25.04.2017 04:11 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Իսկական երկրաշարժ Ֆրանսիայում

Եթե մի կողմ դնենք Երեւանի ավագանու ընտրություններն եւ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, ապա վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանում դարձավ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը։

Ընտրություններ, որոնց արդյունքները զարմանք եւ շոկ առաջացրեցին աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այժմ միջազգային վերլուծաբանները, լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչ է սպասվում Ֆրանսիային, աշխարհին, Եվրոպային, եթե նախագահ դառնա քաղաքականության մեջ նորեկ համարվող Էմանուել Մակրոնը կամ մրցակիցը` ուլտրաջերի ղեկավար Մարին Լը Պենը։

«Ընտրությունների արդյունքը դարձավ ավանդական կուսակցությունների կատեգորիկ մերժումը, ինչը երկրին անկայուն վիճակի մեջ է դրել խիստ ճակատագրական պահի, երբ ֆրանսիական ընտրությունները կարող են կանխորոշել Եվրամիության ապագան», նշել է «Նյու-Յորք Թայմսը»։

Բրիտանական «Թայմսը» վստահություն է հայտնել, որ առաջին տուրը լավ նորություն էր եվրոպական կենտրոնամետների եւ վատ նորություն` Մոսկվայի համար։

«Լոս Անջելես Թայմսը» նշել է, որ Մակրոնը կարող է դառնալ ամենաերիտասարդ ֆրանսիացի ղեկավարը (39 տարեկան)` Լուի-Նապոլեոն Բոնապարտի ժամանակներից ի վեր (40 տ. 1848 թվականին)։

Չիլիական La Tercera-ն բոլոր դեպքերում Մակրոնին համարել է «ֆրանսիական քաղաքականության հետնապահ», եւ ազդարարել Սոցիալիստական կուսակցության աննախադեպ ձախողման մասին։

Արգենտինական Clarin-ը գրել է, որ 2-րդ տուրը միանշանակ պատմական կլինի, քանի որ Ելիսեյան պալատում կհայտնվի կամ ամենաերիտասարդ նախագահը, կամ`  առաջին կինը։

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՆԱՊՈԼԵՈՆԻՑ ՀԵՏՈ

BBC-ն փորձել է հասկանալ Մակրոնի հաջողության գաղտնիքը. «Իր եռանդով, երիտասարդությամբ, անգերազանցելի հմայքով եւ վառ պերճախոսությամբ նրան հաջողվեց սխրանք գործել, որը կմնա պատմության մեջ։ Թեպետ, անհանգստանալու պահ էլ կա ընտրվելու դեպքում. խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է։

Այս տեսակետի հետ համաձայն է նաեւ The Financial Times, որը կանխատեսում է Մակրոնի թագադրումը, սակայն գտնում է, որ վերջինս ստիպված է լինելու իր ծրագրերը կյանքի կոչելու համար  ծանր բանակցություններ վարել։

Իսպանական El Pais-ը ոգեւորությամբ է արտահայտվել «եվրոպական քաղաքականության թանկարժեք տղայի» մասին,  որն արդեն բախում է Ելիսեյան պալատի դռները։ Նշելով, որ Մակրոնի հաջողությունը պատասխան էր պոպուլիզմին եւ դեմագոգիային, թերթը գրել է. «Կենտրոնամետների հաջողությունը մեծ նորություն էր Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար»։

Գերմանական Das Bild-ը` նշելով բոլոր 11 թեկնածուներից ամենաեվրոպամետի հաջողությունը, գրել է. «Եվրոպան շնչում է»։

«Թեպետ այս վունդերկինդի համար անհնարին ոչինչ չկա, չպետք է մոռանալ, որ Ֆրանսիային բզկտում են տարաձայնությունները, իսկ ապրիլի 23-ի արդյունքը խոսում է քաղաքական կյանքի «ռադիկալիզացման» մասին», նշել է Die Frankfurter Allgemeine Zeitung-ը։

ԵՐԿԻՐԸ` ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

«Առաջին տուրի արդյունքները անխոս վկայում են. երկիրը քվեարկում է խորքային փոփոխությունների օգտին,- նշել է շվեյցարական Le Temps-ը։ - Ֆրանսիացիները հաստատեցին, որ նրանց մոտ տարիների շարունակ հասունացող դժգոհությունը հենց այնպես չի տեղավորվի ընտրությունների օրվա մեջ։ Այն երկար ժամանակով կփոխի երկրի դեմքը։

Ընտրական մենամարտի շուրջ ստեղծված լարվածությունը խոսում է 5-րդ Հանրապետության քաղաքական համակարգի փշրման մասին։ Ավանդական կուսակցությունների հանդեպ զայրույթը, հիասթափությունը կոռումպացված պաշտոնյաներից եւ փոփոխությունների ծարավը հանգեցրին երկրորդ տուրում երկու արտասովոր մարդկանց հակամարտությանը»։

Բելգիական Le Soir-ի կարծիքով, ֆրանսիացիները հեղափոխություն իրականացրեցին, «Տրամպի ոճով սրբելով ավանդական կուսակցություններին ու գործիչներին, եւ նրանց փոխարեն դեմ առ դեմ դուրս բերելով երկու արտահամակարգային թեկնածուների»։

The Sydney Morning Herald-ը ընտրությունների արդյունքներով հեգնանքով է նկարագրել. «Եթե բարդություններ եք ցանկանում, դիմեք ֆրանսիացիներին։ Առաջին տուրի արդյունքը քաղաքական երկրաշարժ էր, որը, հավանաբար, կբերի ստատուս-քվոյի թեկնածուի հաղթանակին։ Դա իսկական հաղթանակ էր ուլտրաջերի համար»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30