08.12.2017 12:49 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վաստակա՞ծ է հանգիստդ, վաստակավոր

Որտեղ պիտի ձմեռեն Հայկազ Բաղմանյանի խեցգետինները

Որտեղ պիտի ձմեռեն Հայկազ Բաղմանյանի խեցգետինները

Ուրեմն, Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանի մասով հորդորել է Վիգեն Սարգսյանին, Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին հորդորել է Հայկազ Բաղմանյանին, Հայկազ Բաղմանյանն էլ հորդորվելով երկու Սարգսյաններից` աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Ընդամենը։ Ոչ տույժ, ոչ տուգանք, ոչ պատասխանատվություն, ոչ պատիժ։ Ոչ մի նման բան։ Պարզապես Բաղմանյանն էլ չի լինի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Բայց դա չի նշանակում, թե նա չի վարի իր 150 հազար դոլարանոց մեքենան եւ բիզնեսները, չի ապրի իր ապարանքներում, չի ուտի այն, ինչ կերել է նախկինում։ Ուղղակի Բաղմանյանն էլ ստիպված չի լինի գնալ գործի, գլուխ դնել զինվորների ու սպաների հետ եւ վերջապես հարկադրված չի լինի քրտնել զինվոր ծեծելով ու խոշտանգելով։

Հայկազ Բաղմանյանն ընդամենը  գնացել է վաստակած հանգստի։ Իսկ որեւէ մեկը կասկածու՞մ է գեներալ-լեյտենանտի վաստակին։

Օրինակ, պատահե՞լ է, որ զինվոր խոշտանգեք։ Զզվելի ծանր գործ է։ Էլ չասած, որ էդ զինվորներն առանց հրամանի մեռնում են ու մարդուն գցում կրակի մեջ։ Դրանց մայրերն էլ փողոցներից տուն չեն գալիս, թե` «Գտեք մեր որդիներին խոշտանգողին, պատասխանատվության ենթարկեք մեր որդիներին սպանողներին»։ Տիգրան Օհանջանյանի մայրը որդուն հողին հանձնելուց հետո նախագահականի դռները մի օր պարապ չի թողել։ Արդեն 11 տարի։ Ասում է, որ որդու մարմինը խոշտանգված է եղել, ու որ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի Կարճաղբյուր զորամասում` կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակից մոտ 3 մետր հեռավորության վրա։ Էդ կանանց ո՞նց ասես, որ իրենց որդուն մեռնելու հրաման չէր տրված, այլ խոշտանգմանն ու ստորացմանը դիմանալու։ Հայկազը մեղավո՞ր է, որ նրանք հրամանին չեն ենթարկվել ու մեռել են։ Հայկազը կնանոց էդքան բանը ո՞նց բացատրի։ Ներվեր ունի՞։

Իսկ երբեւէ գողություն արած կա՞ք։ Էն էլ` բանակից։ Կարծում եք հե՞շտ բան է։ Դե, պատկերացրեք, 2015 թ. սկզբին գրված հայտարարագրում Բաղմանյանն ուներ 856 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին` 10 միլիոն 272 հազար դրամ։ Կատա՞կ բան է։ Մենակ մեծ-մեծ դատապարտում եք։ Մարդը տքնաջան գողություն է արել` արյուն-քրտինքով։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը լրիվ մտավ Բաղմանյանի դրության մեջ ու բան չասաց։ Քառօրյա պատերազմից հետո էլ, երբ պարզվեց, որ ռազմական մեքենաներում վառելանյութ չի եղել առաջնագիծ հասնելու համար, էլի բան չասաց։ Մեկ էլ հանկարծ տարվա վերջին աշխատանքից ազատման հորդորներ է ուղարկում` տեսեք-տեսեք, շինանյութ է պակասում։ Էլ ոնց կլինի։ Շատ անկանխատեսելին է այդ Սերժ Սարգսյանը։

Մինչդեռ Հայկազն էնքան գեներալ-լեյտենանտ է, որ համակարգին անխոնջ ծառայելու վերջին շնչում էլ նպաստում է Սերժ Սարգսյանի ռեֆորմի իմիտացիային։ Քարոզչության իմաստով։ Փաստը վերցնում ես, յուրովի մեկնաբանում, ստացվում է, որ Վիգեն Սարգսյանը հորդորել է Հայկազ Բաղմանյանին հեռանալ, քանի որ վերջինս թերացել է աշխատանքում եւ այլեւս չի համապատասխանում բանակաշինության նոր ռեֆորմի նորմերին։ Հիմա բոլորը մի-մի փեդ առած` Հայկազ Բաղմանյանի թերացումներն են փնտրում։ Մարդն իր համար խեցգետին է արտահանում։ Կարծում եք` բիզնե՞ս է անում։ Ոչ։ Էկոլոգիական հավասարակշռությունն է պահպանում եւ բանակի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակն է հոգում, որ խեցգետինները չոչնչացնեն մանր ու անհետացող ձկնատեսակներին, չլցվեն ծովափերը, ծովափերից չլցվեն բանակն ու զինվորներին չվարակեն... Հազար ու մի բան կարող են վարակել այդ խեցգետինները։ Դրա համար էլ Հայկազ Բաղմանյանը բռնում ու դրանց արտահանում է։

Իսկ դուք ասում եք` Հայկազը բիզնեսմեն է։ Հայկազը հիմա իր ապագան դասավորելու երկու ճանապարհ ունի` կամ վաստակած հանգիստը զարդարել որեւէ հետաքրքիր երկրում արտոնյալ արկածներով` իբրեւ ՀՀ դեսպան, կա'մ դառնալ ռեֆորմների դուրս թքած քաղհալածյալը։ Հայկազ Բաղմանյանը երկու հանձնարարություններն էլ ի վիճակի է պատվով կատարել։ Իսկ թե այս երկուսից որն է բարոյապես ավելի ազնիվ` կորոշի Սերժ Սարգսյանը։ Ինչպես նաեւ այն, թե սրանից հետո որտեղ պիտի ձմեռեն Հայկազ Բաղմանյանի խեցգետինները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30