17.11.2017 13:34 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հաշվենք առինջ մոլը

«Առինջ մոլի » լույսն ու ստվերը

«Առինջ մոլի » լույսն ու ստվերը

«Առինջ մոլ» տոնավաճառի առեւտրականների կազմակերպած բողոքի ակցիան բավականին լայն արձագանք ստացավ։ Իսկապես, մարդիկ կարծես թե հարկերից չեն խուսափում, անգամ պատրաստ են ավելին վճարել, պարզապես դեմ են «ավելորդ թղթաբանությանը», ինչո՞ւ է ՊԵԿ-ը կպել ու պոկ չի գալիս, ինչո՞ւ է անպայման ուզում պարզել ապրանքաշրջանառության իրական ծավալները, վերջապես՝ սա ի՞նչ տեռոր է։ Եւ ինչո՞ւ է թիրախում հայտնվել հատկապես «Առինջ մոլը»։

Բայց պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալները բոլորովին այլ պատկեր են բացահայտում, եւ գրեթե բոլոր հարցերը ստանում են իրենց պատասխանը։ Բանից պարզվում է՝ այս տարվա հունվար-հոկտեմբերի տվյալներով «Առինջ մոլի» ֆիսկալ հասույթը (հարկերի չափը) կազմում է մոտ 2,885 միլիարդ դրամ, «Փեթակ» տոնավաճառինը՝ 3,946 միլիարդ, «Սուրմալու» տոնավաճառինը՝ 4,568 միլիարդ։ Իհարկե՝ այս թվերը դեռեւս ոչինչ չեն նշանակում. ի վերջո բոլոր տոնավաճառներն իրար չափ չեն, մեկը մեծ է, մյուսը՝ փոքր։ Բայց նույն տվյալներից պարզ է դառնում, որ ամենամեծ տոնավաճառը հենց «Առինջ մոլն» է. այնտեղ գրանցված է 748 հարկ վճարող, «Փեթակում»՝ 345, «Սուրմալուում»՝ 361։ Պարզ ասած՝ «Սուրմալուի» 361 հարկատուները վճարում են մոտ 1,6 անգամ ավելի շատ հարկ, քան «Առինջ մոլի» 748 հարկատուները։ Միջինացված ցուցանիշները հենց դա են ցույց տալիս. մեկ հարկատուի միջին ամսական հարկը «Սուրմալուում» կազմում է 1 մլն 265 հազար դրամ, «Փեթակում»՝ 1 մլն 144 հազար, «Առինջ մոլում»՝ 385 հազար։ Տարբերությունը՝ ավելի քան 3 անգամ։

 Իսկ ինչո՞ւ է այդպես։ Բանն այն է, որ հարկերի ծավալն ուղղակիորեն կապված է շրջանառության ծավալների հետ։ Ինչքան մեծ է շրջանառությունը՝ այնքան մեծ է վճարվելիք հարկերի չափը։ Ու հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Մինչեւ մեկ մլն դրամ շրջանառություն ունեցողները երեք տոնավաճառներում էլ մոտավորապես նույնքան հարկ են վճարում, 1-3 մլն շրջանառություն ունեցողները՝ նույնպես, եւ այսպես շարունակ։ Այսինքն` ըստ միջակայքերի երեք տոնավաճառների առեւտրականների վճարած հարկերի ծավալները համադրելի են։ Բայց...

 Ամենահետաքրքիրը հենց այստեղ է։ Ավելի ճիշտ՝ ստվերն է հենց այստեղ։ Մինչեւ 1 մլն դրամի շրջանառություն ունեցողների (կամ՝ ցույց տվողների) տոկոսը հարկ վճարողների ընդհանուր թվում կազմում է. «Փեթակում»՝ 2,5 տոկոս, «Սուրմալուում»՝ 4 տոկոս, «Առինջ մոլում»՝ 21 տոկոս։ Կամ՝ վերցնենք մինչեւ 3 մլն շրջանառություն ունեցողների տոկոսը. «Փեթակում»՝ 18,5 տոկոս, «Սուրմալուում»՝ 16, «Առինջ մոլում»՝ 49։ Ակնհայտ է, որ իրականում նման ահռելի տարբերություն լինել չի կարող, եւ մեծ է հավանականությունը, որ «Առինջ մոլում» շատերը պարզապես թաքցնում են իրական շրջանառությունը։ Հենց դա էլ փորձում է բացահայտել ՊԵԿ-ը, ու հենց դա էլ «Առինջ մոլի» «պարտաճանաչ հարկատուներն անվանում են տեռոր (փաստորեն մյուս բոլոր տոնավաճառների առեւտրականները վաղուց զոհվել են տեռորիստական ակտերից ու հիմա առեւտուր են անում հետմահու)։

Ի դեպ՝ տեռորի մասին։ Այնպես չէ, որ ՊԵԿ-ը կենտրոնացել է միայն «Առինջ մոլի» վրա։ Այդ տոնավաճառում ՊԵԿ-ն ընդամենը 8 խախտում է արձանագրել, «Փեթակում»՝ նույնպես, իսկ «Սուրմալուում»՝ 14։ Իսկ թե ինչու են ամենաշատը հենց «Առինջ մոլի» առեւտրականները բողոքում՝ հասկանալի է. ո՞վ կցանկանա զրկվել արտոնյալ տոնավաճառի աշխատակցի կարգավիճակից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31