30.10.2013 18:18 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ընկերացիր, բայց փայտը մի գցիր

Ինչպես թշնամու հետ լեզու գտնել

Ինչպես թշնամու հետ  լեզու գտնել

Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի օրոք առաջնորդվում է եվրասիական, այլ ոչ թե եվրոպական գաղափարով։ Դա ժողովրդավարական Ռուսաստանը չէր, որին Արեւմուտքը հույս ուներ տեսնել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Պուտինյան Ռուսաստանը հենվում է իշխանության կենտրոնացման, ազգայնականության եւ էներգակիրների արտահանման վրա։ Նա օգտագործում է իր վերահսկողությունը տրանսպորտային ուղիների նկատմամբ, որոնք միացնում են Չինաստանը, Մերձավոր Արեւելքն ու Եվրոպան։

Մոսկվան ցանկանում է, որպեսզի աշխարհը դառնա բազմաբեւեռ, ինչը թույլ կտար իրեն ուժեղացնել ազդեցությունը։ Նա ցանկանում է իրեն մեծ անկախ գերտերություն տեսնել, սակայն նրա արտաքին քաղաքականությունը հաճախ հակասական է։ Ռուսաստանը հարեւան Վրաստան ներխուժեց, ճնշում գործադրեց Ուկրաինայի, Հայաստանի եւ Մոլդովայի վրա՝ ստիպելով նրանց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերից հեռու մնալ։ Միեւնույն ժամանակ Պուտինը Արեւմուտքին քննադատում է այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար։

Օգոստոսին ռուս-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվեցին հատկապես այն բանից հետո, երբ Մոսկվան ապաստան տվեց Էդվարդ Սնոուդենին, որը գաղտնազերծեց ամերիկյան հետախուզական գործունեությունը։ Այդ պատճառով Օբաման նույնիսկ կասեցրեց նախօրոք պլանավորված այցը Մոսկվա։

Չնայած դրան, Ռուսաստանը չի սահմանափակվում  Եվրասիական ուղղությամբ եւ խորացնում է իր կապերը նաեւ Արեւմուտքի հետ։ ԵՄ-ի համար Ռուսաստանը խոշորությամբ առեւտրական երրորդ գործընկերն է եւ էներգակիրների խոշորագույն մատակարարներից մեկը։ Օտարերկրյա ներդրումների գրեթե 75%-ը Ռուսաստանն ստանում է ԵՄ-ից։ Ռուսաստանը Ամերիկայի հետ միասին վերահսկում է աշխարհի միջուկային զենքի 90%-ը։

Արեւմտյան վերլուծական եւ քաղաքագիտական շրջանակներում բավական տարածված է այն համոզմունքը, որ անկախ ամեն ինչից, Արեւմուտքը պետք է Ռուսաստանի հետ համագործակցի եւ դա պետք է անի այլ ոլորտներում նաեւ։ Սկզբի  համար առաջարկվում է համընդհանուր քաղաքական երկխոսություն Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի միջեւ։ Մասնավորապես, այդ կարծիքին է Հայաստանում եւ Վրաստանում Եվրոհանձնաժողովի նախկին ներկայացուցիչ Դենիս Կորբոյը։

Երկխոսությունը պետք է սկսվի Սիրիայից եւ Իրանից, հետո շոշափի նաեւ Աֆղանստանը, Մերձավոր Արեւելքը, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։  Հրատապ թեմաներից են Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալու դեպքում այդ երկրից նարկոտրաֆիկի աճի հետ կապված վտանգները, ինչպես նաեւ 2014թ. Սոչիի Օլիմպիադայում հավանական ահաբեկչական գործողությունների դեմ պայքարը։

Մյուս կողմից, համագործակցության ընդլայնումը՝ ըստ արեւմտյան այդ շրջանակների, չպետք է թուլացնի Արեւմուտքի հաստատակամությունը սկզբունքային հարցերում, որոնցից մեկն էլ Ուկրաինայի եւ հետխորհրդային այլ երկրների անկախության ու տարածքային ամբողջականության հարցում աջակցությունն  է, ինչպես նաեւ գործընկերներ ու դաշնակիցներ ընտրելու նրանց իրավունքը։

Եռակողմ մոտեցումը, որը ենթադրում է Եվրոպայի լիակատար ներգրավվածություն Ռուսաստանի հետ համագործակցությունում, ավելի շատ ռեսուրս ունի եւ ավելի շատ արդյունքներ կարող է տալ։ Եվրոպան շարունակում է որոշակի ազդեցություն թողնել Ռուսաստանի վրա, ինչի վառ վկայությունն են երկու տարին մեկ անցկացվող Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովները եւ մշտական երկկողմանի հանդիպումները։

Արեւմուտքում համոզված են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումն ու ամրապնդումը բարդ գործընթաց է, սակայն Եվրոպայի եւ Ամերիկայի ջանքերը միավորելու դեպքում դա կարող է շոշափելի արդյունք տալ, մանավանդ այժմ, երբ քաղաքական լարվածությունը գնալով աճում է։

Հետեւաբար, որքան էլ, օրինակ, Հայաստանում բաժանարար գծեր ստեղծվեն ռուսամետ եւ արեւմտամետ սկզբունքով, պետք է միշտ հիշել, որ որքան էլ ծանր ու լարված լինեն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները, պատմությունը ցույց է տվել, որ ի վերջո նրանք կարողացել են լուծել եղած տարաձայնությունները եւ հաշտվել։ Մեր խնդիրը այդ հարաբերություններում ոչ թե մեր համակրանքն ու հակակրանքը ի ցույց դնելն է, այլ պրակտիկ օգուտ քաղելն է երկուսից էլ, ինչը ներկա իրավիճակում գործնականում անհնար է։ ОРТ-ի ռեպորտաժը վկա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31