20.07.2013 17:20 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շաբաթվա հիթերը

Օլգան, Վարդանիկը, Քաջ Նազարը

Հետեւելով անցնող շաբաթվա իրադարձություններին, ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավներն ու նրանց հերոսներին։

Շաբաթվա ՀԱՅԼՈՒՐԱԿԱՆԸ՝ Օլգա Սկաբեեւա։ Համաձայն ենք, այստեղ «Հայլուրը» լիովին իրավունք ունի նեղանալ մեզանից, որովհետեւ «Россия-1» հեռուստատեսության լրագրող Օլգա Սկաբեեւայի համեմատ մեր պետական գլխավոր քարոզչամեքենան լրագրության եւ անկողմնակալության բարձրակետ կարելի է համարել։ Հրաչյա Հարությունյանի մասին ռուս լրագրողի ռեպորտաժից հետո հայոց ոսկեղենիկ լեզուն հարստացավ անեծքների եւ հիշոցների այնպիսի նմուշներով, որոնցից խուսափելու համար Հայաստանի հակառակորդները այսուհետ պետք է շատ ավելի զգույշ եւ հարգալից արտահայտվեն Հայաստանի եւ հայ քաղաքացիների մասին։

Բոլոր դեպքերում, նախկինում ռուսական ընդդիմության դեմ օգտագործվող այս քաջ աղջիկը պարգեւատրման է արժանի. նրա շնորհիվ վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացան։

Շաբաթվա ՎԱՐԴԱՆԻԿԸ՝ ոչ, ոչ, Վարդան Այվազյանը չէ, այլ նրա անվանակից Ղուկասյանը։ Վերջինս իր դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ  ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին։ Այնպես, որ տուժածը հայտնվել է հիվանդանոցում։ Սա Վարդանիկի մասին հերթական անեկդոտը չէ, սա Վարդան Ղուկասյանի մասին հերթական իրականությունն է։ Շքախմբով մտել է դատարան, լրագրողներին արգելել է աշխատել, հետո մարդուն ծեծի ենթարկել։ Նորմալ իրականություն է։

Իրականություն է նաեւ այն, որ կարծես թե առ այսօր այս դեպքից հետո էլ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ  ազատության մեջ։ Թեպետ, սխալ է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել։ Շատ ավելի ճիշտ կլինի հոգեբուժարանում հերթական բյուլետենը բացել։ Թե չէ կարող է տեղի ունենալ մարդու ռեինկարնացիա՝ այստեղից բխող ծանր հետեւանքներով։ Գյումրեցիների համար, իհարկե։

Շաբաթվա ՊԱԼԻՏԲՅՈՒՐՈՆ՝ Երեւանի քաղաքապետարան։ Այս կառույցը որոշեց Երեւանի տրանսպորտից օգտվելը դարձնել 150 դրամ։

Ուրեմն, ԽՍՀՄ տարիներին ամենազոր Պալիտբյուրոն բոլորին երջանիկ ապագա էր խոստանում, կոմունիզմ, սոցիալիզմ, տուն, մեքենա։ Մի խոսքով` ամեն ինչ։ Ու պատկերացրեք, որ իր խոստումը կատարեց, բայց միայն՝ իր համար։ Մինչ ԽՍՀՄ հասարակ քաղաքացիները աշխատավարձից աշխատավարձ էին ապրում, խանութներում հերթ էին կանգնում՝ ինչ-որ դեֆիցիտ ապրանք կամ նորմալ սնունդ «կպցնելու» համար, Պալիտբյուրոյի անդամները՝ ընտանիքներով հանդերձ, օգտվում էին միայն իրենց սպասարկող հատուկ խանութներից, որտեղ կար հասարակ քաղաքացիների համար անհասանելի ամեն ինչ. ցանկացած դեֆիցիտ ապրանք, արտասահմանյան տեխնիկա, փափուկ միս, երշիկեղենի բազմաթիվ տեսակներ։ Եվ այդ բոլորը՝ արտոնյալ գներով, այլ ոչ թե շուկայական։

Հիմա մեր այս տեղական Պալիտբյուրոն մի որոշում է կայացրել, որի պտուղներից օգտվելու է միայն հասարակ հայ քաղաքացին։ Պալիտբյուրոյի անդամները ոնց օգտվել են շքեղ մեքենաներից՝ սեփական կամ ծառայողական, այնպես էլ շարունակելու են օգտվել։ Իսկ եթե հանկարծ գոնե մի անգամ Երեւանի շոգին «Գազել» նստեին, ապա կհասկանային, որ այդ ոչ թե մենք պետք է 150 դրամ վճարենք, այլ մեզ պետք է այդքան վճարեն՝ էքստրեմալ տրանսպորտից օգտվելու համար։

Շաբաթվա ՔԱՋ ՆԱԶԱՐԸ՝ Արման Եդոյան։ Ու նորից մեր հիթ-շքերթում Երեւանի քաղաքապետարանն է, ավելի ճիշտ՝ նրա առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը։ Քանի ինքը սաղ է, մենք կարող ենք հանգիստ լինել. Երեւանում հավքն իր թեւով, օձն իր պորտով չի կարող փուչիկ վաճառել։ Թող մի փորձեն։ Ով ուզում է լինի, ինչ տանիք էլ ունենա, անմիջապես կհայտնվի Արման Եդոյանը եւ իր ծանր բռունցքով, կամ էլ ծանր բանալիով մի այնպիսի ծեծ կտա փուչիկ վաճառողին, որ մնացածներին դաս կլինի։ Քելբաջարից Երեւան եկած եւ օրվա հաց վաստակող Արսենը դա կհաստատի։ Վերջինս Արման Եդոյանի «բարոյախրատական» աշխատանքի արդյունքում հայտնվել էր Էրեբունի հիվանդանոցում։ Ահա այսպիսի «քաջ» պաշտոնյաներն են պահպանում մեր մայրաքաղաքի գեղագիտական տեսքը։

Շաբաթվա ՕՖՇՈՐԸ՝ «Երեւան» հիմնադրամ։ Երեւանի անվան շաբաթ ստացվեց։ Այս հիմնադրամի հետ կապված այնպիսի բաներ են կատարվում, որ օֆշորային սկանդալը սրա համեմատ զուտ մանր միջադեպ կարելի է համարել։ Անհայտ գործունեությամբ, նպատակներով եւ ֆինանսական գործարքներով մութ այս հիմնադրամը 2012-ին Երեւան քաղաքի բյուջեից ստացել է 2 մլրդ 473 մլն 757 հազար 365 դրամ՝ չգիտենք ինչ անելու համար։ Այդ՝ «չգիտենք ինչ անելու համար»-ի շրջանակներում էլ այս հիմնադրամը իր հերթին 500 մլն դրամ է փոխանցել «Փյունիկ» հիմնադրամին։ Այստեղ արդեն մութ հարցեր չկան, քանի որ այս «Փյունիկը» պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին։ Իսկ թե ինչպես կարող են Սարգսյան եղբայրները մեծ գումարներ ծախսել` բոլորին հայտնի է։ Բոլոր դեպքերում, Լեւոն Սարգսյանը շատ ավելի առաջադեմ մարդ է, քան Սաշիկ Սարգսյանը։ Եթե վերջինս՝ չար լեզուների համաձայն, փող է աշխատում 50-50 պայմանով, ապա տվյալ դեպքում գործում է միլիարդ-միլիարդ «մարտավարությունը»։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31