09.03.2018 07:48 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շատ կառուցողական «Ելքը»

Փողոցային պայքարի թաքնված շահառուները

Եթե մինչեւ վերջերս Հայաստանի քաղաքական օրակարգում միայն մի ինտրիգային հարց կար՝ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե ոչ, ապա հիմա նաեւ երկրորդ ինտրիգը կա՝ այդ դեպքում «Ելք» դաշինքը միասնաբար դուրս կգա՞ փողոցային պայքարի, թե՞ Ազատության հրապարակում կլինի միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»։

Ընդ որում՝ այս երկրորդ հարցն այնպիսի բուռն քննարկումների առարկա է դարձել, կարծես դրանից է կախված՝ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա՞, թե ոչ։

 Նիկոլ Փաշինյանի՝ Ազատության հրապարակ «գործուղվելու» վճռականությունը փոքր-ինչ անհասկանալի է։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժումն ի սկզբանե դատապարտված է ձախողման՝ այն պարզ պատճառով, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու Ազգային ժողովում, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ ժողովրդին պարտության չի տանելու։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ակնհայտորեն լավ մտածված երեք քայլանի կոմբինացիա էր, եւ Ազգային ժողովում ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելն ընդամենը երրորդ քայլն էր։ Առաջին քայլը Սահմանադրությունը փոխելով կառավարման խորհրդարանական համակարգի հաստատումն էր, երկրորդ քայլը՝ տոտալ կեղծիքներով ՀՀԿ-ի համար խորհրդարանում բացարձակ մեծամասնության ապահովումը։ Եվ անհասկանալի է, թե ինչպե՞ս է պատահում, որ առաջին երկու փուլերում մի կողմ քաշված Նիկոլ Փաշինյանը (սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը նա համարում էր կեղծ օրակարգ, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդունեց անծպտուն) հիմա հանկարծ որոշում է փողոցային պայքար սկսել՝ այն դեպքում, երբ «գնացքն արդեն մեկնել է»։ Ո՞րն է իմաստը։

«Ելքի» (կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի») դիրքորոշումը մի կողմ թողնենք եւ հարցին նայենք իշխանությունների տեսանկյունից։ Սերժ Սարգսյանն ակնհայտ կեղծիքներով փոխել է Սահմանադրությունը՝ նախապես հրապարակավ հայտարարելով, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, հետո ակնհայտ կեղծիքներով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է ստացել, հիմա էլ մտադիր է դրժել խոստումն ու երրորդ անգամ անընդմեջ ստանձնել պետության միանձնյա ղեկավարի պաշտոնը (ձեւակերպումներն էական չեն)։ Հասկանալի է, որ ինչ «կռուտիտներ» էլ հորինեն նրա թիմակիցները՝ հասարակության մեջ դժգոհության վիթխարի ալիք կա, եւ այդ հարցը պետք է ինչ-որ ձեւով լուծել։ Բայց ինչպե՞ս։ Ցանկացած շատից-քչից գրագետ քաղտեխնոլոգ կառաջարկի ամենապարզ լուծումը՝ պետք է ցույց տալ, որ իրականում դժգոհության ալիքն այնքան էլ մեծ չէ, եւ դա պետք է ցույց տալ հրապարակայնորեն՝ այնպես, որ բոլորը տեսնեն։ Իդեալական տարբերակը հետեւյալն է՝ իշխանությունները պիտի ամեն ինչ անեն, որ որեւէ քաղաքական ուժ բողոքի շարժում սկսի, հրապարակում հավաքի, ասենք, ընդամենը մի 2-3 հազար մարդ, հետո ասի՝ «դե ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի պայքարում» ու գնա տուն։ Մնացածն արդեն իշխանությունների անելիքն է։ Հետո նրանք ցանկացած պահի կհիշեն այդ ձախողված շարժումը, անհրաժեշտության դեպքում կադրեր կցուցադրեն սակավամարդ հանրահավաքներից եւ այդ ամենը կներկայացնեն որպես անհերքելի ապացույց՝ «տեսեք, 3 միլիոնանոց Հայաստանում ընդամենը 3 հազար մարդ է դեմ արտահայտվում Սերժ Սարգսյանի վարչապետությանը»։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ քաղաքական դաշտում հենց այդ սցենարն էլ իրագործվում է, եւ իշխանություններն ու «Ելք» դաշինքն անպայմանորեն համագործակցում են։ Այն, ինչ անում է (կամ մտադիր է անել) Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ իրեն եւ իր ղեկավարած քաղաքական ուժին ձեռնտու է։ Պարզապես այնպես է ստացվել, որ դա լիովին ձեռնտու է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին։ Նման զուգադիպություններ քաղաքականության մեջ լինում են։ Երբեմն՝ նույնիսկ մի քանի անգամ։

Հասարակությունն, իհարկե, ամեն ինչ տեսնում ու հասկանում է, բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ հասարակության՝ ամեն ինչ տեսնելն ու հասկանալը (եւ որպես արդյունք՝ փողոց դուրս չգալը) նույնպես ձեռնտու է երկու կողմերին։ Երեւի սա էլ է զուգադիպություն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30