31.05.2016 14:10 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արծվիկը մտածել ա

Առաջարկում են ներսից շրջափակել Հայաստանը

Առաջարկում են ներսից շրջափակել Հայաստանը

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե չի բացառվում, որ շաքարավազի ներկրման ոլորտում օրենքով մենաշնորհ հաստատվի, ու դրա փոխարեն մենաշնորհ ունեցող ընկերության առջեւ որոշակի պարտավորություններ դրվեն` պիտի շաքարի գործարանն աշխատի այսքան տոկոս հզորությամբ, այսքան ու այսքան աշխատատեղ պիտի բացվի, այսքան հարկեր վճարվեն եւ այլն։ Արծվիկ Մինասյանը նույնիսկ օրինակ է բերել` Շվեյցարիայում աղի ներկրման մենաշնորհը պատկանում է այն ընկերությանը, որը տեղում աղ է արդյունահանում։

Կարելի է, իհարկե, մի լավ «ղժժալ» Արծվիկ Մինասյանի վրա, հիշեցնել, թե ընդամենը մի քանի տարի առաջ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ինչ բոցաշունչ ելույթներ էր ունենում մենաշնորհների դեմ պայքարի մասին, դաշնակների «սկզբունքայնության» մասին մի քանի նոր անեկդոտներ հորինել եւ այլն, բայց փորձենք ավելի լրջորեն մոտենալ հարցին։ Ի վերջո` խոսքը միայն շաքարավազի ներկրման մենաշնորհի մասին չէ, մարդը տնտեսական նոր մոդել է առաջարկում։

Ո՞րն է այդ մոդելի իմաստը։ Քանի որ Հայաստանում արտադրվող ապրանքի ինքնարժեքը բարձր է (հոսանքը թանկ է, գազը թանկ է, բենզինն ու դիզվառելիքը թանկ են, հարկերը բարձր են, տրանսպորտային ծախսերը մեծ են եւ այլն), տեղում արտադրություն կազմակերպելը ձեռնտու չէ, դրսից ներկրելն ավելի շահավետ է։ Եթե ներկրման մենաշնորհները վերացվեն, եւ «ով ինչ ուզի` ներկրի», մրցակցություն կլինի, գները կիջնեն, եւ տեղում որեւէ բան արտադրելն ընդհանրապես անիմաստ կդառնա։ Եվ ահա առաջարկվում է սահմանները փակել (օրենքով մենաշնորհներ հատկացնելը հենց սահմանները փակել է նշանակում), որպեսզի Հայաստանում ամեն ինչ թանկ լինի, եւ տեղում ինչ-որ բան արտադրելն իմաստ ունենա։ Տեսեք` Սամվել Ալեքսանյանն Ախուրյանում շաքարի գործարան կառուցեց, գյուղացիներն էլ ոգեւորվեցին, թե «հեսա ճակնդեղ կաճեցնենք, կհանձնենք գործարանին»։ Բայց պարզվեց` գործարանը ճակնդեղն ընդունում է առավելագույնը 30-35 դրամով, գյուղացիներն էլ որոշեցին, որ այդ գնով ավելի լավ է իրենց ապրանքը տանեն շպրտեն, ու արդյունքում` գործարանը կամ համարյա չի աշխատում, կամ աշխատում է դրսից բերված հումքով։ Հիմա, ըստ «նոր մոդելի», Սամվել Ալեքսանյանին պիտի օրենքով իրավունք տրվի շաքար բերել ու ինչ գնով ուզում է` վաճառել, բայց դրա դիմաց նա պարտավորվում է գյուղացիներից ճակնդեղ մթերել, ասենք, 50-60 դրամով եւ արտադրել թանկ շաքարավազ։ Արդյունքում` կստացվի, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում «արտաքին աշխարհում», Հայաստանը դառնում է մեկուսացված կղզի, որտեղ ամեն ինչ շատ թանկ է, ընդ որում` թանկ է արհեստականորեն։

Ի դեպ` ժամանակ առ ժամանակ փորձ է արվում այս մոդելը կիրառել նաեւ այլ «ապրանքային շուկաներում»։ Օրինակ` մի քանի ամիսը մեկ Արարատյան դաշտի ֆերմերներն անպայման բողոքի ցույցեր են անում եւ պահանջում արգելել թուրքական էժան բանջարեղենի ներկրումը, որպեսզի իրենց աճեցրած բարձր ինքնարժեքով բանջարեղենը վաճառվի։ Եվ ժամանակ առ ժամանակ նման խոչընդոտներ իսկապես ստեղծվում են, ու մի քանի հարյուր գյուղացիական տնտեսություններ շահում են, մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացիներ` տուժում։

Մի խոսքով` Արծվիկ Մինասյանը մոտավորապես խորհրդային տնտեսական մոդելն է առաջարկում. այն է` սահմանվում է մենաշնորհ, իսկ գործարարների վրա «պլան է դրվում», թե ինչ պիտի արտադրեն, ինչքան ու ինչ գնով վաճառեն։ Ընդ որում` խորհրդային տարիներին այս մոդելը երբեմն աշխատում էր։ Օրինակ` եթե պետությունը արտասահմանյան հագուստ ներկրելու մենաշնորհ չունենար, եւ ով ինչ ուզեր` ներկրեր, «Գարուն» արտադրական միավորման արտադրանքը չէր սպառվի, ու հիմնարկը կփակվեր։ Բայց ուշադրություն դարձրեք` նույնիսկ Խորհրդային Միությունը չդիմացավ տնտեսական այդ մոդելին։ Որովհետեւ ադմինիստրատիվ լծակներով տնտեսություն զարգացնել հնարավոր չէ։

Մինչդեռ այլընտրանք կա։ Պետությունը պետք է պարզապես հետեւի, որ տնտեսական ոլորտում նորմալ մրցակցություն լինի։ Ինչը ձեռնտու է ներկրել` պիտի ներկրվի (եւ դրանով պիտի զբաղվեն բոլոր ցանկացողները), ինչը ձեռնտու է արտադրել` պիտի արտադրվի (դրանով նույնպես պիտի զբաղվեն բոլոր ցանկացողները)։ Միաժամանակ պետությունը պիտի ձգտի այնպես անել, որ տեղում արտադրելն այնուամենայնիվ ավելի ձեռնտու լինի, քան ներկրելը։ Բազմաթիվ ապրանքատեսակների գծով դա լավ էլ հնարավոր է։ Բայց մի պայմանով` պիտի մրցակցություն լինի։

Իսկ երկիրը ներսից շրջափակելը տնտեսության զարգացման լավագույն ճանապարհը չէ։ Եթե անգամ բյուջեի մուտքերի առումով առաջին հայացքից գայթակղիչ է թվում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30