04.05.2018 04:25 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բաց թող կեղծ ընկերներին

Թավշե հույզեր

Թավշե հույզեր

15 տարեկան մարդը «բալես» չի։ Գուցե` աղջիկս։ Գուցե` տղաս։ Բայց, համաձայնեք, այնքան էլ բալիկ չէ։ Դեռահասության շեմին կանգնած հասուն մարդ է։ Այդ տարիքում պատանիները սոցցանցերի ակտիվ օգտատերեր են լինում եւ տեղեկացված աշխարհի ու իրենց երկրի անցուդարձից։ Այդ տարիքում պատանիները փողոցներ են փակում, մեքենաների տակ են պառկում, ձեռնամարտի նետվում ոստիկանական բիրտ ուժի հետ, ծեծվում, քշվում ոստիկանական բաժիններ, դուրս գալիս, նորից փողոց փակում։

Այդ տարիքում պատանիներն իրենց համառ պայքարով կարողանում են երկրի բռնապետ տապալել։ Այդ տարիքում պատանիները հազարավոր հարցեր են ունենում իրենց ծնողներին, այդ թվում` խիստ քննադատական հարցեր նրանց արարքների վերաբերյալ։ Իսկ առողջ երեխաները` ներքին, նաեւ` կոնկրետ արտահայտված անհամաձայնություններ իրենց ծնողներին։ 15 տարեկան պատանիները, իհարկե, տրավմատիկ են, եւ հենց դրանով է պայմանավորված նրանց` աշխարհը փոխելու, գլխիվայր շրջելու անկառավարելի ցանկությունը։

Այսօր արդեն 25 տարեկան երիտասարդներն ունեն իրենց պատանեկության տարիների, իսկ 15 տարեկանները` ներկա ժամանակում տարվող պայքարի պատմությունը, որը, պարզ է, կոմեդիայի ժանրից չէ, բայց շատ հաճախ ներկայացվում է հենց այդ տեսանկյունից, որովհետեւ ժանդարմի եւ բռնակալի հետ պայքարում ինչ ասես կարող է պատահել։ Բայց դա, այնուամենայնիվ, գեղեցիկ պատմություն է, որովհետեւ չկա ավելի սիրուն բան, քան երկրի, քաղաքացիական իրավունքի եւ ազատության համար պայքարն է։

Հիմա պայքարի մյուս կողմում հայտնված 15 տարեկան մի աղջկա նամակ է շրջանառվում։ Թվում է` զուտ ներանձնային խնդիրների մասին։ Բայց նամակն ուշագրավ է նրանով, որ աղջկա խնդիրները հարուցել է հենց այդ կարեւոր ու գեղեցիկ պայքարը` դրան հետեւող կոչերով, պահանջներով ու գործողություններով։

Եվ հիմա մարդիկ հուզված են անչափ։ Ապրումակցումին հաջորդում են ցասումնալից կոչեր`«Բալիկը ծանր հոգեվիճակում է։ Սթափվե'ք։ Մարդ եղեք»։ 15 տարեկան պատանու ընդամենը 20 օրում կատարվածի հետեւանք հոգեվիճակին գնահատական տվողները ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել 20 երկարուձիգ տարիներ շարունակ ծանրագույն վիճակում գոյատեւած եւ վերջապես թավշյա հեղափոխությամբ իր ապրելու իրավունքը հաստատած ժողովրդի զգացումները։

20 տարի շարունակ այս ժողովրդի երազանքը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, իշխող Հանրապետական կուսակցության ստրկությունից ազատագրվելը։ Այսպիսի խիստ մարդկային ու բնական, բայց անիրականանալի երազանք։ Ու հիմա այդ ստրկությունից ազատված հանրությանը կոչ են անում սթափվել։ Ինչի՞ց։ Զգույշ լինեն 20 տարվա կուտակած ատելությունից ձերբազատվելի՞ս։ Զգուշանան ցնծալի՞ս։ Զգուշանան Հայաստանի Հանրապետության ազատ, անկախ, հպարտ քաղաքացու զգացողությունի՞ց։ 

