13.01.2017 08:28 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նախընտրական եռուզեռում

ՀՀԿ-ն համաձայն է «ցանկացած այլ տարբերակի»

ՀՀԿ-ն համաձայն է  «ցանկացած այլ տարբերակի»

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտն ավելի շատ պարահրապարակ է հիշեցնում, որտեղ քաղաքական ուժերը, հրավերի սպասող օրիորդների նման, դիրքավորվել են պատերի տակ ու ձեւացնում են, թե պարն իրենց ամենեւին չի հետաքրքրում, իրենցից ամեն մեկը չորս-հինգ պոտենցիալ կավալեր ունի, եւ ընդհանրապես` հենց իրենք են իրադրության տերը։

Սա բավականին անլուրջ եւ նույնիսկ ծիծաղելի իրավիճակ է, մինչդեռ Հայաստանի վիճակը բոլոր առումներով շատ լուրջ է։ Եվ քաղաքական ուժերի պահվածքի անլրջությունը պարզապես աչք է ծակում իրավիճակի լրջության ֆոնին։

 Ո՞րն է այս հակադրության պատճառը։ Բանն այն է, որ քաղաքական ուժերը կամ իրենք իրենց այդպիսին համարողներն այս օրերին խոսում են բացառապես այն մասին, թե ով ում հետ է գնալու ընտրությունների, ով ում հետ է դաշինք կազմելու կամ համագործակցելու, ով ում հետ է «գտնվում բանակցությունների փուլում» եւ այլն, իսկ թե կոնկրետ ինչի շուրջ են համագործակցելու կամ դաշինք կազմելու` այդ մասին ոչ մի խոսք։ Այսինքն` առայժմ միակ «գաղափարը» համատեղ ուժերով խորհրդարանում հայտնվելն է, իսկ թե ինչ պիտի անեն խորհրդարանում հայտնվելուց հետո` մնում է անհայտ։ Ընդհանուր բնույթի ձեւակերպումներ, իհարկե, կան. պայքարել կոռուպցիայի դեմ, զարգացնել տնտեսությունը, ամրապնդել ժողովրդավարությունը, բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը եւ այլն, բայց այդ կարգի ընդհանուր բաներ ՀՀԿ-ն էլ է ասում։ Արդեն 15 տարի է` ՀՀԿ-ն էլ է պայքարում կոռուպցիայի դեմ, զարգացնում տնտեսությունը, ամրապնդում ժողովրդավարությունը եւ այլն։ Ժողովրդի սոցիալական վիճակի մասին էլ չխոսենք. 15 տարի է որտեղ բռնում` բարելավում են։

Այնպես որ` պետք է մի կողմ դնել ընդհանուր բնույթի հայտարարությունները եւ հարցին նայել շատ ավելի գործնական տեսանկյունից։ Իսկ ավելի կոնկրետ` ի՞նչը կփոխվի երկրում, եթե, ասենք, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն էլի մեծամասնություն ունենա, բայց ԲՀԿ-ի փոխարեն խորհրդարանում հայտնվի որեւէ «ավելի լայն դաշինք», ՕԵԿ-ի կամ «Ժառանգության» փոխարեն` որեւէ «Հայկական վերածնունդ», «Ելք» կամ «Համախմբում», կամ` դեռեւս անուն չունեցող որեւէ նոր ուժ (ասենք` Վիկտոր Դալլաքյանի ու Սեյրան Օհանյանի ղեկավարած որեւէ կառույց), եւ այսպես շարունակ։ Վստահաբար` երկրում որեւէ բան չի փոխվի։ Կփոխվեն ընդամենը «երկրորդ պլանի» դերակատարները։ Գուցե հեռուստաէկրաններին ինչ-որ նոր դեմքեր հայտնվեն, հռետորաբանությունը փոխվի, հներից մի քանիսն ընդմիշտ դուրս մնան քաղաքական ասպարեզից, բայց մեծ հաշվով` ամեն ինչ կմնա նույնը։

Մինչդեռ քաղաքական ուժերը հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում են։ Այսինքն` մտել են մի գործընթացի մեջ, որտեղ իրենց համար լավագույն ելքը կարող է լինել ընդամենը հաջորդ խորհրդարանում մի քանի մանդատ ունենալը։ Այսինքն` համարյա ամբողջ քաղաքական դաշտը լծվել է մի գործի, որի արդյունքը լինելու է այն, որ գործնականում ամեն ինչ մնալու է նույնը։ Ընդ որում, խնդիրը նույնիսկ այն չէ` այդ ուժերից որեւէ մեկն ի վիճակի՞ է իշխանափոխություն իրականացնել, թե ոչ։ Խնդիրն այլ կերպ է դրված` եթե այդ ուժերից որեւէ մեկը ՀՀԿ-ի փոխարեն մեծամասնություն ունենա, երկրում էական փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ։ Օրինակ, եթե ԲՀԿ-ն հաղթի, ի՞նչը պիտի փոխվի երկրում։ Կամ ի՞նչը պիտի փոխվի, եթե հաղթեն, ասենք, «Հայկական վերածնունդը», «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի առայժմ վիրտուալ կառույցը եւ այլն։ Չէ՞ որ նրանք իշխանական համակարգի դեմ չեն պայքարում, նրանք պայքարում են իշխանական համակարգում տեղ ունենալու կամ արդեն ունեցած տեղն ամրապնդելու համար։

Երկրում ինչ-որ բան կփոխվի միայն այն դեպքում, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենան կամ դաշնակցականները, կամ կոմունիստները, կամ Հայ Ազգային Կոնգրեսը։ Դաշնակցության հաղթանակի դեպքում, հեռու տնից-տեղից, այդ փոփոխությունները հազիվ թե որեւէ լավ բանի հանգեցնեն։ Կոմունիստներ գործնականում չկան։ Արդյունքում` ստացվում է, որ միայն ՀԱԿ-ի հաղթանակը կարող է որեւէ բան փոխել։ Անկախ նրանից` մեծ է դրա հավանականությունը, թե չնչին։ Փաստն այն է, որ ցանկացած այլ տարբերակի դեպքում որեւէ լուրջ փոփոխություն չի լինելու։

Ու սա, ի դեպ, ամենալավը հենց իշխանություններն են հասկանում։ Դրա համար էլ աշխատում են «ցանկացած այլ տարբերակի» օգտին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30