30.03.2018 06:19 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տուբերկուլյոզ

Տուբերկուլյոզի բուժման նախապայմաններից է հանրային իրազեկումը

Տուբերկուլյոզի բուժման  նախապայմաններից է հանրային իրազեկումը

Ամեն տարի մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր, որի հիմնական նպատակն է իրազեկել հանրությանը հիվանդության եւ իրականացվող միջոցառումների մասին։ ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Հայրապետյանը «ՉԻ» հետ զրույցում, խոսելով Հայաստանում տուբերկուլյոզի համաճարակաբանական իրավիճակի մասին, նշեց, որ թեեւ էական դրական տեղաշարժ է նկատվում տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունքում, այդուհանդերձ տուբերկուլյոզը շարունակում է մնալ հանրային առողջապահության հիմնախնդիր։

Ըստ Արմեն Հայրապետյանի՝ տղամարդկանց մեջ տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքերը 3 անգամ ավելի շատ են արձանագրվում, քան կանանց։ Պատճառներից մեկը արտագնա աշխատանքի մեկնելու փաստն է, եւ միգրանտները այդ առումով ռիսկային խմբում են։

- Պարոն Հայրապետյան, տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, իրականում որո՞նք են հիվանդության տարածման պատճառները, միայն վարա՞կը, թե՞ իրենց դերն ունեն, օրինակ, վատ սնունդը, կեցության անբավարար պայմանները եւ այլն։

- Ինչպես եւ ցանկացած  վարակիչ հիվանդություն, տուբերկուլյոզը  ունենում է վարակի աղբյուր, որը տվյալ պարագայում մարդն է,  իսկ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Վարակվելու համար մարդուն անհրաժեշտ է  հարուցիչի համապատասխան խտություն եւ երկարաժամկետ  սերտ շփում հիվանդի հետ։ Տուբերկուլյոզը, իհարկե, սոցիալական հիվանդություն է, բայց սխալ է այն միանշանակ համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, նրանով կարող է վարակվել ցանկացած մարդ, եւ շատ են դեպքերը, որ նորմալ պայմաններում ապրող մարդիկ եւս վարակվում են այս հիվանդությամբ։ Այդ պատճառով հիվանդությունը միանշանակ որակել «սոցիալական», այնքան էլ ճիշտ չէ։

- Հայաստանում տուբերկուլյոզի  դեմ պայքարը որքանո՞վ է բավարար եւ որքանո՞վ է արդյունավետ։

- Եթե ցուցանիշները համեմատենք նախկին Խորհրդային Միության երկրների հետ, ապա Հայաստանը բավական բարվոք վիճակում է։ Հաշվի  առնելով, որ հիվանդացությունը Ռուսաստանում գրեթե երեք անգամ բարձր է, քան Հայաստանում, նույն պատկերը ունենալով նաեւ Ուկրաինայում, Բելառուսում, միջինասիական երկրներում, հարեւան Ադրբեջանում, ապա պետք է արձանագրել, որ մեր երկիրը բավական հուսադրող ցուցանիշներ ունի նաեւ դեղակայուն տուբերկուլյոզի մասով։

- Կա տեսակետ, որ հիվանդացության դեպքեր ավելի շատ գրանցվում են քրեակատարողական հիմնարկներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Կարծում եմ նման կարծրատիպը վաղուց ժամանակավրեպ է դարձել, որովհետեւ քրեակատարողական համակարգում վեց ամիսը մեկ ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում, որը հնարավորություն է տալիս վաղ  հայտնաբերել դեպքը եւ կանխել տարածումն ու զարգացումը։

- Իսկ տարիքային ո՞ր խմբերի մեջ է ավելի շատ արձանագրվում այդ հիվանդությունը, կա՞ նման վիճակագրություն։

- Տուբերկուլյոզը Հայաստանում  հիմնականում 20-25 տարեկանից մինչեւ 54  տարեկանների շրջանում է, այսինքն՝  աշխատունակ տարիքի անձինք են։ Բուժումն արդյունավետ դարձնելու նպատակով մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում արտահիվանդանոցային եւ առաջնային պահպանման ծառայությունների ամրապնդման եւ կատարելագործման միջոցով հասնելու առավելագույն չափով մարդակենտրոն համակարգի ներդրմանը։ Այդ կերպ մեր երկրում տուբերկուլյոզի` տարեկան ավելի քան 10%-ով նվազող հիվանդացության ֆոնի վրա հնարավոր կդառնա վարակի արդյունավետ վերահսկումը, ակտիվ հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը, բուժման բարեհաջող ելքերի ցուցանիշի բարձրացումը։ Ներկայումս իրականացվում է երկրում տուբերկուլյոզային ծառայությունների տեղաբաշխման, կադրային հագեցվածության եւ այլ կարիքների գնահատում, իրավական դաշտի վերանայում, որին կհաջորդի գործողությունների հստակ ճանապարհային քարտեզի կառուցումը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30