 Հեղափոխությունը որքան էլ թավշյա լինի, մնում է հեղափոխություն։ Հայկական թավշյա հեղափոխությունն, իրոք, աննախադեպ էր այն առումով, որ չջարդվեցին ապակիներ, չհնչեցին կրակոցներ։ Դե, մի քիչ արյուն, իհարկե, իշխանությունը թափեց, ծեծ ու բռնության տեսարաններ, այնուամենայնիվ, եղան, բայց դա ոչինչ է այն ամենի համեմատությամբ, ինչ տեսել է հայ ժողովուրդը վերջին տասնամյակներում։ Այնպես որ, այնուամենայնիվ, հեղափոխությունը թավշյա է։ Եվ այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, հրաշալի է պայքարի երկու ճակատներում կանգնած պատանիների ու երիտասարդների համար էլ, որովհետեւ նրանց ու իրենց սերունդների համար ազատ, անկախ, ինքնիշխան հայրենիք է կերտվում, թացը չորից առանձնացնելու, բարդակը վերացնելու եւ ամեն ինչ իր տեղում դնելու հարցեր են լուծվում։ Ի վերջո, հանրապետական պատգամավորի աղջկա հետ արդեն իսկ կարեւոր բան է պատահել. այս թավշյա հեղափոխությունը նրան հնարավորություն տվեց ճանաչելու իրենց ընկեր հռչակած մարդկանց եւ իր միջավայրը մեկընդմիշտ նրանցից մաքրելու համար։ Եվ մենք շնորհավորում ենք Նարեին այս կապակցությամբ, քանի որ չլիներ այս հեղափոխությունը, բոլոր քաղաքական ճանապարհները շարունակեին անցնել Մելիք- Ադամյան փողոցով եւ նրա հայրիկ էդիկ Շարմազանովը շարունակեր պաշտոնավարել, ասենք, եւս 20 տարի, ապա նա միայն 35 տարեկանում կբացահայտեր այն կեղծիքը, որ շրջապատել է նրան տարիներ շարունակ։

Եվ վերջապես, այս թավշյա հեղափոխությունն արտակարգ հնարավորություն է ընձեռում կարդալու հազարավոր բալիկների, պատանիների ու երիտասարդների չգրված նամակներ։ 15 տարեկան աղջիկը պիտի տեղեկացված լիներ այն մասին, որ ՀՀ խորհրդարանում, նաեւ` Երեւանի փողոցներում գնդակահարվել են քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ, որոնք ունեին զավակներ։ ՀՀ բանտերում փակվել են իր պես պատանիների եւ իրենից էլ փոքր մանկահասակ բալիկների հայրեր միայն նրա համար, որ համարձակվել են ՈՉ ասել իր հայրիկի կուսակցության որդեգրած քաղաքական գծին։ Հազարավոր զավակներ տարիներով չեն տեսել իրենց հայրերին։ Հազարավոր զավակներ ստիպված են եղել հեռանալ երկրից` այստեղ թողնելով սիրելի մարդկանց ու ընկերներին։ Հազարավոր երեխաներ կիսաքաղց են քնել, ապրել խարխուլ տնակում` կրծողների ու միջատների հետ, չեն ունեցել լողանալու հնարավորություն, չեն ունեցել հեռուստացույց, երազել են փող աշխատելու մասին, որ մայրիկը քիչ աշխատի ու շուտ տուն գա։ Հազար ու մի վայրենի ու վախենալու բաներ են տեսել։ Սրանք բաներ են, որոնց մասին բոլորը գիտեն։ Անգամ 6 տարեկան երեխաները, որովհետեւ աղքատությունը խնամքով թաքցնելու պարագայում անգամ երկու ընդգծված սոցիալական խմբերի միջեւ եղած անանց անդունդը հնարամիտ ծնողին սալտո անելու ոչ մի հնարավորություն չի տալիս։

Եվ այնուամենայնիվ, մարդիկ այս հախուռն ու խառնակ օրերում հասցրեցին տխրել, որ Շարմազանովի դուստրը ցավ է ապրել, որովհետեւ հեղափոխության պատճառով նրա ընկերները հեռացել են եւ իր հայրիկի մասին վատ բաներ են ասում։ Եվ անգամ մամուլն է զբաղված նամակի տիրաժավորմամբ ու վերլուծությամբ։ Այնպես որ, աղջիկն ընդամենը 20 օր է անտեսված մնացել։ Հիմա նա անտեսված չէ, անտեսված չէ, անտեսված չէ։ Գոհացեք, շնորհակալ եղեք սիրո եւ հանդուրժողականության դրսեւորման այն չափաբաժնից, որը ցուցաբերվեց անհնարինության պայմաններում։ Համեմատեք անտեսվածության «մղձավանջային» 20 տարիները  20 օրվա հետ։ Եվ համեմատելիս զերծ մնացեք էլիտիզմից։ Ի վերջո, այս պայքարը հենց դրա դեմ է եւ հանուն այն երկրի, որտեղ բոլորի հայրերը եւ բոլորի զավակները պիտի հավասար լինեն օրենքի առաջ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30