27.04.2013 15:24 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Իմ բանկը իմ բարձն է

Բանկային համակարգի փլուզման վտանգը

Բանկային համակարգի փլուզման վտանգը

Անզեն աչքով անգամ նկատելի է, որ Հայաստանում ֆինանսական ճգնաժամ է հասունանում։ Եթե այսպես շարունակվի, բանը կարող է հասնել բանկային համակարգի փլուզման (եթե, իհարկե, համարենք, որ Հայաստանում բանկային համակարգ կա)։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանում բանկային համակարգը լավ էլ կայացած է (շատերը նույնիսկ այն կարծիքին են, թե դա միակ շատից-քչից կայացած համակարգն է), բայց իրականում` նման տպավորություն է ստեղծվել միայն այն պատճառով, որ բանկերի շենքերը լավ «ռեմոնտ արած» են, միջանցքներում սուրճի ապարատներ կան, աշխատակիցներն էլ փողկապ են կապում։ Բանկային համակարգի կայացածության այլ ապացույցներ պարզապես չկան։

Ինչո՞վ են զբաղվում հայաստանյան բանկերը։ Դրանք, պարզ ասած, մի 8-10 տոկոսով ավանդներ են ընդունում բնակչությունից եւ այդ փողը մի 18-20 տոկոսով որպես վարկ տրամադրում այլ անձանց կամ ընկերությունների։ Տակը ահագին փող է մնում, ինչի հաշվին էլ գոյատեւում է «բանկային համակարգը»։ Տիգրան Սարգսյանն, օրինակ, պարծենում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ հայաստանյան որեւէ բանկ «չպայթեց»։ Ավելին` այդ ծանր ժամանակահատվածում բանկերի շահույթները մոտ 30-35 տոկոսով ավելացան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մարդկանց վիճակը կտրուկ վատացավ, ու շատերը ստիպված եղան վարկեր վերցնել։ Բայց այդ «ոսկյա ժամանակներն» ավարտվում են։ Ընդ որում` պատճառները մի քանիսն են։

Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի բիզնես-միջավայրն օրեցօր վատանում է։ Նախ` հարկային բեռն է անընդհատ ավելանում (որքան էլ կառավարությունը փորձի գեղեցիկ ձեւակերպումներով քողարկել դա), երկրորդ` բնակչությունն է անընդհատ պակասում, այսինքն` «ներքին շուկան» օրեցօր փոքրանում է։ Այս իրավիճակում բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնք հսկայական վարկեր են վերցրել բանկերից, պարզապես «տակ են տալիս» եւ չեն կարողանում վերադարձնել վարկերը։ Նույնը վերաբերում է նաեւ հարյուրավոր փոքր եւ միջին ձեռնարկություններին (խանութներ, տաքսի-ծառայություններ, ֆերմերային տնտեսություններ եւ այլն)։ Մի խոսքով` եթե երկրում բիզնես ծավալելու հնարավորություն չկա, որեւէ մեկը բիզնես-վարկ չի վերցնի, ավելի վաղ վերցված վարկերի զգալի մասն էլ չի վերադարձվի։ Իսկ ի՞նչ պիտի անեն այդ դեպքում բանկերը։ Պիտի փորձեն վաճառել այն ամենը, ինչը վերցրել են որպես գրավ։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ. գնորդներ չկան (հատկապես, երբ խոսքն արտադրական ձեռնարկությունների մասին է)։

Մյուս կողմից էլ` բնակչությունից ավանդներ ներգրավելն է օրեցօր դժվարանում։ Մարդիկ պարզապես չեն վստահում բանկերին եւ գերադասում են խնայողությունները պահել «բարձի տակ»։ Այսինքն` շատ քիչ իրական փող է մտնում բանկային համակարգ։ Շրջանառությունը բավականին մեծ է, բայց դա ըստ էության կեղծ շրջանառություն է։ Ասենք` ինչ-որ մեկը բանկից վարկ է վերցրել եւ չի կարողանում տոկոսները փակել։ Ի՞նչ է անում. մի ուրիշ բանկից նոր վարկ է վերցնում եւ նախորդ վարկը փակում, հետո երրորդ բանկից վարկ է վերցնում եւ երկրորդ վարկը փակում, եւ այդպես շարունակ։ Հիմա, կոպիտ ասած, ամբողջ Հայաստանն այդ վիճակում է։ Իսկ դա երկար շարունակվել չի կարող. ինչ-որ պահի փուչիկն անպայման կպայթի։

Մեծ հաշվով` այս ամենի պատճառն այն է, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին։ Նախ` որովհետեւ բիզնես-դաշտում խաղի կանոններն են անընդհատ փոխվում. օրումեջ հարկերը բարձրանում են, նոր հարկատեսակներ են հայտնվում եւ այլն։ Երկրորդ` ոչ մի երաշխիք չկա, որ որեւէ պաշտոնյա կամ օլիգարխ չի խլի նոր հիմնված բիզնեսը։ Երրորդ` դրամի փոխարժեքն ընդհանրապես որեւէ տրամաբանության չի ենթարկվում. մի օր կարող է առանց որեւէ պատճառի վերեւ թռնել, հաջորդ օրը` գահավիժել։ Իսկ Տիգրան Սարգսյանն այդ ամենին նայում է լոմբարդի աշխատողի աչքերով ու միայն հրճվում է, որովհետեւ «քյաշ փող աշխատելու» հնարավորություն կա։

Մի խոսքով` բանկային համակարգը կարող է նորմալ գործել միայն այն դեպքում, եթե մարդիկ վստահում են բանկերին (ու ավանդներ են ներդնում) եւ վստահում են իշխանություններին (ու վարկեր են վերցնում` ինչ-որ գործ անելու համար)։ Հայաստանում այս երկու պայմաններից ոչ մեկն առկա չէ. մարդիկ ոչ բանկերին են վստահում, ոչ իշխանություններին։ Եվ պատահական չէ, որ ֆինանսական ճգնաժամի մասին խոսակցություններն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում։ Բոլորն էլ հասկանում են, որ չկա տնտեսություն` չկա բանկային համակարգ։ Իսկ եթե վարչապետը Տիգրան Սարգսյանն է, Հայաստանում տնտեսություն չի լինելու։ Եղածն էլ կամաց-կամաց ոչնչանալու է` անհարմար վիճակի մեջ դնելով վարկեր տված բանկերին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30