17.02.2017 11:07 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թիրախները ճշտելու ժամանակը

Քաղաքական դաշտի չորս բեւեռները

Քաղաքական դաշտի չորս բեւեռները

Եվ այսպես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկը հայտնի է, եւ իրավիճակը կարելի է գնահատել Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկի խոսքերով` «ուզում էինք, որ լավ ստացվի, բայց` ստացվեց ինչպես միշտ»։

Եվ իսկապես, բազմազանությունը միայն թվացյալ է։ Իրականում մասնակցության հայտ ներկայացրած ուժերը հստակորեն բաժանվում են չորս խմբի։

Առաջին խմբում ընդգրկված են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ Երկուսն էլ ըստ էության ապաքաղաքական կառույցներ են, երկուսն էլ ընտրություններում կիրառելու են մոտավորապես նույն մեթոդները, ու երկուսն էլ հենվելու են բնակչության այն խավի վրա, որը ոչ թե համակարգային փոփոխություններ է ուզում կամ ձգտում է «բարձր մատերիաների», այլ ընդամենը ուզում է, որ իշխանությունները «ժողովրդին մի քիչ լավ նայեն»։ Ու քանի որ հասարակության մեջ այս խավը մեծամասնություն է կազմում, հենց այս երկու ուժերն էլ ընտրություններում հաջողության հասնելու ամենամեծ շանսերն ունեն։

Երկրորդ խմբում ընդգրկված են, այսպես ասենք, «հաճախորդները»` տվյալ դեպքում ՀՅԴ-ն ու Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը»։ Սրանք, ինչպես միշտ, հանդես են գալու խիստ ընդդիմադիր ելույթներով, իսկ ընտրություններից հետո ծվարելու են իշխանությունների թեւի տակ (եթե, իհարկե, հաղթահարեն անցողիկ շեմը)։

Երրորդ խմբում Կոնգրեսն ու «Ելք» դաշինքն են։ Սրանք այն ուժերն են, որոնք ակնկալելու են ստանալ հասարակության առավել գրագետ, քաղաքականացված ու իսկապես համակարգային փոփոխությունների ձգտող քաղաքացիների ձայները։ Ընդ որում` հասարակության այդ խավն առանց այն էլ փոքրաթիվ է, ու հիմա եղած ձայներն էլ փաստորեն կիսվելու են «երկու տեղ»։

Իսկ չորրորդ խմբում այն ուժերն են, որոնց դեպքում ընդհանրապես հասկանալի չէ` ի՞նչ են իրենցից ներկայացնում, որպես ի՞նչ են ձեւավորվել, եւ ամենակարեւորը` ընտրություններին մասնակցում են, որ ի՞նչ անեն։ Այս խմբում էլ ներկայացված են Օհանյան-Օսկանյան դաշինքը (կից «ատրիբուտներով») եւ «Ազատ դեմոկրատները»։ Այս ուժերը հույս ունեն իրենց լիդերների անձնական կապերի ու լծակների շնորհիվ հայտնվել հաջորդ խորհրդարանում, իսկ թե ինչ են անելու դրանից հետո` հայտնի չէ։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Իսկ ինչպիսի՞ խորհրդարան կցանկանար ունենալ Սերժ Սարգսյանը։ Կցանկանա՞ր արդյոք հաջորդ խորհրդարանում տեսնել ԲՀԿ-ին։ Միանշանակ։ Պայմանով, իհարկե, որ ներկայացվածությունը մեծ չլինի, ասենք` մի 15-20 տոկոս։ Այդ խմբակցությունը հաստատ վնաս չի տա։ Սոցիալական հարցեր կբարձրացնի, ժամանակ առ ժամանակ կառավարության «պորտը տեղը կդնի», բայց վերահսկողությունից դուրս չի գա։

Կցանկանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը հաջորդ խորհրդարանում տեսնել Դաշնակցությանն ու ՕԵԿ-ին։ Իհարկե։ Սրանք ամենաանվնասն են։ Դաշնակցության համար միշտ էլ մի երկու պորտֆել կգտնվի, իսկ Արթուր Բաղդասարյանի հետ միշտ կարելի է պայմանավորվել «վանաձորյան տարբերակով»։

Օհանյան-Օսկանյան դաշինքի դեպքում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Խնդիրն, իհարկե, անձինք չեն` նրանք նույնպես վերահսկելի կլինեն։ Պարզապես Սերժ Սարգսյանը խնդիր ունի համակարգին ցույց տալու, որ իշխանությունից դուրս եկողները շատ արագ «չորանում են» եւ զրկվում ամեն ինչից, եւ դա լավագույնս կարելի է ցույց տալ Սեյրան Օհանյանի օրինակով։ Որպեսզի հետագայում որեւէ պաշտոնյայի մոտ նման գայթակղություն չառաջանա։

Ինչ վերաբերում է Կոնգրեսին ու «Ելք» դաշինքին, ապա Սերժ Սարգսյանին որ մնար` երկուսին էլ չէր ցանկանա տեսնել հաջորդ խորհրդարանում։ Բայց մի տեսակ սիրուն բան չէր ստացվի` ակնհայտ կդառնար, որ խորհրդարանում քաղաքական ուժեր ընդհանրապես չկան (համ էլ` Արեւմուտքը սխալ կհասկանար)։ Իսկ եթե հարցն այդպես է դրվում, ապա «Ելք» դաշինքն ավելի ձեռնտու է։ Աղմուկը մի քիչ շատ կլինի, բայց ոչինչ։ Իսկ ահա Կոնգրեսի ներկայությունը հեչ ձեռնտու չէ։ Համակարգային խնդիրներ են բարձրացնում, ընտրակեղծիքների ինստիտուտի դեմ են պայքարում եւ այլն։

 Այնպես որ` առաջիկա ընտրությունների տրամաբանությունն էլ է հայտնի, իշխանությունների հիմնական թիրախներն էլ։ Մնում է, որ հասարակությունն էլ ի՛ր «թիրախները» ճշտի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30