28.09.2013 18:49 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Զգայացունց ու սիրաշահվող

ԵԼՈՒՅԹ, ՈՐԸ ԲՈՒՌՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ՏԵՂԻՔ ՏՎԵՑ

ԵԼՈՒՅԹ, ՈՐԸ ԲՈՒՌՆ  ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ՏԵՂԻՔ ՏՎԵՑ

Երեկ Հայաստանում օրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը անսպասելիորեն դարձավ... Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում։ Վաղուց նման թեժ բանավեճեր չէին եղել համացանցում։ Իհարկե, սպասելի էր, որ Սաակաշվիլին ելույթում անպայման քննադատության ալիք կբարձրացնի Ռուսաստանի հասցեին։ Սա բնական է` հաշվի առնելով վրաց-ռուսական հարաբերությունները, որոնք Սաակաշվիլիի օրոք պատերազմական գործողությունների էլ հասցրեցին։

Առաջ անցնելով, նշենք, որ Ռուսաստանի պատվիրակության անդամները նրա ելույթի ժամանակ ցուցադրաբար լքեցին դահլիճը։

Սակայն բուռն բանավեճերի տեղիք տվեց Սաակաշվիլիի ելույթի այն հատվածը, որտեղ նա անդրադարձավ նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին՝ Եվրասիական միությանը,  որի ժամանակ բացեիբաց խոսել է Հայաստանի մասին։

«Դուք մտածում եք, Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը հաղթի՞ Ադրբեջանին։ Ոչ։ Դա Հայաստանը կդարձներ չափից ավել ուժեղ ու հեռանկարում ավելի անկախ։ Կամ դուք մտածում եք, որ Մոսկվան հակառա՞կն է ուզում, որպեսզի Բաքուն հաղթի՞ Երեւանին։ Ոչ, նրանք չեն ուզում որեւէ մեկի հաղթանակը, հենց հակամարտությունն է իրենց նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին դառնալ անկախ ու կանխում ԵՄ հետ ինտեգրման գործընթացները։

Եվրասիական միությունը հիմնվում է ԵՄ-ի սկզբունքներին հակասող սկզբունքների վրա։ Այն սնվում է անհանդուրժողականությամբ, այն գլխավորում են ԿԳԲ-ի նախկին գործակալները, նրա նպատակն է վերածնել հին կայսրությունը։ Գաղութ դառնալը շատ հեշտ է։ Միակ պահանջը պասիվությունը եւ  միջակությունն է»։ Սա է ասել։

Հայաստանում այս ելույթի արձագանքները անմիջապես երկու ճամբար ձեւավորեցին։ Մի մասը ողջունեց Սաակաշվիլիի ելույթը, մյուս հատվածը՝ քննադատեց, կամ քննադատեց Սաակաշվիլիի ելույթը ողջունողներին։

Նախ, ներկայացնենք ելույթը ողջունած կամ դրական գնահատած մի քանի կարծիք, որոնք երեկ հրապարակվել էին համացանցում։

- Այսպիսի Անձ Կովկասը դեռ երկար ժամանակ չի ծնի։

- Սաակաշվիլին իր պետության մասին մտածող մարդ է, ով այսօր ելույթ է ունեցել, որտեղ ասել է այնպիսի ճշմարտութուններ, որ որեւիցե հայ ղեկավար ռիսկ չի արել ասելու։

- Հերթական ընտրություններով գնացող նախագահ է, իսկ դա ամենակարեւորն է ժողովրդավարության տեսակետից։ Էլ չեմ ասում, թե ինչ երկիր ընդունեց ու ինչ է հանձնում։ Ինքը ոչ մի տարածք չի կորցրել, հակառակը` Աջարիան է վերադարձրել Վրաստանին։ Եթե մինչեւ Սաակաշվիլի Ռուսաստանը չէր ճանաչել Աբխազիան ու Օսեթիան, հետո ճանաչեց, դա չի նշանակում, թե ՌԴ ճանաչելուց հետո Վրաստանը կորցրեց, իսկ մինչեւ չճանաչելը չէր կորցրել։

- Մարդը գնացող նախագահ է, ամենաճիշտ պահն է ընտրել՝ որպես պետական գործիչ։

- Չորրորդ՝ Սաակաշվիլին 5 մլն-անոց փոքր երկրի նախագահ է, որը կռիվ է տալիս 140 մլն-անոց թեեւ մեռնող, բայց դեռ կայսրություն համարվող հարեւանի դեմ։

- Փաստը սա է` Սաակաշվիլին իր ժողովրդի համար լավ նախագահ է։ Ես նախանձում եմ։

Մոտավորապես, եթե ընդհանրացնենք, ապա այսպիսին էին Սաակաշվիլիի ելույթը դրական գնահատած տեսակետները։

Այլ էր այս տեսակետը չընդունողների դիրքորոշումը։ Մի քանիսը նշենք։

- Պաշտոնյաները նման բաներ ասելու իրավունք չունեն հրապարակային։

- Վրաստանի անվտանգությունը կախված է հարեւանների հետ լեզու գտնելու ունակությունից, այդ թվում Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Ինձ համար անհասկանալի է, երբ այդ տրիվիալ բաները ասելու համար այստեղ են իրեն հերոսացնում։ Խոսքը Միշիկոյի մասին չի, խոսքը մեր արձագանքի մասին է։ Եթե մեր ղեկավարությունը տխմար է, ապա դա չի նշանակում, որ Սաակաշվիլուն աստվածացնել է պետք, առավելեւս, որ այդ մարդը բազմաթիվ սխալներ է արել իր պաշտոնավարման ժամանակ։

- Ես համաձայն եմ ապրել մերօրյա Հայաստանում, այլ ոչ մեզնից ավելի զարգացած Վրաստանում, բայց դրա փոխարեն չկորցնելով Ղարաբաղը, իսկ նրանք կորցրել են Հրվ. Օսեթիան ու Աբխազիան, արդյո՞ք արժե կորցնել վերջին դարերի մեծագույն հաղթանակը սիրուն հարթ ասֆալտով ու ժամանակակից նոր շինություններով։

Այսքանը բավական է։ Այս բանավեճերը եւս մեկ անգամ վկայում են, որ արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների եւ պետականության մասին հայ հասարակության մի ստվար հատվածի մոտեցումները գտնվում են զգայական հարթության վրա։ Սաակաշվիլիի ելույթը դրական են գնահատում նրանք, ովքեր չես սիրում Ռուսաստանին։ Եվ ընդհակառակը, քննադատում են նրանք, ովքեր ռուսամետ են համարվում։ Սա բոլորին չի վերաբերում, կային՝ թեկուզ քիչ, բայց սթափ գնահատականներ։ Որոնցից ամենակարեւորը. Սաակաշվիլին Վրաստանի ղեկավարն է, որը գործում է իր պետության շահերին համապատասխան։ Լավն է, վատն է, ճիշտ է, սխալ է, դա առաջին հերթին վրաց հանրությունը պետք է գնահատի։ Նա ՄԱԿ-ի ամբիոնից հայերի սիրուն աչքերի համար չէ ելույթ ունեցել։ Մանավանդ որ Սաակաշվիլիի օրոք թուրքական կապիտալը ներխուժեց Վրաստանի հայաբնակ վայրեր, ինչը պատահական բնույթ չէր կրում։ Հայկական եկեղեցիները վրացական դարձնելու նախադեպեր եղան։ Բավրայի մոտ սահմանային վեճեր ունեցավ։ Հրեշտակ չէ, եթե զուտ մեր տեսանկյունից նայենք։

Ինչ-որ տեղ նա կարող է իրեն թույլ տալ դիվանագիտական նորմերից դուրս արտահայտություններ անել նաեւ մեր մասով, քանի որ գնացող գործիչ է։

Նույնը՝ Ռուսաստանի դեպքում։ Վրաստանի համար այն չարիքի կայսրություն է, թե թշնամի է, կամ ժողովրդավարության արգելակ տարածաշրջանում, մեր դեպքում պետություն է, որի հետ մենք պետք է շարունակենք նորմալ հարաբերություններ ունենալ։ Նորմալ, այսինքն ոչ թե վասալային, ոչ թե նվաստացուցիչ, եւ ոչ էլ թշնամական, լարված։ Նորմալ, նշանակում է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, երկուստեք շահավետ, միջազգային հարաբերությունների նորմերին համապատասխան։ Պետք չէ վրաց-ռուսական հարաբերություններում դատավորի դեր խաղալ. բոլոր դեպքերում երկու պետություններն էլ մեզ համար կարեւոր են եւ երկուսի հանդեպ էլ ծայրահեղական գնահատականները դրական ոչ մի տարր չունեն։

Այլ բան է, որ չունենք  նորմալ իշխանություն, որի պատճառով էլ Սաակաշվիլին նման ելույթ է ունենում։ Որի օրոք Հայաստանը իսկապես անկյուն քշվածի կարգավիճակում է հայտնվել։ Որին նույնիսկ վրաց-ռուսական հարաբերություններում են մանրադրամ դարձնում։ Ահա սա պետք է լինի բանավեճերի առանցքը։ Երբ մեծ հաշվով իշխանություն չունես։ Ի՞նչ տարբերություն անգործունյա, պետական մտածելակերպից զուրկ իշխանության եւ իշխանության բացակայության միջեւ։ Ոչ մի։ Ցավոք, սա հասկանում են Սաակաշվիլին, Պուտինը, Ֆյուլեն, ու մնացած օտարերկրյա պաշտոնյաները։

 Հ.Գ. Եվ մինչ Սաակաշվիլին իր աղմկահարույց ելույթն էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, աշխարհի տասնյակ պետությունների ղեկավարներ այդ ամբիոնից միջազգային կարեւորագույն հարցեր էին արծարծում, Սերժ Սարգսյանը գտնվում էր Քաջարանում, որտեղ մասնավորապես ներկա է եղել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը։ Բա չէ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31