուջետային մուտքեր ապահովել, այնտեղից էլ հակադարձում էին, թե պիտի տնտեսության ծավալնե՛րը աճեն, որպեսզի հարկերի ծավալները նույնպես աճեն, որովհետեւ եթե տնտեսությունը (կոպիտ ասած` ՀՆԱ-ն) չի աճում, իսկ հավաքագրված հարկերի ծավալն աճում է` վաղ թե ուշ գալիս է մի պահ, երբ մասնավոր բիզնեսն այլեւս չի դիմանում հարկային բեռին։

Եվ ահա նախօրեին Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրապարակեց իր դիրքորոշումն այս հարցում, եւ պարզվեց, որ նա ավելի շատ հարկեր հավաքելու կողմնակից է` անկախ նրանից, տնտեսությունն աճո՞ւմ է, թե ոչ։ «Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը» հենց դա է նշանակում։ Եթե, օրինակ, ՀՆԱ-ն 4 տրիլիոն դրամ է, իսկ հարկային մուտքերը` մեկ տրիլիոն, ստացվում է, որ այդ հարաբերակցությունը 0,25 է։ Եվ եթե պահանջում ես այդ թիվը հասցնել, ասենք, 0,28-ի, նշանակում է, որ ՀՆԱ-ն կարող է մնալ նույն 4 տրիլիոնը, բայց արդեն պիտի հավաքվի ոչ թե մեկ, այլ 1,12 տրիլիոն հարկ։ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հենց այդպիսի խնդիր էլ դրեց ՊԵԿ նորանշանակ ղեկավարի առաջ։ Ու համարյա բաց տեքստով ասաց` նրանք, ովքեր կարծում են, թե բիզնեսը խեղդելու էլ տեղ չի մնացել, ովքեր համարում են, որ դանակն արդեն ոսկորին է հասել, այդպիսի մարդիկ հարկային եւ մաքսային համակարգում անելիք չունեն։ Ակնարկն ավելի քան թափանցիկ էր։ Վստահաբար` բոլորը հասկացան եւ «նոր եռանդով» կլծվեն տնտեսության կաշին քերթելու գործին։ Արդյունքներն, ի դեպ, միանգամայն կանխատեսելի են։ Նորանոր բիզնեսներ կփակվեն, արտագաղթի նոր ալիք կսկսվի, ՀՆԱ-ն էապես կնվազի, ու կպարզվի, որ «հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացել է», բայց հարկերի ֆիզիկական ծավալը ոչ թե ավելացել է, այլ պակասել։ Մինչդեռ պետք էր ճիշտ հակառակն անել` պետք էր թուլացնել հարկային բեռը, որպեսզի տնտեսությունը շնչի, ՀՆԱ-ն ավելանա, եւ դրա հաշվին` ավելանա նաեւ հավաքագրված հարկերի ֆիզիկական ծավալը։

Բայց Հայաստանում միշտ էլ ամեն ինչ թարս են անում։ Տեսեք` պաշտոնական տվյալներով, Հայաստանում գնաճի մակարդակը շատ ցածր է, գնաճ համարյա չկա։ Ներքին սպառումն էլ էապես կրճատվել է։ Թե ինչու է կրճատվել` հասկանալի է. մարդիկ փող չունեն ու ստիպված` ավելի քիչ են ծախսում։ Իսկ գիտե՞ք, թե ինչ քայլեր են ձեռնարկում իշխանությունները` հաշվի առնելով, որ ներքին սպառումը նվազել է։ Չկռահեցիք։ Ամեն ինչ անում են, որ ապրանքներն ու ծառայությունները թանկանան։ Նրանց տրամաբանությամբ` եթե ապրանքները թանկանան (իրենք դա անվանում են «գնաճի նպատակի իրագործում»), սպառման ծավալները կմեծանան։ Բա իհարկե, եթե, օրինակ, հացի գինը 150 դրամից դառնա 180, մարդիկ էլի ստիպված են լինելու օրական մի հաց գնել, բայց սպառման ծավալներն աճելու են 20 տոկոսով։ Ընդ որում` թանկացումներ այսպես թե այնպես լինելու են, ընդ որում` էական։ Արդեն այս տարվա մայիսից մի շարք ապրանքների ակցիզային դրույքաչափերը փոխվելու են։ Ծխախոտի ակցիզային հարկն ավելանալու է 10 տոկոսով, բենզինինն ու դիզվառելիքինը` 7 տոկոսով, սեղմված բնական գազի 1000 խորանարդ մետրի համար սահմանվելու է լրացուցիչ 8330 դրամ ակցիզային հարկ եւ այլն։ Բայց իշխանություններին սա քիչ է թվում, ու Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարում է` «ստեղծված գնաճային ցածր միջավայրում» իրենք լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկելու, որպեսզի ամեն ինչ ավելի թանկանա։ Սա կոչվում է «ընդլայնողական քաղաքականություն». մարդիկ պիտի ընդլայնեն իրենց ծախսերը։ Այսինքն` նույն ցամաք հացի համար ավելի շատ վճարեն։ Չունեն` թող տան եղած-չեղածը ծախեն, թող վարկեր վերցնեն, մի խոսքով` դա իրենց պրոբլեմն է։

Իսկ ովքեր չեն ուզում ընդլայնել իրենց ծախսերը` Սերժ Սարգսյանի ասած, Հայաստանում «անելիք չունեն»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30