Պարզապես կողքից աղմկում են եւ ավելի անտանելի դարձնում համընդհանուր ժխորը։ Բայց կա նաեւ ավելի լուրջ «երկրորդային աղմուկ»։ Թե ինչի մասին է խոսքը` ներկայացնենք ավելի հանգամանորեն։
Զուտ «սպորտային հետաքրքրության» համար, իհարկե, կարեւոր է` ՕԵԿ-ը կհայտնվի՞ նոր խորհրդարանում, թե ոչ։ Բայց եթե խնդրին ավելի լուրջ ենք մոտենում, ապա դա բացարձակապես էական չէ։ Ենթադրենք` ՕԵԿ-ին մի կերպ խցկեցին խորհրդարան, դրանից ի՞նչ պիտի փոխվի։ Կամ ենթադրենք` չկարողացան խցկել, հետո՞ ինչ։ Նույնը կարելի է ասել նաեւ «Ժառանգության» մասին։ Ենթադրենք` մարդկանց դուր եկավ սարեր շարժելու հեռանկարը, եւ «Ժառանգությունը» հայտնվեց խորհրդարանում, կամ Ձախ Հարութի համերգը ձայնային խոտանով էր, ու խորհրդարանը մնաց «անժառանգ», ի՞նչ տարբերություն։ Կամ ի՞նչ տարբերություն` ՀՅԴ-ն 5 տոկո՞ս կստանա, թե՞ 10։
Խնդիրը շատ պարզ է։ Առանց բացառության բոլոր ուժերը հայտարարում են, որ այսպես երկար շարունակվել չի կարող, փոփոխություններ են պետք։ Իսկ փոփոխություններ հնարավոր են միայն երկու դեպքում։ 1. Եթե «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ-ից շատ ձայն է ստանում, եւ արդյունքում Սերժ Սարգսյանը զրկվում է քաղաքական մենաշնորհից, 2. Եթե Հայ ազգային կոնգրեսը հաղթում է ընտրություններում կամ այնքան լուրջ ներկայություն է ունենում խորհրդարանում, որ ուժերի ներկա հարաբերակցությունը փոխվում է, եւ ընդամենը 9 ամիս անց Սերժ Սարգսյանը չի կարողանում վերընտրվել նախագահի պաշտոնում։ Տեսականորեն, իհարկե, այլ տարբերակներ էլ կան. օրինակ` եթե «Միավորված հայերը» բացարձակ մեծամասնություն ստանան, էլի իրավիճակը կփոխվի։ Բայց մենք խոսում ենք ոչ թե տեսական, այլ ռեալ տարբերակների մասին։
Սա, իհարկե, չի նշանակում, թե «Ժառանգության» ու ՀՅԴ-ի համակիրները պիտի գնան ու իրենց ձայնը տան կամ ԲՀԿ-ին, կամ Կոնգրեսին։ Թող ում ուզում են` ընտրեն, բայց եթե ուզում են, որ երկրում արմատական փոփոխություններ տեղի ունենան, պիտի հասկանան, որ կարելի է ընտրել ում ասես` բացի ՀՀԿ-ից ու այդ կուսակցության մեծամասնական թեկնածուներից։ Վերջին հաշվով` ինչքան շատ ուժեր մտնեն խորհրդարան, այնքան ՀՀԿ-ի դիրքերն են թուլանալու։ Վտանգը միայն այն է, որ հանկարծ ՕԵԿ-ի պես չանեն, այսինքն` այնպես չստացվի, որ որպես ընդդիմություն մտնեն խորհրդարան ու վազելով գնան ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու։ Պարզ ասած` պայքարը քաղաքական ուժերի միջեւ չէ, պայքարը քաղաքական բեւեռների միջեւ է, եւ նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը միանձնյա իշխանություն չունենա։ Իսկ եթե նպատակը դա է, ապա մեծ տարբերություն չկա, թե ընդդիմադիր որ ուժը քանի տոկոս կստանա, կարեւորն այն է, որ բոլորի ստացած ձայների գումարը գոնե մի 60-70 տոկոս կազմի։ Վերջին հաշվով` ինչո՞ւ է այսօր ընդդիմադիր դաշտն ամենաշատը «կենտրոնացել» Րաֆֆի Հովհաննիսյանի վրա։ Պատճառն այն չէ, որ չեն ուզում այդ թիմը տեսնել խորհրդարանում, պատճառն այն է, որ վստահություն չունեն, թե խորհրդարանում հայտնվելով` նա կշարունակի ընդդիմություն լինել։ Ընդ որում` այդ կասկածները միանգամայն հիմնավորված են։
Տեսեք, Րաֆֆի Հովհաննիսյանը որպես իր սկզբունքայնության ապացույց ներկայացնում է այն փաստը, որ հինգ տարի շարունակ խորհրդարանում կոշտ ընդդիմություն է եղել։ Ճիշտ է ասում, հենց այդպես էլ եղել է։ Բայց այդ խորհրդարանում, կոպիտ ասած, ինտրիգ չկար, եւ համապատասխանաբար` կարիք չկար նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքայնությունը փորձության ենթարկել։ Նոր խորհրդարանում վիճակը կարող է բոլորովին այլ լինել, եւ կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որ երկրի ապագան կախված լինի մեկ-երկու պատգամավորի դիրքորոշումից։ Հիմա եկեք պատկերացնենք, որ նոր խորհրդարանում երկու բեւեռներ են ստեղծվել` ընդդիմություն եւ ՀՀԿ, «Ժառանգությունն» էլ հայտնվել է խորհրդարանում եւ որ բեւեռի կողմն անցնի` նա էլ դառնալու է մեծամասնություն։ Որեւէ մեկը կարո՞ղ է վստահաբար պնդել, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի կողմը չի անցնի։ Վերջին մեկ-երկու ամիսների նրա քայլերը, համենայն դեպս, նման վստահության հիմքեր չեն տալիս։ Հակառակը` մեծ է հավանականությունը, որ նա որեւէ առիթ կգտնի Սերժ Սարգսյանի կողմն անցնելու համար։
Այնպես որ` ընտրություն կատարելիս պիտի նաեւ հնարավոր զարգացումները հաշվի առնել։