07.04.2017 07:31 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վարկանիշային

Ամենամեծ տուժածը Կարեն Կարապետյանն է

Ամենամեծ տուժածը Կարեն Կարապետյանն է

Խորհրդարանական ընտրություններից հետո տուժածների պակաս, իհարկե, չի զգացվում։ Ընդ որում` տուժել են ե՛ւ առանձին անհատներ, ովքեր առաջադրվել էին ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով եւ «կուբամետրով» փող ծախսել, բայց այդպես էլ մանդատ չստացան, ե՛ւ ամբողջ կուսակցություններ (օրինակ` «Հայկական վերածնունդը»)։ Բայց կա եւս մի տուժած, ում մասին առանձնապես չեն խոսում։ Ընդ որում` շատ լրջորեն տուժած։ Խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա թիմի մասին է։

Դատեցեք ինքներդ։ Ընտրություններից ընդամենը երկու-երեք օր առաջ նա Հայաստանի քաղաքական կյանքի առանցքն էր, հիմնական դերակատարն ու համարյա փրկիչը, նրա ամեն քայլը լուսաբանվում էր, երկու ժամը մեկ լրատվամիջոցները «թարմացնում էին» նրա վարկանիշը, բայց ահա ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին, եւ վերջ. նա միանգամից հետին պլան մղվեց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդպես էլ պիտի լիներ` ԿԸՀ-ն հրապարակեց տվյալները, եւ հստակ երեւաց, թե ում է պարտական ՀՀԿ-ն իր ստացած տոկոսների համար։

Հնարավո՞ր է արդյոք գոնե մոտավորապես պարզել, թե որքան է վարչապետի ու նրա թիմի ներդրումը ՀՀԿ-ի հավաքած ձայների տեսակարար կշռում։ Իհարկե հնարավոր է։ Ենթադրենք` ինչ-որ մարդիկ ՀՀԿ «հին դեմքերին» ու ռեյտինգայիններին չեն ընդունում, բայց Կարեն Կարապետյանի «դրայվով» ոգեւորված` որոշել էին ընտրել ՀՀԿ-ին։ Ի՞նչ պիտի անեին այդ մարդիկ։ Պիտի պարզապես ՀՀԿ-ի քվեաթերթիկը դնեին ծրարի մեջ` առանց կոնկրետ ռեյտինգային թեկնածուի անվան դիմաց նշում կատարելու։ Եվ այդ քվեաթերթիկը, միեւնույն է, կգրանցվեր ՀՀԿ-ի օգտին։ Եվ այդպիսի քվեաթերթիկներ իսկապես եղել են։ Մոտ 30 հազար հատ։ Այսինքն` ՀՀԿ-ի ստացած մոտ 770 հազար ձայներից 740 հազարը տրվել են կոնկրետ ռեյտինգային թեկնածուներին, իսկ 30 հազարը` կուսակցությանը։ Հենց այս 30 հազարն էլ Կարեն Կարապետյանի ու նրա թիմի ներդրումն է (ասում ենք «նրա թիմի», որովհետեւ այդ 30 հազարի մի մասը կարող էր տրվել ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ, ասենք, Վիգեն Սարգսյանի կամ որեւէ այլ նախարարի «խաթեր»)։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանն ու իր թիմը ողջ Հայաստանով մեկ առավելագույնը մի 30 հազար ձայն են ավելացրել ՀՀԿ-ի ձայներին, իսկ միայն Քեթրինի Միհրանը միայն մի ընտրատարածքում` մոտ 20 հազար ձայն։ Քեթրինի Միհրանի օրինակն ենք բերում, որովհետեւ Կարեն Կարապետյանը նրան «չի տեսնում» իր թիմում։

Կարեն Կարապետյանը, բնականաբար, հասկացել է, որ այս արդյունքներն իր համար ողբերգական են, եւ ինքը ապրիլի 3-ի առավոտյան արթնացել է եթե ոչ այլ երկրում, ապա գոնե այլ կարգավիճակով. ավելի կոնկրետ` որպես երկրորդ պլանի խաղացող։ Եվ իհարկե` պիտի փորձեր վերականգնել առանցքային դերակատարի իր կարգավիճակը։ Այդպես էլ արեց. կառավարության նիստ հրավիրեց ու հայտարարեց, թե «մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն», դրա համար էլ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել ու արդարացնել վստահությունը։ Հասկացա՞ք։ Մարդն ուզում է տպավորություն ստեղծել, թե այդ վստահության քվեն ի՛ր թիմն է ստացել (եւ ոչ թե, ասենք, Չոռնի Գագոյի եղբոր թիմը), ու իբր` իրե՛նց աշխատանքից է կախված իշխանությունների ապագան։ Իյա, իրո՞ք։

Այս հարցում հասարակության մի մասին խաբել գուցեեւ հաջողվի, բայց Սերժ Սարգսյանին խաբել հաստատ հնարավոր չի լինի։ Նա շատ լավ գիտի, թե ում շնորհիվ եւ ինչ մեխանիզմներով է «տոկոս խփել», ու գիտի նաեւ, որ վաղը-մյուս օրը կարող է առանց որեւէ պրոբլեմի պաշտոնանկ անել Կարեն Կարապետյանին, որովհետեւ ցանկացած հաջորդ ընտրության ժամանակ կարող է մոտավորապես նույն ռեյտինգայիններով ու նույն մեխանիզմներով մոտավորապես նույնքան տոկոս ապահովել։ Այսինքն` օբյեկտիվորեն Կարեն Կարապետյանը կարող է ընդամենը լավագույն քավության նոխազը լինել, որովհետեւ տրված խոստումները կատարել այսպես թե այնպես չի հաջողվելու, մարդկանց վիճակն ավելի է վատանալու, եւ ինչ-որ մեկին պաշտոնանկ անելով հնարավոր կլինի գոլորշի բաց թողնել, իսկ ավելի հարմար թեկնածու չկա։

Հետաքրքիր է` Կարեն Կարապետյանն ի սկզբանե պատկերացնո՞ւմ էր այս սխեման, թե՞ ընթացքում է գլխի ընկել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30