19.05.2017 08:43 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վերեւներին տարել ա

Սերժ Սարգսյանի կալկուլյատորը փչացել է

Սերժ Սարգսյանի կալկուլյատորը փչացել է

Երեկ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստում ու կարգին զվարճացրել է ներկաներին, որովհետեւ խոսել է նաեւ տնտեսական զարգացման հեռանկարների ու 2040թ. «թիրախային ցուցանիշների» մասին։ Ելույթի վերաբերյալ կուլիսներում հնչող կարծիքներն, իհարկե, տարբեր էին։

Ոմանք համարում էին, որ եթե նա  2040 թ. տնտեսական ցուցանիշների մասին է խոսում, նշանակում է` մտադիր է մինչեւ 2040-ը ղեկավարել երկիրը, ուրիշները` հակառակը, գտնում էին, որ նա 2040 թվականի մասին է խոսում, որովհետեւ այդ ժամանակ հաստատ իշխանության չի լինելու, եւ հետեւաբար`իր ասածների համար էլ պատասխանատվություն չի կրելու, երրորդներն էլ պարզապես ուզում էին հասկանալ, թե ով է այդ ելույթի տեքստի հեղինակը, որ հետը նկարվեն։ 

Հիմա` բուն ելույթի մասին։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի խնդիրն է մինչեւ 2040 թվականը միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել եւ հասնել ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշն էլ 2015 թվականի 3500 դոլարից 2040-ին հասցնել 15 հազարի` «հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»։

Հեռավոր ապագայում աներեւակայելի բարձունքների հասնելու խոստումները նորություն չեն։ Խրուշչովն, օրինակ, խոստանում էր «հասնել եւ անցնել Ամերիկային» ու 20 տարում կոմունիզմ կառուցել։ Բայց կոմունիզմ կառուցելը խիստ վերացական հասկացություն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը կոնկրետ թվեր է նշում։ Ընդ որում, այնպիսի թվեր, որ միանգամից ակնհայտ է դառնում` նա (կամ տեքստ գրողը) տեղյակ չէ «տարրական մաթեմատիկա» կոչվող առարկայի մասին (հանրակրթական դպրոցներում, ի դեպ, այդ առարկան պարտադիր է)։

Սկսենք նրանից, որ եթե հիմա Հայաստանի ՀՆԱ-ն 10,5 միլիարդ դոլար է, ապա տարեկան 5 տոկոսանոց աճի դեպքում 2040 թվականին ՀՆԱ-ն կկազմի ոչ թե «ավելի քան 57-60 միլիարդ», այլ ընդամենը 34 միլիարդ դոլար։ Սա, հիշեցնենք, այն դեպքում, եթե տարեկան 5 տոկոս աճ ունենանք, մինչդեռ այս տարվա համար, օրինակ, նախատեսված է լավագույն դեպքում 3,2 տոկոսանոց աճ։

Ինչեւէ։ Ենթադրենք` ելույթ գրողի կալկուլյատորը փչացած էր, բայց իշխանություններն այնուամենայնիվ ջանք ու եռանդ չեն խնայելու, եւ 2040-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմելու է 60 միլիարդ դոլար։ Եվ մեկ շնչին, ըստ Սերժ Սարգսյանի, բաժին է ընկնելու 15 հազար։ Այսինքն` 2040-ին Հայաստանի բնակչությունը պիտի կազմի ուղիղ 4 միլիոն մարդ։ Հիմա (2017-ին) 3 միլիոնից մի քիչ պակաս է։ Համենայն դեպս` պաշտոնապես (իրականում շատ ավելի քիչ է)։ Բայց եկեք որպես հիմք ընդունենք պաշտոնական տվյալները։ Ստացվում է, որ 4 միլիոնին հասնելու համար Հայաստանի բնակչությունը տարեկան միջին հաշվով պիտի ավելանա 43,5 հազար մարդով։ Այս թիվը ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի բնակչությունը տարեկան միջին հաշվով հենց այդքանով էլ նվազել է։ Այսինքն` ելույթ գրողները ճիշտ են հաշվել, պարզապես կալկուլյատորի «+» եւ «-» կոճակներն են շփոթել։

Իսկ հնարավոր չէ՞, որ ամեն ինչ ճիշտ լինեն հաշված։ Հնարավոր չէ՞, որ տնտեսությունը տարեկան 5 տոկոսով աճի, եւ 2040-ին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասնի 15 հազար դոլարի։ Հնարավոր է։ Բայց եթե 2040-ին ՀՆԱ-ն լինի 34 միլիարդ, իսկ մեկ շնչի հաշվով` 15 հազար, նշանակում է` 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կազմելու է ընդամենը 2,25 միլիոն, այսինքն` այդ ժամանակահատվածում երկրից արտագաղթելու է եւս 700 հազար մարդ։ Այս դեպքում «ամեն ինչ տեղն է ընկնում», եւ հաշվարկները ճիշտ են ստացվում։

Իսկ ամենահավանականն այն է, որ ոչ մի հաշվարկ էլ չի եղել։ Պարզապես Սերժ Սարգսյանին ելույթի համար տպավորիչ թվեր են պետք եղել, ելույթ գրողներն էլ առանց երկար-բարակ մտածելու «բլթացրել են»։ Ո՞վ պիտի նստի-հաշվի։ Կամ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանի ո՞ր խոստումն է կատարվել, որ նոր խոստումներին լուրջ ուշադրություն դարձնեն։ Ելույթ էր` կարդաց, հո կրակը չի՞ ընկել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30