Պինգվինները, շնորհիվ մի շարք վավերագրական ֆիլմերի, միակնության խորհրդանիշ են դարձել` սիրող, նվիրված ու անձնազոհ։ Սակայն շուրջ մեկ դար գաղտնի պահված գիտական հետազոտությունը բացահայտում է պինգվինների մասին ցնցող ճշմարտությունը։ «Ադելի որձ պինգվինները նույնասեռական հարաբերություններ են ունենում, երբեմն բռնաբարում են էգերին, սպանում են ձագուկներին, նույնիսկ երբեմն սեռական հարաբերություն են ունենում մահացած էգերի հետ...»,-այս մասին շուրջ 100 տարի առաջ անգլիացի նատուրալիստ Ջորջ Մյուրեյ Լեւիկը զեկույց է գրել, որը պահվել է չհրկիզվող պահարանում` 20-րդ դարի Բրիտանիան շոկի մեջ չգցելու նպատակով։
«1911-1913 թթ.գիտնական Լեւիկը Ռոբերտ Սքոթի գլխավորած` անտարկտիկական գիտարշավի անդամ է հանդիսացել։ Այդ թվականների ամառային սեզոններին գիտնականը հետեւել է Ադելի պինգվինների վարքագծին եւ հին հունարենով գրառումներ կատարել թռչունների սեռական պահվածքի մասին, որպեսզի քչերը կարողանան կարդալ դրանք, իսկ աշխարհը չկարմրի ամոթից»,-գրում է թերթը։
Այսօր «Ադելի պինգվինների բնական պատմության» միայն մեկ կրկնօրինակ է պահպանվել, որը հայտնաբերել է Լոնդոնի բնագիտության թանգարանի աշխատակից Դուգլաս Ռասելը։ Նա այդ փաստաթուղթը հրատարակել է Polar Record գիտական ամսագրում։ Ըստ Ռասելի` գիտնականի հետազոտությունները «վստահություն ներշնչող ու կոկիկ են»։
Լեւիկի նկարագրած` պինգվինների վարքագծի ամենադրամատիկ դրվագներից է «6-7 փոքր խուլիգաններից բաղկացած բանդան, որոնք բռնությունների են ենթարկում իրենց նմաններին»։ Գիտնականը պատմել է վնասվածքներ ստացած էգ պինգվինների ու բանդայի կողմից ծնողների աչքերի դեմ բռնաբարված ձագուկների մասին, որոնց հետո ծեծի էին ենթարկում։ Իսկ ամենատհաճ դրվագը, ըստ գիտնականի, որոշ ժամանակ առաջ մահացած «պինգվինուհու» հետ սեռական հարաբերության փաստն էր։
Պարբերականը գրում է, որ Լեւիկին ապշեցրել էին պինգվինների եւ մարդկանց վարքագծի նմանությունները։