04.04.2017 05:26 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կուկլա խորհրդարանն իրա թաշախուստով

Ծյունինգ արված քաղաքական դաշտը

Ծյունինգ արված քաղաքական դաշտը

Եվ այսպես, խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Բացահայտ առավելությամբ հաղթեց Ավետիք Իսահակյանը։ Մեծ բանաստեղծի պատկերով թղթադրամի օգտին քվեարկեց ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 80 տոկոսը։

Թե կոնկրետ որ քաղաքական ուժերի միջեւ բաշխվեցին այդ տոկոսները` էական չէ։ Կարեւորն այն է, որ մեր հասարակարգն այսուհետ դրված է շատ ամուր հիմքերի վրա։ Խորհրդային հասարակարգն, օրինակ, հիմնված էր բանվոր դասակարգի եւ գյուղացիության անխախտ դաշինքի վրա, իսկ մեր հասարակարգն ապրիլի 2-ից հետո հիմնված է կաշառք տվողների եւ կաշառք վերցնողների նույնքան անխախտ դաշինքի վրա։

Հիմա սոցկայքերում աղմուկ բարձրացնել, հայհոյել, «նախշել» սեփական ժողովրդի բարոյական նկարագիրը, սպառնալ արտագաղթով եւ այլն` սրանք անիմաստ էմոցիաներ են։ Վերջին հաշվով` այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, ավելի շատ ոչ թե ընտրությունների էր նման, այլ ընտանեկան բռնության տեսարանների։ Իսկ ընտանեկան բռնությունների դեպքում ամեն ինչ շատ կանխատեսելի է։ Եթե ամուսինն ամեն օր ծեծում է կնոջը, ու հանկարծ կողքից ինչ-որ մեկը փորձում է միջամտել, առավել հաճախ սրանք անմիջապես միավորվում են, հարձակվում կողքից միջամտողի վրա ու շան լափ թափում գլխին` թե քո ի՞նչ գործն է, ինչո՞ւ ես մտնում մատի ու մատանու արանքը, էսօր ծեծում է` վաղը մի նվեր կտա, կբարիշենք։ Այնպես որ` «մատի ու մատանու արանքը մտնել» երեւի իսկապես չարժե. կաշառք տվողներն ու կաշառք վերցնողներն իրար ավելի լավ են հասկանում ու իրար արժեն, համ էլ` «ծեծում է, ուրեմն սիրում է»։

Այնպես որ` պետք է մի կողմ թողնել էմոցիոնալ գնահատականները եւ փորձել հասկանալ, թե ի՞նչ իրական վտանգներ է պարունակում ստեղծված նոր իրավիճակը։

1. Քաղաքական կյանքը Հայաստանում կարելի է ավարտված համարել։ Որովհետեւ եթե ամեն ինչ որոշվում է «քյաշ» փողով, բնականաբար` իշխող ուժը միշտ կհաղթի։ Այն պարզ պատճառով, որ իշխանությունների` փող «աշխատելու» հնարավորությունները միշտ ամենամեծն են։ Իսկ սա վաղ թե ուշ կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի, որովհետեւ եթե քաղաքական պայքար չկա` ինչ-որ բան փոխելու այլ ելք պարզապես չի մնում։ Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության 80 տոկոսին քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում։ Միայն մի օրինակ բերենք։ Ե՛վ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ե՛ւ «Ազատ դեմոկրատները» հանդես եկան հստակ քաղաքական դիրքորոշմամբ։ Եվ ի՞նչ։ Սամվել Ալեքսանյանը միայնակ նույնքան ձայն հավաքեց, որքան այդ երկու ուժերը միասին։

2. Շատ մեծ է վտանգը, որ արտագաղթի նոր ալիք կսկսվի։ Ի վերջո այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հասարակության մոտ 20 տոկոսի համար կարեւորը ոչ թե փողն է, այլ երկրի ապագան, բայց միաժամանակ այդ 20 տոկոսի համար ակնհայտ դարձավ, որ իրենք կաշառք վերցնող 80 տոկոսի նկատմամբ անհուսալի փոքրամասնություն են, եւ բնականաբար` նրանք Հայաստանում պիտի իրենք իրենց օտար զգան։ Ու պիտի կամ համակերպվեն, կամ արտագաղթեն։

3. Պետության ապագայի նկատմամբ հասարակության այսօրինակ վերաբերմունքը Սերժ Սարգսյանին թեւեր է տալիս` հիմա արդեն նա կարող է առանց վախենալու ստորագրել, ասենք, ղարաբաղյան կարգավորման ցանկացած փաստաթուղթ։ Բնականաբար` պատասխանատվությունն իր վրայից գցելով ու հայտարարելով, թե հարցը պիտի նախօրոք դրվի հանրաքվեի։ Իսկ հանրաքվեի արդյունքների հարցում արդեն պրոբլեմ չկա. Ավետիք Իսահակյանը կամ Մարտիրոս Սարյանը կօգնեն։ Եթե քաղաքացիների մի հսկա զանգված իր երկրի ապագան տասը հազար դրամով վաճառում է, Ղարաբաղի ապագա՞ն ինչու չպիտի վաճառի։ Արդարացումն էլ կա ու կա` «մեկ ա, իմ ձենով ոչ մի բան չի փոխվելու, ոնց որոշել են` տենց էլ բդի ըլնի»։

Կարծում եք` իշխանությունները չե՞ն գնա այդպիսի քայլի, կարծում եք` Արցախի անվտանգությունը նրանց համար լուրջ արժե՞ք է։ Իսկ դուք հարցրեք նրանց, ովքեր ապրիլի 2-ի գիշերը` ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, Երեւանի տարբեր ռեստորաններում հրավառություններ էին կազմակերպել։

Իսկ մնացած հարցերում ամեն ինչ նորմալ էր։ Բավականին արդար ընտրություններ էին` ով ինչքան փող ծախսեց, այնքան էլ ձայն ստացավ։ Արդյունքում էլ «կուկլա» խորհրդարան կունենանք` «իրա թաշախուստով». ընդդիմությունով-բանով...

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30