ՕՐԵՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԵԾՄԱՆ ՄԱՍԻՆ
(նախագիծ)
Հոդվ. 1. Հասարակական վայրեր են համարվում այն ռեստորանահյուրանոցային համալիրները, որոնք նախատեսված են ազգաբնակչության ուտման, խմման եւ ֆիզիոլոգիական այլ գործառույթների իրականացման համար։
Հոդվ. 2. Հասարակական վայրերում ազգաբնակչության ծեծումն իրականացվում է տվյալ հաստատության սպասարկող անձնակազմի կողմից` ինքնաբուխ եւ (կամ) սեփականատիրոջ բանավոր հրահանգով։
Հոդվ. 3. Ազգաբնակչության ծեծումն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.
ա. Մարտավարության ճշտում,
բ. Ծեծման ենթակա անձանց դուրս կանչում,
գ. Զխկում,
դ. Զեկույց սեփականատիրոջը` օպերացիայի բարեհաջող ավարտի մասին։
Հոդվ. 4. Երեք եւ ավելի ծեծյալների առկայության դեպքում հարուցվում է քրեական գործ։ Նախաքննությունն իրականացնում է տվյալ հասարակական վայրի սեփականատիրոջ սանիկը, սույն դրույթի անհնարինության դեպքում` վերջինիս կողմից երաշխավորված անձը։
Հոդվ. 5. Ծեծույթ իրականացրած անձինք իրավապահ մարմիններին են ներկայանում ինքնակամ` ըստ պարանոցների հաստության (նվազման կարգով)։
Հոդվ. 6. Ոչ ուշ, քան ծեծմանը հաջորդած 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում մտավորականությունը խստորեն դատապարտում է վայրագություններն Ադրբեջանում եւ պահանջում անհապաղ դադարեցնել հայկական հուշարձանների ոչնչացումը Վրաստանի տարածքում։
Հոդվ. 7. Ոչ ուշ, քան ծեծմանը հաջորդած 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում «Ո՛չ ազգաբնակչության ծեծին» նախաձեռնությունն իրականացնում է առնվազն 5 (հինգ) ակցիա եւ 7 (յոթ) ֆլեշ-մոբ։
Հոդվ. 8. Ոչ ուշ, քան ծեծմանը հաջորդած 5 (հինգ) րոպեների ընթացքում Ռազմիկ Զոհրաբյանը խստորեն դատապարտում է ծեծյալներին եւ կոչ անում չզբաղվել քաղաքական շահարկումներով։
Հոդվ. 9. Սույն օրենքով նախատեսված Ռազմիկ Զոհրաբյանի վարձատրումը, կերակրումն ու խնամքն իրականացվում է տվյալ հասարակական վայրի հաշվին` բնամթերքով։
Հոդվ. 10. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է վավերացման մոտակա հասարակական վայրում։
Հուսով ենք` գլխադասային հանձնաժողովը սույն նախագծին հավանություն կտա առանց լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու։