19.01.2018 09:57 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սկզբունքային են, հո զոռով չի

«Ելքը» վերջապես հայտնաբերեց մեղավորներին

«Ելք» դաշինքը գնաճի դեմ բողոքի երթ է կազմակերպում, ու քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք փորձում են կոնկրետ հարց լուծել եւ իշխանափոխության պահանջ չեն ներկայացնելու։ Իսկ Սասուն Միքայելյանն ավելի հեռուն է գնում ու ասում. «իշխանափոխության տանողներն էին, որ էս օրը գցեցին ժողովրդին, ընդդիմությունն էլ վերացավ»։

Նույն Սասուն Միքայելյանն, ի դեպ, ամեն առիթով Սերժ Սարգսյանին անվանում է «մարտական ընկեր» ու հայտարարում, թե լավ կլինի, որ հաջորդ վարչապետը հենց նա դառնա, բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ «Ելք» դաշինքը փաստորեն մեղավորներին գտել է։ Պարզվում է՝ ընդդիմությունն իշխանափոխություն էր պահանջում, դրա համար էլ «ժողովուրդն էս օրն է ընկել»։

 Փորձենք հասկանալ։ Որպես կանոն՝ ընդդիմություն է համարվում այն ուժը, որն ունի հստակ ծրագրեր եւ ձգտում է հասնել իշխանության (այսինքն՝ իշխանափոխություն իրականացնել), որպեսզի իրականացնի իր ծրագրերը։ Հետեւաբար՝ այն ուժը, որը չի ձգտում իշխանափոխության, ընդդիմություն համարվել չի կարող։ Շատ-շատ՝ կարող է համարվել այլընտրանք կամ հասարակական կազմակերպության պես մի բան (եթե ցանկանում է որեւէ կոնկրետ հարց լուծել՝ ասենք, Թեղուտի կամ երթուղայինների ուղեվարձի բարձրացումը կանխելու նման)։ Եվ «Ելքում» դա շատ լավ գիտակցում են, դրա համար էլ արձանագրում են, որ «ընդդիմությունը վերացավ» (այլապես անհասկանալի կլիներ, թե ինչու է նման հայտարարություն հնչում ինքն իրեն իսկական ընդդիմություն համարող ուժի ներկայացուցչի շուրթերից)։ Հասարակությունն, ի դեպ, նույնպես շատ լավ գիտակցում է, որ «ընդդիմությունը վերացավ» (համենայն դեպս՝ խորհրդարանից), դրա համար էլ «Ելքի» նկատմամբ թերահավատությունն օրեցօր խորանում է։

Բայց ենթադրենք՝ «Ելքի» նպատակն իսկապես գնաճը կասեցնելն է, եւ ոչ թե սոցիալական լարվածության ֆոնին սեփական վարկանիշը բարձրացնելը։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս են իրենք պատկերացնում դա։ Ըստ երեւույթին այսպես. մարդիկ դուրս կգան փողոց, Սերժ Սարգսյանը կվախենա, իր մոտ կկանչի ազգուտակին ու կհրամայի մի քիչ մեղմել ախորժակները, հետո կկանչի օլիգարխներին ու կհրամայի մի քիչ կրճատել ստվերը, եւ այլն։

Այսինքն՝ ստացվում է, որ ժողովրդին «էս օրը գցած» գնաճը եւ արտագաղթի նոր ալիքը լավ էլ վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից, եւ նա ցանկության դեպքում կարող է կանխել դա։ Այլ կերպ ասած՝ այս տրամաբանությամբ առաջնորդվող «Ելքն» ընդունում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը հանցագործ է (որովհետեւ սեփական ժողովրդին կազմակերպված ձեւով թալանելն ու երկիրը դատարկելը աշխարհի ցանկացած երկրի քրեական օրենսգրքով համարվում է ծանր հանցագործություն)։ Եվ այս ամենն ընդունելով՝ «Ելքն» իշխանափոխություն չի պահանջում։ Սերժ Սարգսյանին ուրիշ էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար, եթե «ընդդիմությունը վերացել է», իսկ այդ ամպլուայով հանդես եկողներն ընդամենը պահանջում են, որ ինքը որեւէ օլիգարխի կանչի-ասի «ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի»։  Ավելին՝ Սերժ Սարգսյանին պետք է, որ ցանկացած կարեւոր հարցում համաձայնությունը լինի «ընդարձակ», բայց ոչ շատ ընդարձակ (որովհետեւ Եվրամիություն կա, բան կա, ինչ-որ բանով պե՞տք է տարբերվել Հյուսիսային Կորեայից, թե ոչ), եւ այդ առումով «Ելքը» պարզապես փրկություն է։

 Բայց «Ելքի» ներկայացուցիչները մեծահոգի են եւ վերջնականապես չեն մերժում իշխանափոխության պահանջ ներկայացնելու հնարավորությունը։ Ասում են՝ եթե մի 50-100 հազար մարդ փողոց դուրս գա եւ իշխանափոխության պահանջ ներկայացնի, մենք ո՞վ ենք, որ չգնանք։ Այսինքն՝ եթե ժողովուրդը դուրս գա պայքարի, իրենք այդ պայքարն առաջնորդելուն դեմ չեն։ Չեն առարկում։ Իսկ եթե դուրս չգա՝ մեղքն իր վիզը. թող ոնց ուզում են՝ յոլա գնան։ «Ելքին» ի՞նչ է պատահել, իրենք արդեն տեղավորվել ու իրենց համար ելքը գտել են, մնում է՝ որ ուրիշներն էլ գտնեն։

Իսկապես շատ սկզբունքային դիրքորոշում է ընդդիմադիր դաշտում լիդերության հավակնություններ ունեցող ուժի համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30