13.04.2018 06:23 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Ռեպորտաժ՝ փակ նիստից

Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության առաջին դռնփակ նիստը։ Ինչպես հայտնում են կառավարության դռներից ներս աղբյուրները, նիստը ընթացել է անկաշկանդ, ազատ, անկախ, անբռնազբոսիկ, թեթեւ, հանգիստ, ընկերական, բարեկամական, գործնական մթնոլորտում։

Նախարարները համարձակորեն հայտնել են իրենց տեսակետները երկրի բազմաթիվ խնդիրների մասին։ Ավելին, նրանք իրերն իրենց անուններով են կոչել, ոնց կա, այդպես էլ ասել են։ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, օրինակ, ասել է, որ երկրում  կա մեծ մասշտաբների կոռուպցիա, որ դատական համակարգն առայժմ անկախ չէ, որ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել հարկադիր ծառայությունում։

ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ դպրոցներում կրթական ծրագրերը չեն համապատասխանում համաշխարհային տենդենցներին, կան դրամահավաքի բազմաթիվ դեպքեր, որ պետք է Հայոց եկեղեցու պատմություն, շախմատ, պար առարկաները հանել դասավանդման համար պարտադիր առարկաների ցանկից, քանի որ դրանք կարելի է կամավորության սկզբունքով սովորել։

ՀՀ ԿԲ նախագահն ասել է, որ պահեստային ռեզերվները գնալով քչանում են, վերավարկավորման դրույքները չեն կարողանում փոխել, բանկերը ի վիճակի չեն ֆինանսավորել միջին եւ մանր բիզնեսի հեռանկարային բիզնես-ծրագրերը, վարկային տոկոսադրույքները վանում են պոտենցիալ ներդրողներին։

Միգրացիայի վարչության պետն ասել է, որ արտագաղթը շարունակվում է եւ կանգ առնելու մտադրություն չունի։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնել է, որ «Արի տուն», «Փող բեր», «Վերադարձ դեպի ակունքներ» ծրագրերի շրջանակներում սփյուռքից երկու հոգի մարտ ամսին ներդրում է արել. ամեն մեկը 1600-ական դոլար է տվել էներգիայի այլընտրանքային աղբյուրների հայթայթմամբ զբաղվող կազմակերպություններին։ 18 հոգի էլ տուն է եկել՝ անսալով նախարարի կոչերին։

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ նկատել է, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը առանց դեղատոմսի հազի դեղ է խմում, այդ մասին պահանջել է արձանագրություն կազմել։ Անմիջապես բուռն քննարկումներ են ընթացել, իրար քննադատել են, արդյունքում որոշել են դեղերի մասով առանձին հուշագիր ստորագրել։

Մի խոսքով, լավ, տեղը տեղին նիստ է կայացել, որի ժամանակ կառավարության շատ անդամներ զարմանքով են իմացել, որ երկրում վիճակը շատ ծանր է։ Եվ այս ամենը շնորհիվ հանճարեղ այն օրենքի, որով արգելվեց կառավարության նիստերի բաց լուսաբանումը, տեսագրումը, լրագրողների ներկայությունը։

Այդ ամենը չկա, եւ ահա ունենք այդ օրենքի առաջին պտուղները։ Փաստորեն, լրագրողներն իսկապես կառավարության անդամներին խանգարում էին արդյունավետ աշխատել, խելացի մտքեր հայտնել, անկեղծ լինել, չստել։ Այո, լրագրողներն էին խանգարում վերջին 10 տարում գոնե մի ոլորտում հաջողության հասնել։ Հիմա կտեսնենք, թե Հայաստանը վագրի ինչ թռիչքներ է անելու։

 ՀԵՐԹԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆՆ Է

Այնպես որ, ժամանակն է, որ հաջողված այս փորձը կիրառվի նաեւ խորհրդարանում։ Մանավանդ որ շատ հարմար շարժառիթ հայտնվեց. «Ելք» խմբակցության, իսկ ըստ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու ներկայացուցիչ՝ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը, խորհրդարանի դահլիճ էին բերել գունավոր «ֆայերներ» եւ ծխահարել դահլիճը՝ այդպիսով դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը։

Դատելով Գորգիսյանի դեմքից ու արձագանքից, այդ ծուխն իր մեջ ցիանիդի կալիում կամ քլորիդ է պարունակել, իսկ ահա դատելով Էդուարդ Շարմազանովի դեմքից` անշառ ու անվնաս ծուխ էր։  Բայց՝ ծուխ էր։ Դա, իհարկե, դեռ Նուբարաշենի կոյուղիների նմուշներ չէին, բայց ի՞նչ իմանաս, հաջորդ անգամ ինչ կմտցնեն խորհրդարան։ Եվ այդ ամենը ուղիղ եթերում գնում էր։ Հերիք չէ, որ ամբողջ աշխարհը տեսավ խորհրդարանի գրեթե ամբողջությամբ դատարկ դահլիճը, դեռ մի հատ էլ պատգամավորները կասկածելի ակցիաներ են իրականացնում։ Այնպես որ, պետք է նաեւ այստեղ ամեն ինչ մնա դռների հետեւում։

Դե, իսկ եթե կառավարությունում եւ խորհրդարանում դա էֆեկտիվ լինի, ապա ինչո՞ւ այդ փորձը չտարածել պետական բոլոր հնարավոր կառույցներում՝ նախարարություններում, տարատեսակ հիմնադրամներում, նույնիսկ՝ բյուջեից սնվող հաստատություններում՝ բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ամենուրեք լրագրողների մուտքը պետք է արգելվի։ Միգուցե  միայն այդ դեպքում բոլորը սկսեն աշխատել, մտածել, ստեղծագործել ի շահ պետության։ Թե չէ 10 տարի է, դոփում ենք տեղում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30