27.12.2016 08:33 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մեծ խաբեությունը

Գովազդային հոլովակի կառավարությունը

Գովազդային հոլովակի կառավարությունը

Արդեն իսկ ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ կառավարություն փոխելով եւ իբր խաղի նոր կանոններ սահմանելով Սերժ Սարգսյանը փորձում էր միայն մի խնդիր լուծել` հասարակությանը ներկայանալ «մարդկային դեմքով»։ Նա պարզապես այլ ելք չուներ. անցնող տարվա երկու կարեւորագույն իրադարձությունները` ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը, բացահայտեցին ե՛ւ երկրի իրական վիճակը, ե՛ւ այն ահավոր ատելությունը, որը հասարակության ճնշող մեծամասնությունը տածում է իշխանությունների նկատմամբ։

Ապրիլյան պատերազմն, օրինակ, բացահայտեց բոլոր այն խորքային պրոբլեմները, որոնք առկա են զինված ուժերում, բացահայտեց տարիներ շարունակ իրականացված թալանը եւ այլն, բայց իշխանությունների համար դա հազիվ թե նորություն լիներ։ Նրանց համար շատ ավելի լուրջ «սիգնալ» էր հասարակության արձագանքը, երբ տարբեր տրամաչափի պաշտոնյաներն ու կիսակրիմինալ օլիգարխները մի-մի կամուֆլյաժ հագած տրտինգ տալով հասան Ղարաբաղ ու սկսեցին սելֆիներ անել իբր առաջնագծից։ Մեծ հարց է` մեր հասարակությունն այդ օրերին ավելի շատ ադրբեջանցիների՞ն էր հայհոյում, թե՞ առաջնագծի մոտակայքում «կայֆավատ ըլնող» այդ պաշտոնյաներին ու օլիգարխներին։ Իշխանություններն, անկասկած, ավելի շատ հենց այդ վերաբերմունքից էին սարսափել։ Հետո էլ տեղի ունեցան հուլիսյան դեպքերը, եւ իշխանությունները վերջնականապես համոզվեցին, որ իրենց նկատմամբ հասարակության ատելությունն իսկապես համատարած է ու շատ խոր արմատներ ունի։ Ու Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց` պետք է սկսել մեծ բլեֆը ու ձեւացնել, թե ՀՀԿ-ն սկսում է զրոյից ու ներկայանում է մարդկային դեմքով։

«Մեծ գործերը» հենց այդպես էլ արվում են` հիմքում, որպես կանոն, մեծ խաբեությունն է։ Խորհրդային Միությունում, օրինակ, բոլոր «հարվածային կառույցները» (Դնեպրոգէս, Բելոմորկանալ, Բայկալ-Ամուրյան մայրուղի եւ այլն) կառուցվում էին նույն սկզբունքով։ Հսկայական գովազդային արշավ էր իրականացվում, ֆիլմեր էին նկարահանվում, կոմպոզիտորները երգեր էին գրում, ու բոլորը` այն մասին, թե ինչպես են կոմերիտական էնտուզիաստները կամավոր մեկնում այնտեղ ու աշխատանքային սխրանքներ գործում։ Եվ իսկապես էլ` շատերը կուլ էին տալիս այդ խայծը ու մտնում կամավորական բրիգադներ։ Բայց աշխատանքի 90-95 տոկոսը, միեւնույն է, կալանավորներն էին անում։ Իսկ 5-10 տոկոս էնտուզիաստ-կոմերիտականներն ընդամենը արտաքին փայլի համար էին։ Նույն սկզբունքով էլ ՀՀԿ-ն էր տարիներ շարունակ կազմակերպում իր «զանգվածային միջոցառումները» (նախընտրական հանրահավաք, հանդիպում թեկնածուների հետ, համերգ եւ այլն)։ Միջոցառումը նախապես մի լավ գովազդվում էր, ու մի քանի հարյուր հոգի իսկապես կամովին ներկայանում էին, բայց «սեւ աշխատանքը», միեւնույն է, պետական հիմնարկների ղեկավարներն ու թաղային հեղինակություններն էին անում. մարդկանց 90-95 տոկոսը հենց նրանք էին ապահովում։ Բնականաբար` հարկադրանքով։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն մեխանիզմն է գործելու։ Այսինքն` նոր կառավարությունն ու Կարեն Կարապետյանն ընդամենը գովազդային մասն են ապահովելու, ու հնարավոր է` մի քանի տասնյակ հազար միամիտներ իսկապես կուլ տան այդ խայծը ու որոշեն ինքնակամ իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին։ Բայց «սեւ գործը», միեւնույն է, ՀՀԿ «ռեյտինգային թեկնածուներն» են անելու։ Ու հենց այստեղ է, որ զգացվում է իշխանական համակարգի «մարդկային» եւ իրական դեմքերի տարբերությունը։ Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվածները (համենայն դեպս` նրանք, ում անուններն արդեն իսկ շրջանառվում են) ոչ մի կապ չունեն այն արժեքների հետ, որոնցով իբր առաջնորդվում է նոր կառավարությունը։ Կոպիտ ասած` ստացվում է, որ «տեղերում» կրիմինալ կառույցներն ու «պրիմիտիվ գողություններով» միլիոններ կուտակածները պիտի ՀՀԿ-ի համար ձայներ ապահովեն, որպեսզի ՀՀԿ-ն այդ ձայների շնորհիվ շարունակի իշխել ու պայքարի կոռուպցիայի դեմ։

Որեւէ մեկը հավատո՞ւմ է այս անհեթեթությանը։ Իհարկե չի հավատում, ու ճիշտ էլ անում է։ Գովազդային հոլովակներին ընդհանրապես չարժե հավատալ։ Դրա փոխարեն պետք է ուշադիր հետեւել, թե ովքեր են լինելու ՀՀԿ «ռեյտինգային թեկնածուները», ու փորձել ինքնուրույն հասկանալ` հնարավո՞ր է, որ դրանց բերած ձայներով իշխանությունը պահպանած ուժը որեւէ դրական բան անի պետության համար։

Իսկ եթե հնարավոր չէ` ի՞նչ նշանակություն ունի գովազդային հոլովակի որակը կամ գեղարվեստական արժեքը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30