«Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո Հանրապետական կուսակցությունը չառաջադրեց Ձեր թեկնածությունը, չնայած այդ տարբերակն ավելի սպասելի էր։
Քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց Կարեն Կարապետյանը, որը նույնիսկ ավագանու անդամ չէր։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը եւ արդյո՞ք հիմա ՀՀԿ-ն ավելի է հավատում Ձեր ուժերին, քան առաջ»։ Ի պատասխան մեր հարցի` Տարոն Մարգարյանն ասաց. «Այն հարցին, որ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո իմ թեկնածությունը չառաջադրվեց, պետք է ասեմ, որ Հանրապետական կուսակցությունը որոշում էր կայացրել պաշտպանել Կարեն Կարապետյանի թեկնածությունը, եւ մենք պաշտպանեցինք նրա թեկնածությունը։ Իմ առաջադրումը քաղաքապետի պաշտոնում պայմանավորված է ՀՀԿ խորհրդում իմ թեկնածության առաջադրմամբ»։
«ՉԻ»-ն հետաքրքրվեց Տարոն Մարգարյանից, թե շարունակելո՞ւ է իր նախորդի կողմից սկսված կրպակների ապամոնտաժման ծրագիրը։ Վերջինս պատասխանեց. «Կրպակները ապամոնտաժելու հետ կապված մենք բազմիցս կրկնել ենք, որ ապամոնտաժվելու են լքյալ եւ ապօրինի գործող կրպակները։ Մենք ունենք այդպիսի կրպակների հստակ քանակություն, որը արդեն ավարտական փուլում է։ Իսկ ինչ վերաբերում է գործող կրպակներին, մենք դրանց չենք անդրադառնալու, այլ միայն անդրադառնալու ենք Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք նաեւ ունեն փաստաթղթային տեսք, եւ փորձելու ենք Աբովյան փողոցի մայթերը հանձնել մեր բնակիչներին»։ Մենք շարունակեցինք մեր հարցապնդումը` փորձելով տեղեկանալ, թե ո՞վ է զբաղեցնելու քաղաքապետի առաջին տեղակալի թափուր պաշտոնը։ Հարցին ի պատասխան` Տարոն Մարգարյանը նշեց. «Ըստ Երեւանի մասին օրենքի, տեղակալին ընտրելու է Երեւանի ավագանին։ Մենք այդ հարցը չենք քննարկել, քննարկելուց հետո ձեզ կհայտնենք»։