11.04.2017 09:14 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Բնական, բայց ոչ սովորական Week End

Բնական, բայց ոչ սովորական Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԻՐԱՔ։ Մոսուլում «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության զորայինները դեպի զինվորների կողմը փախուստի դիմելու փորձ կատարելու համար ամենաքիչը 50 մարդ են սպանել։ Ըստ ականատեսների, տեռորիստները մահապատիժն իրականացրել են Մոսուլի կենտրոնում՝ դիակները փողոցներում թողնելով։

Իրաքյան ռազմական հետախուզությունը հայտարարել է Մոսուլում «Իսլամական պետության» 2 ռուսաստանցի հրամանատարներին ոչնչացնելու մասին։ Հայտնի է, որ լիկվիդացիան իրականացրել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները։ ՌԴ քաղաքացի տեռորիստ-հրամանատարները հայտնի են որպես Աբու Հուզայֆա (ազգությամբ ռուս) եւ Աբու Թամարա (ազգությամբ չեչեն) անուններով։

Հակաահաբեկչական հսկողության հատուկ բաժանմունքները Մոսուլի արեւմտյան հատվածի Մաթահին շրջանն ամբողջովին ազատագրել են «Իսլամական պետության» տեռորիստներից։ Զինօպերացիայի հրամանատարի խոսքերով, «տեռորիստները մարտերում մեծ կորուստներ են կրել»։

ՍՈՄԱԼԻ։ Մոգադիշոյի զինբազայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Ըստ տվյալների, պայթուցիկ սարքը գործի է դրել տեռորիստ-մահապարտը, որի նպատակը բարձրաստիճան զինպաշտոնյաների ոչնչացումն է եղել։ Հայտնի է, որ պայթյունը ոչնչացրել է այդ պահին բազային հարող տարածքով անցնող խաղաղ բնակիչներով լի միկրոավտոբուսը։ Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ-Շաբաբ» տեռորիստական խմբակցությունը, որը Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ զինված պայքար է մղում եւ խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործողություններին։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Շախե քաղաքում տեղացի տուրիստներին տեղափոխող ավտոբուսի շրջվելու հետեւանքով 3 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Վթարի ժամանակ ավտոբուսում 35 մարդ է գտնվել։ Մեքենայի վարորդը ձերբակալված է, միջադեպի պատճառները չեն հայտնվում։

ՖՐԱՆՍԻԱ։ Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը` Սիրիայում զինբազայի  հրթիռակոծությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարով համար է թողարկել։ Նկարի վրա Ամերիկայի նախագահը թռչող հրթիռի ֆոնին ինքնահավան ժպտում է։ «Ապրիլին արա այն, ինչ ուզում ես», ասվում է ծաղրանկարի մեկնաբանության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրիական Շայրաթ ավիաբազային թեւավոր հրթիռներով հարված հասցնելու հրաման է տվել։ Ըստ Ամերիկայի նախագահի, այդ օդանավակայանից Իդլիբ շրջանում քիմիական հարձակում է իրականացվել, որում Վաշինգթոնը մեղադրում է Դամասկոսին, թեպետ ամերիկյան իշխանությունը միջադեպում սիրիական իշխանության մեղավորության հետ կապված ոչ մի ապացույց չի կարողացել ներկայացնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի ակտ» է անվանել։

ՄԱՆԻԼԱ։ Երկրի հարավային մասում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Լուսոն կղզում` 42,7 կմ խորության տակ։ Մեկ այլ՝ 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի է ունեցել կղզու հարավային մասում։ Զոհերի եւ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ՇՎԵԴԻԱ։ Ստոքհոլմում իրականացրած տեռակտի զոհերի հիշատակի կապակցությամբ իջեցվել են բոլոր դրոշները։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բեռնատարը մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել Ստոքհոլմի Դրոթնինգաթան կենտրոնական հետիոտնային փողոցի վրա գտնված մարդկանց. 550 մ անցնելուց հետո մեքենան բախվել է Ahlens առեւտրի կենտրոնի շենքին։ Մեքենան պատկանել է Spendrups ընկերությանը, այն գողացվել է կանգառի ժամանակ, երբ վարորդը բեռով գտնվում էր հաճախորդի մոտ։ Վրաերթի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Վրաերթը հայտարարված է որպես տեռակտ։ Ոստիկանությունը բեռնատարի գործով մի տղամարդու է ձերբակալել. ըստ լրատվամիջոցների, տեռորիստը 39-ամյա ուզբեկստանցի Ռահմաթ Աքիլովն է, ով, Շվեդիայում ապաստան տրամադրելու դիմումի մերժումից հետո դեպորտացիայից խուսափելու համար հետախուզության մեջ էր գտնվում։ Ոստիկանության հայտարարությամբ, Աքիլովը համակրում է ծայրահեղական կազմակերպություններին։

ՍԻՐԻԱ։ Խասիա քաղաքում ուղեւորներով լի ավտոբուսում ռումբ է պայթել, որի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել։ Տրանսպորտային միջոցը տեղափոխում էր բանվորներին։ Միջադեպի մանրամասները չեն հայտնվում։

ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Ջամու եւ Քաշմիր նահանգում լրացուցիչ ընտրությունների օրը տեղի ունեցած մասսայական անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Հայտնի է, որ առանձին շրջաններից նահանգի սահմանադրական ասամբլեայի եւ ստորին պալատի ընտրությունների դեմ բողոքի ակցիաները սկսվել են դեռեւս ընտրություններից օրեր առաջ։

ԵԳԻՊՏՈՍ։ Տանտա քաղաքի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 42 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տվյալների, մեծ հզորությամբ պայթուցիկ սարքը գործի է դրվել աղոթողների դահլիճում։ Վկաների խոսքերով, պայթուցիկը գործի է դրել տեռորիստ-մահապարտը։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Ալեքսանդրիա քաղաքի եկեղեցում, որում այդ պահին ներկա էր Ղպտի պատրիարք Թավադրոս II-ը։ Պայթյունի հետեւանքով 17 մարդ զոհվել է, 47-ը՝ վիրավորվել։ Հայտնվում է, որ մահացածների թվում կան 4 ոստիկաններ, ովքեր կյանքի գնով թույլ չեն տվել, որ տեռոիստ-մահապարտը ներխուժի եկեղեցի, ինչը թույլ է տվել խուսափել զոհերի ավելի մեծ քանակից։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Երկու պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցությունը։

ԼԵՀԱՍՏԱՆ։ Սվեբոձիցե քաղաքում բնակելի շենք է փլուզվել, որի հետեւանքով 6 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հաջողվել է 2 մարդ էվակուացնել, մոտ 15 մարդ մնացել է փլատակների տակ։ Նախնական տվյալներով, քարե շինությունը փլուզվել է կենցաղային գազի արտահոսքի հետեւանքով։

ՆՈՐՎԵԳԻԱ։ Օսլոյի կենտրոնում Ակերսելվի կամուրջի տակ թողած փոքրիկ արկղի մեջ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Սակրավորները ոչնչացրել են արկղը. ոստիկանները դժվարանում են առարկան ռումբ անվանել, սակայն նշվում է, որ սարքի ոչնչացման ժամանակ պայթյունն ավելի ուժգին էր, քան սպասվում էր։ Տվյալ գործով ոստիկանությունը 17-ամյա ռուս տղայի է ձերբակալել, ով 2010 թվականից իր ընտանիքի հետ նորվեգական ապաստանի է սպասում։ Կասկածյալի անունը չի հայտնվում։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Երեւի սովորական, բայց բնական՝ ոչ սովորական հետընտրական կրկես։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30