19.11.2012 14:23 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայկական նավթը

Վնասով աշխատող ջեբկիրները

Վնասով աշխատող ջեբկիրները

Մինչ կառավարությունը փորձում է 2013թ. խղճուկ բյուջեն ներկայացնել որպես «իրատեսական»` արդարանալով, թե կախարդական փայտիկ չունի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադառնում է պղնձի եւ մոլիբդենի արտահանման ոլորտին ու ակամայից մի քանի լրջագույն բացահայտումներ անում։

Այս բացահայտումները կարեւոր են այնքանով, որ Հայաստանը բնական այլ պաշարներ չունի, եւ խոսքը փաստորեն «հայկական նավթի» մասին է, ընդ որում` խելացի օգտագործման դեպքում պղինձն ու մոլիբդենը Հայաստանի տնտեսությանը նույնքան օգուտ կբերեն, որքան նավթը` հարեւան երկրներին։

 Հիմա տեսնենք, թե ինչպես է օգտագործվում «հայկական նավթը»։ Սկսենք նրանից, որ մեր ազգային հարստությունը փաստորեն մեզ չի պատկանում։ Ե՛վ Քաջարանի կոմբինատը, ե՛ւ հանքերի շահագործման իրավունքը չնչին կոպեկներով վաճառվել են ինչ-որ կասկածելի ծագմամբ ընկերությունների, որոնք գերշահույթներ են ստանում, ինչ-որ հարկեր վճարում (ընդ որում` ավելի քիչ, քան կվճարեին, ասենք, լիմոնադ արտադրելու դեպքում, որովհետեւ հանքաքարն արտահանում են, իսկ արտահանումն ազատված է ավելացված արժեքի հարկից), իսկ շահույթը դուրս բերում երկրից։

Հիմա` կոնկրետ թվերով։ Արմեն Մովսիսյանը «պարզաբանում է», որ միջազգային շուկայում նախորդ տարվա համեմատ պղինձն էժանացել է մոտ 14 տոկոսով, իսկ մոլիբդենը` 26։ Հարց է ծագում` ինչպե՞ս կվարվեր նորմալ տնտեսվարողը նման դեպքում։ Բնականաբար` կնվազեցներ հանքաքարի արդյունահանման ծավալները եւ կսպասեր, մինչեւ գները բարձրանան (ափսոս է, չէ՞, ինչո՞ւ էժան վաճառեն ազգային հարստությունը)։ Իսկ մեր «անհայտ սեփականատերերը» բռնել ու ճիշտ հակառակն են արել` նախորդ տարվա համեմատ կտրուկ (36 տոկոսով) ավելացրել են հանքաքարի արդյունահանման ծավալները։ Այսինքն` վարվել են այնպես, ինչպես կվարվեին սովորական թալանչիները, ովքեր գիտակցում են, որ ժամանակ չունեն, պետք է հնարավորինս արագ թալանեն ինչ հնարավոր է ու «թռնեն»։ Եվս մի ուշագրավ հանգամանք։ Ճիշտ է, այս տարի 36 տոկոսով ավելի շատ հանքաքար են արդյունահանել, բայց ավելի քիչ հարկեր են վճարել (որովհետեւ միջազգային շուկայում պղինձն ու մոլիբդենն էժանացել են)։ Հասկացա՞ք։ Այսինքն` հերիք չի թալանի ծավալներն են մեծացրել, որպես հարկ վճարվող չնչին գումարներն էլ ավելի են նվազեցրել։ Եվ այս մասին հպարտորեն հայտարարում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Ուշադրություն դարձրեք` որեւէ մեկը չի ասում. «լավ, թալանում` թալանում եք, բայց Հայաստանի «քյարը» պիտի վճարված հարկերը լինեին, ձեզ ո՞վ է իրավունք տվել ավելի շատ թալանել եւ ավելի քիչ հարկեր վճարել»։

Այս խնդիրը կարելի էր շատ հեշտությամբ լուծել։ Դրա համար պետությունը պիտի ընդամենը մի օրենք ընդուներ, որի համաձայն` ընկերություններն այսքան տոննա հանքաքար արդյունահանելու համար պիտի վճարեն այսքան հարկեր։ Եթե միջազգային շուկայում ինչ-որ փոփոխություններ են եղել, ու հանքաքար արդյունահանելը ձեռնտու չէ` մի՛ արդյունահանեք, բայց եթե արդյունահանում եք` բարի եղեք վճարել հարկերը։ Թե չէ տարօրինակ վիճակ է ստեղծվում` «գիտե՞ք, մենք ձեր հանքերը շահագործում ենք, բայց ներող կլինեք, վնասով ենք աշխատում, հարկեր չենք վճարելու»։

 Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ նման օրենք չեն ընդունում։ Որովհետեւ այդ «անհայտ ծագման օտարերկրյա ընկերություններն» իրականում լավ էլ հայտնի ծագում ունեն (եւ, ի դեպ, այնքան էլ օտարերկրյա չեն)։ Հայաստանում առանց իշխանությունների հետ «կիսվելու» նույնիսկ կոշիկ կարել հնարավոր չէ, ինչպե՞ս կարող է ինչ-որ արտասահմանյան ընկերություն հարյուր միլիոնավոր դոլարներ «տանել» Հայաստանից։ Ի վերջո` սրանք իրենց թալանածով Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի հանքավայրեր են գնում, ինչո՞ւ պիտի իրենց «քթի տակի» հանքավայրերն ուրիշներին տան։

Մի խոսքով` իրականությունն այն է, որ ստեղծված է Հայաստանի ազգային հարստությունը թալանելու եւ երկրից դուրս բերելու իդեալական մեխանիզմ։ Արդարադատության նախարարն, իհարկե, կարող է ասել, որ «ազգային հարստություն» հասկացություն չկա, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ թալանը շարունակվում է, իսկ թալանչիներն արդեն նույնիսկ հարկերը չեն ուզում վճարել` պատճառաբանելով, թե վնասով են աշխատում։

Ի դեպ, հետաքրքիր է` արդարադատության նախարարը քրեական օրենսգրքում հանդիպե՞լ է «վնասով աշխատող ջեբկիր» արտահայտությանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30