18.04.2017 04:26 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Զատիկային Week End

Զատիկային Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ՄԵՔՍԻԿԱ։ Իքսթափա հայտնի կուրորտում միանգամից 8 բար է այրվել։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով` սկզբում կրակը բռնկվել է Malkerida տուրիստական հայտնի բարում, այնուհետեւ հասել է կողքին գտնվող բնակելի շենքին ու բարերին։ Տուժածների եւ զոհերի մասին տեղեկատվություն չի հայտնվում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տարածքում, որտեղ օրեր առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, որոնցից 2-ը տեղական հանցագործ խմբակցությունների անդամներ են։

Ակապուլկոյի տուրիստական ամենամարդաշատ Միգել Ալեմանի ռիվիերայում փոխհրաձգության հետեւանքով 2 տուրիստ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ զբոսաշրջիկների խմբի զբոսանքի ժամանակ անհայտ տղամարդիկ տուրիստների ուղղությամբ ավտոմատներից կրակ են բացել։ Ոստիկանությունը լայնածավալ օպերացիա է սկսել։

ԻՏԱԼԻԱ։ 117 տարեկան եւ 137 օրական հասակում վախճանվել է Երկիր մոլորակի ամենատարեց մարդը՝ իտալուհի Էմմա Մորանոն։ Կինը ծնվել է 1899 թվականին եւ վերջին ողջ մնացածներից էր, որը 19-րդ դարի ծնունդ էր։ Մորանոն Երկիր մոլորակի ամենատարեց մարդն էր համարվում 2016-ի մայիսից, երբ Նյու Յորքում մահացել էր Սուզաննա Մուշաթ Ջոնսը։

ԻՐԱՔ։ «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության զորայինները արեւմտյան Մոսուլում թունավոր գազի կիրառմամբ հարձակում են իրականացրել։ Հակատեռորիստական ուժերի սպայի խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել ալ-Աբար շրջանում, որի ուղղությամբ ԻՊ-ի տեռորիստները քլորով հրթիռ են արձակել։ Հարվածից հետո 7 զինվորականի մոտ շնչառական խնդիրներ են ախտորոշվել։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Հիլմենդ շրջանում խաղաղ բնակիչներով լի ֆուրգոնը ճանապարհին պայթել է ականից, որի արդյունքում 11 մարդ է զոհվել։ Հայտնի է, որ զոհվածները Նավայից դեպի Լաշկարգահ քաղաք էին ուղեւորվում։ Ոստիկանությունը պայթյունի ողջ պատասխանատվությունը վերագրել է «Թալիբան» անջատողական խմբակցությանը։

ԱՄՆ-ի գերհզոր ռումբը երկրի արեւելյան մասում «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության տեղական մասնաճյուղի, ամենաքիչը, 4 առաջնորդի եւ 90 տեռորիստի է ոչնչացրել։ Ռմբակոծության արդյունքում փլուզվել է տեռորիստների թունելների համակարգը։ Հայտնվում է, որ խաղաղ բնակիչները չեն տուժել։

Նանգարհար նահանգում ՆԱՏՕ-ի գլխավորած կոալիցիայի անօդաչու սարքի օդային հարվածի արդյունքում «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության 2 մահապարտ է ոչնչացվել։ Ըստ իշխանության տվյալների, տեռորիստները պատրաստվում էին հարձակում իրականացնել տեղական ոստիկանական բաժանմունքի վրա՝ այն ականապատ ավտոմեքենայի օգնությամբ պայթեցնելով։

ԻՐԱՆ։ Երկրի արեւմտյան մասում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի, 6 մարդ անհայտ կորած է համարվում։ Ջրհեղեղն առաջացել է առատ անձրեւներից, որոնք ամբողջ օրը տեղացել են երկրի Արեւմտյան եւ Արեւելյան Ադրբեջան, Քուրդստան եւ Զենջան շրջաններում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՉԻԼԻ։ Սան-Պեդրո-դե-Աթակամա բնակվայրից 88 կմ հեռավորության վրա 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 112 կմ խորության տակ։ Տուժածների եւ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ՇՐԻ-ԼԱՆԿԱ։ Կոլոմբոյում աղբանոցի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի, ավելի քան 20 տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել։ Հսկայական աղբանոցը հրդեհվել եւ փլուզվել է տասնյակ հետնախորշերի վրա։ Միջադեպի հետեւանքով 145 տուն է փլուզվել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՍԻՐԻԱ։ Հալեպում տեղի ունեցած տեռակտի հետեւանքով զոհերի թիվը հասել է 112-ի։ Տեռորիստ-մահապարտը ինքնապայթեցվել է Ռաշիդին շրջանի բենզալցակայանի մոտ, որտեղ այդ պահին շիիթական Ֆուա եւ Քեֆրայա բնակվայրերից էվակուացված խաղաղ բնակիչներով ավտոբուսներ են գտնվել։ Մեքենաների թափորն ուղեւորվում էր դեպի Ջիբրին քաղաք, որտեղ գտնվում է փախստականների ժամանակավոր կենտրոնը։

ՎԻԵՏՆԱՄ։ Հանոյ քաղաքի մոտակայքում գտնվող Միդիկ գյուղի բնակիչները տեղական իշխանությունների հետ ունեցած տարածքային վեճի պատճառով 12 ոստիկանի են գերի վերցրել։ Տեղաբնակները հայտարարել են, որ իրենց հողը հեռահաղորդակցական ընկերությունը ապօրինի վերցրել է վաճառքի նպատակով։ Բնակիչների եւ ոստիկանության բախման ժամանակ 4 մարդ ձերբակալվել է։ Հայտնի է, որ գյուղացիները հայտարարել են, թե գերիներին ազատ կարձակեն միայն այն դեպքում, եթե գործին խառնվի կենտրոնական կառավարությունը։

ՍՈՄԱԼԻ։ Մոգադիշոյի օդանավակայանից ոչ հեռու ականապատ ավտոմեքենա է պայթել։ Կան զոհեր։ «Աշ-Շաբաբ» տեռորիստական խմբակցության զորայինները պայթուցիկը գործի են դրել այն պահին, երբ անվտանգության ուժերի աշխատակիցները արգելակելու հրաման են տվել։ Հայտնի է, որ պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել, արձակվել են մի քանի ականներ, որոնք ընկել են Աֆրիկյան խորհրդի խաղաղապահների բազայի եւ օդանավակայանին կից բնակելի շրջանի վրա։

ՀԱՅԱՍՏԱՆ։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։ Է՜հ։

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30