11.10.2013 14:52 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բեւեռվել են

Արեւմուտքը պրագմատիկ է մոտենում Ադրբեջանի ընտրություններին

Արեւմուտքը պրագմատիկ է մոտենում Ադրբեջանի ընտրություններին

Երեկ Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրն էր։ Գլխավոր ինտրիգը, իհարկե, այն է, թե քանի տոկոս ձայն կհավաքի գործող նախագահ Իլհամ Ալիեւը՝ 90-ից բա՞րձր, թե՞ ցածր։

Բոլոր դեպքերում, Արեւմուտքը ուշադրությամբ է հետեւում ընտրությունների ընթացքին, իսկ արեւմտյան մամուլն արդեն առաջին գնահատականներն է տալիս։

«Արդյո՞ք Ալիեւը չի հագենում հաղթանակներից։ Դժվար թե, քանի որ նա երբեք իրեն հավասարազոր մրցակիցներ չի ունեցել։ Նախորդ անգամ նա հաղթել էր խորհրդային ժամանակներին արժանի՝ 88,73% արդյունքով, իսկ այժմ պատրաստվում է ավելի խոշոր հաղթանակի»,- նշում է ֆրանսիական «Լը Մոնդը»։

Իլհամ Ալիեւը կարողացավ իշխանությունը պահպանել իր հոր՝ Հեյդար Ալիեւի փորձարկված մեթոդների շնորհիվ։ Նա Ալիեւ-ավագից ստացավ Ադրբեջանի իշխանությունը՝ բռնապետության ավանդույթներով։

Թղթի վրա Բաքուն կարող է հպարտանալ ֆինանսական ցուցանիշներով։ Երկրում դինամիկ կերպով զարգանում է էներգետիկ ոլորտը։ Ադրբեջանական նավթի պաշարները գնահատվում է մոտ 7 մլրդ բարել, իսկ գազինը՝ 2,6 մլրդ խմ։

Սակայն բոլոր այս թվերի տակ թաքնված է դաժան իրականությունը. գործնականում բոլոր տնտեսական ռեսուրսները Ալիեւի կլանը իր ձեռքում է հավաքել։ Այն, ինչ Ալիեւինը չէ, գտնվում է Փաշաեւների կլանի ձեռքում, որը նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի ընտանիքն է։

Ալիեւի վարչախումբը խանդոտ կերպով պահպանում է իր տնտեսական ունեցվածքն ու առանց այլեւայլության ճնշում իրեն ուղղված  ցանկացած մարտահրավերի փորձ»,- նշում են արեւմտյան վերլուծաբանները։ Այս ճնշումներն ուժեղացան «արաբական գարնան» հետ, երբ երկրի ղեկավարությունը մտահոգված էր, որ Մերձավոր Արեւելքից եկած համաճարակը կարող է վարակել նաեւ Կովկասը։

Միեւնույն ժամանակ, արեւմտյան հանրությունը առայժմ զերծ է մնում  ադրբեջանական առաջնորդի հանդեպ ուղիղ մեղադրանքներից, որը իրեն հաճույքով ներկայացնում է Իրանի դեմ պայքարի ռահվիրա։ Բացի այդ, երկրում ցանկացած ցնցում մեծացնում է Բաքվի կախվածությունը Մոսկվայից, իսկ Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանը շրջանցելով ելք ունենալ դեպի Կասպից ծովի հարստությունները։

Ժամանակակից բեւեռացված աշխարհում Ադրբեջանը հակասությունների ուսումնասիրության հետաքրքիր օբյեկտ է, նշում է «Վաշինգթոն Փոստը»։ Դա ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է, որը սեղմված է երկու երդվյալ թշնամիների՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ։ Դա շիա պետություն է, որը մերժել է Թեհրանի թեոկրատիան՝ հօգուտ աշխարհի կառավարման եւ հարաբերություններ է զարգացնում Իսրայելի հետ։ Բացի այդ, դա նախկին աշխարհիկ պետություն է, որը տնտեսության սոցիալիստական համակարգից դուրս է եկել եւ այժմ բուռն տնտեսական զարգացում է ապրում նավթարդյունաբերության շնորհիվ։

Այս գործոնների պատճառով ընտրությունները Վաշինգթոնի դիվանագիտական, հետախուզական եւ ռազմական շրջանակներում մեծ հետաքրքրություն են առաջացնում։ «Դա միակ երկիրն է, որը սահմանակցում է եւ Իրանին, եւ Ռուսաստանին։ Հետեւաբար, նա առանցքային պետություն է, երբ խոսքը գնում է Իրանին ճնշելու մասին»,- նշել է հայտնի ամերիկյան փորձագետ Մայքլ  Ռուբինը։ Վերջինիս կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը իր օգտին լուծելու համար Երեւանը թեքվեց դեպի Ռուսաստան, իսկ Բաքուն դիմեց Արեւմուտքին. «Այնպիսի զգացողություն է, որ եթե Ադրբեջանը փոխի իր կողմնորոշումը, ապա Ամերիկան կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում»,- նշել է Ռուբինը։

Այս ամենը հաշվի առնելով, Սպիտակ տունը ստիպված է ադրբեջանական ավտորիտարիզմի նկատմամբ ինչ-որ միջին մոտեցում ցուցաբերել։ Մանավանդ որ Բաքուն հերքում է քաղաքացիական ազատությունները ճնշելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք։

«Մի կողմից Ալիեւի պաշտոնավարման թերությունը ժողովրդավարության իսպառ բացակայությունն է, իսկ դրականը՝ տնտեսության զարգացումն էր,- նշել է ամերիկյան փորձագետը։ - Սա է պատճառը, որ իմ կարծիքով, Ալիեւի հանդեպ պետք է մի փոքր ավելի հանդուրժող լինել, եւ ես չեմ հավատում, որ Ադրբեջանում հնարավոր է կայուն ժողովրդավարություն առանց լայն միջին խավի։ Իսկ Ալիեւը, ինչպես երեւում է, մտադիր է նախ կայացնել այդ միջին խավը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31