Հայաստանի ներքաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ հասարակության ընդդիմադիր հատվածը հստակորեն բաժանված է երկու մասի. մի մասը գնում է քաղաքական որեւէ ուժի հետեւից եւ ձգտում իշխանափոխության` հույս ունենալով, որ նոր իշխանություններն «ավելի լավ կնայեն ժողովրդին», մյուս մասը որեւէ քաղաքական ուժի չի հավատում եւ որեւէ ուժի հետ հույս չի կապում, բայց գտնում է, որ պետք է պայքարել եւ ինչ-որ կերպ փոխել իրավիճակը։ Հիմա հասարակության այն հատվածը, որը հույս ուներ, թե իշխանափոխություն է լինելու, եւ նորերն «ավելի շատ են մտածելու ժողովրդի մասին», հուսահատվել է ու գնացել տուն։ Բայց հազարավոր մարդիկ պատրաստ են շարունակել պայքարը` առանց քաղաքական որեւէ ուժի հետեւից գնալու։ Ըստ երեւույթին հենց այս հատվածի ակտիվությամբ էլ կանխորոշվելու է Հայաստանի առաջիկա տարիների ներքաղաքական իրավիճակը։
Ինչի՞ մասին է խոսքը։ Սկսենք նրանից, որ եթե կա հասարակական հզոր շարժում` առանց քաղաքական կոնկրետ ուժի առաջնորդության, այդ շարժումը հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունի (կոնկրետ խնդիրների լուծման հարցում) հենց թեկուզ միայն այն պատճառով, որ իշխանությունները չեն կարող ստվերային բանակցություններ վարել այդ ուժի ղեկավարության հետ, նրանց դարձնել «հաճախորդ» ու ոչնչացնել շարժումը։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Տեսեք` տեղից վեր կացողը բողոքում է, թե Հայաստանում ընդդիմությունը պառակտված է, դրա համար էլ ոչ մի հաջողության չի հասնում։ Սրա մեջ, իհարկե, ճշմարտության հատիկ կա. եթե հասարակությունը գնում է քաղաքական տարբեր ուժերի հետեւից, իսկ այդ ուժերի առաջնորդներն իրար հետ լեզու չեն գտնում (ինչ պատճառներով` էական չէ), ապա հասարակությունն իսկապես պառակտվում է։ Իսկ եթե հասարակությունը քաղաքական ուժերի հետեւից գնալու փոխարեն ինքը պրոբլեմները բարձրացնի եւ պայքարի դրանց լուծման համար, պառակտման խնդիր չի առաջանա. թող քաղաքական լիդերներն ինչքան ուզում են` իրար կոկորդ կրծեն։
Պարզ ասած, մինչեւ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում գործել է ներքաղաքական պայքարի հետեւյալ մոդելը. ընդդիմադիր քաղաքական ուժերը դիմում են ժողովրդին ու ասում. «այս իշխանությունները հանցագործ են, թալանում են ձեզ, մեր հետեւից եկեք` միասին գնանք իշխանափոխություն անենք, ու հենց որ մենք հասնենք իշխանության` ձեր վիճակը կտրուկ կլավանա»։ Իշխանություններն էլ ասում են. «ժողովուրդ, դրանց մի հավատացեք, դրանք որ գան` ոչ մի բան էլ չեն փոխելու, իսկ մենք կամաց-կամաց փոխում ենք»։ Իրականում պիտի գործեր բոլորովին այլ մոդել։ Հասարակությունը պիտի բարձրացներ իրեն հուզող հարցերը, իշխանական եւ ընդդիմադիր ուժերն էլ պիտի միմյանց դեմ պայքարեին` հասարակությանը համոզելու համար, որ իրենք ավելի լավ կլուծեն այդ խնդիրները։ Այդ դեպքում արդեն հասարակությունն իսկապես լրջագույն գործոն կդառնար, եւ իշխանությունները ստիպվա՛ծ կլինեին հասարակության բարձրացրած հարցերը լուծել։
Հարց է ծագում` իսկ Հայաստանում կա՞ այդ հասարակությունը։ Իհարկե կա։ Թիվը մեծ չէ, բայց էլի մի քանի հազար հոգի կլինի։ Ահա այդ մի քանի հազարի դեմ է, որ իշխանությունները չեն կարողանա պայքարել հայտնի մեթոդներով` լիդերներին ահաբեկելով, կաշառելով, սպառնալով, շանտաժի ենթարկելով եւ այլն։ Իսկ թե ինչպես պիտի կազմակերպեն իրենց պայքարը այդ մի քանի հազարը` նույնպես պարզ է։ Ինտերնետի միջոցով։ Բոլորը հասուն, կրթված, գիտակից, աշխարհ տեսած մարդիկ են ու հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի։ Մնում է, որ հավաքվեն իրար գլխի ու ձեւակերպեն իրենց պահանջները։ Իսկ ընդդիմադիր ուժերը թող իրար հետ մրցեն` այդ շարժմանը միանալու համար։ Պայքարի նոր մոդելը սա է. ցանկացած այլ մոդել ձախողվելու է։