12.01.2018 07:36 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բարեգործական տեռոր

Բարեգործական լվացումներ

Բարեգործական լվացումներ

Բարեգործության սրի մի կողմում բարեգործվողներն են, մյուս կողմում` բարեգործության մեջ անպարկեշտություն տեսնողները։ Երկու ճակատում էլ հայտնվածներին այլ բան չի մնում, քան պաչել այդ սուրը եւ դնել ճակատին։ Դրությունը, հասկանում եք, շահեկան է միայն բարեգործների համար, որովհետեւ նրանք իրենց անխոցելիությունն արդեն գնել են հե'նց բարեգործության ակտի պահին։ Իսկ ակտն անուրանալի է, որովհետեւ մի ձեռքն այնպես է տեղյակ դարձել մյուսի արածից, որ բոլոր անդամները վկան եղան։

Բարեգործությունից հետո մնում են միայն բարեգործի անժխտելի արժանիքները, որոնք քննարկման ենթակա չեն։ Իսկ կոնյուկտուրան` ակտի սոցիալական, քաղաքացիական ու քաղաքական աստառը, ոչինչ է, քանի որ բարեգործի «անժխտելի արժանիքներն» արժեն քաղցած երեխայի մի փոր հացը, հիվանդ երեխայի մի սրվակ դեղը, տկլոր երեխայի մի շապիկը, մրսող երեխայի մի կապ վառելափայտը, հեռուստացույցը նվաճած տեղական աստղի հետ հանդիպելու երազանքը։

Լիքը սոված, կիսամերկ, հիվանդ երեխաներ։ Ծնողները` խեղճուկրակ, ոչ բան ունեն, ոչ գործ, ոչ իրավունք։ Ի՞նչ պետք է անել այս պարագային, եթե հոգիդ բարի է ու գործող։ Իհարկե, պետք է  բռնել ու մի լավ բարեգործել։  

Եվ այդպես, Հայաստանում մոլեգնում է բարեգործության ոգին։ Այն արդեն դուրս է եկել մանկատների, ծերանոցների, տնակային ավանների շրջանակներից եւ թեւածում է երկրով մեկ։ Ավելին` բարեգործությունը խրախուսվում ու հովանավորվում է պետականորեն` Հանրային («Եթե բոլորը») եւ Կենտրոն («Ես կամ») հեռուստաընկերությունները եթեր են թողարկում բարեգործական ծրագրեր։ Հանրայինի եթերը հնարավորություն է տալիս ամեն հայի դառնալ բարեգործ` իր լուման փոխանցելով հիվանդ երեխայի բուժմանը, իսկ Կենտրոնը ցուցադրում է արդեն կատարվածը` քահանայի միջնորդությամբ` աղոթքն ու օրհնությունը ներառյալ։ Աղոթքից ու օրհնությունից, անշուշտ, բարեգործվողներին էլ է հասնում, որ միշտ հիշեն իրենց հանդեպ բարի գտնվողներին եւ իրենք էլ բարին սերմանեն։ Իսկ ամանորի եթերն այդ երեխաների համար դարձավ այն օրհնյալ հնարավորությունը, երբ նրանք կարող էին երգով իրենց երախտագիտությունը հայտնել բոլոր բարերարներին միանգամից` հաղորդման հեղինակ, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանին, Գագիկ եւ Ռոզա Ծառուկյաններին, բարեգործության գծով միջնորդ Տեր Շահե քահանային եւ հայկական աստղերին։ Դառնաշունչ երգն ավարտվեց երեխաների կատարած մուրացկանի ժեստով` ձեռքերը պարզելով դեպի բարեգործողները։ Ներկաները գոհ էին եւ բավական լցված։

Բարերարության խեղաթյուրումն անխուսափելի էր, որովհետեւ բարեգործության քրիստոնեականացումը երկերեսանիության եւ կեղծիքի վրա էր ի սկզբանե։ Տեր Շահեն չէր կարող փոխել իրավիճակը` տեղափոխելով երեխաների եւ բարեգործների դերերը` հաղորդման հեղինակ Ջավահիր Եղիկյանին, մայր եւ որդի Ծառուկյաններին ու հայոց աստղերին կանգնեցնելով բեմում եւ երգեցնելով սնանկ, տնանկ ու հիվանդ երեխաների համար, եթե, իհարկե, երգելն այդքան պարտադիր էր։ Տեր Շահեն դա չէր կարող անել` որքան էլ  քրիստոնեական ուսմունքն այն մասին է, որ բարեգործությունը միշտ հանուն բարերարի է։ Ինչ թեթեւությամբ, գեղեցկությամբ, առքուփառքով ու մարքեթինգով բարերարները լվացին իրենց ձեռքերն ու խիղճը երեխաների արցունքի մեջ։

Եթե հոգեւորականը` տվյալ դեպքում Տեր Շահեն, պետական իշխանությանը ոչինչ չունի ասելու գողության, ստախոսության եւ անբարոյականության մասին, մնում է միջնորդել իշխանական եւ օլիգարխիկ ձեռքերի ու ոտքերի լվացումներին հարստահարվածների աղքատության մեջ։ Այդպես շահեկան է` շահում ես դու, շահում է պետությունը։ Անշուշտ, ռոմանտիկ ձեւակերպում է, որովհետեւ անգամ մեծ հուզախաբությունը չի խանգարում տեսնել եւ հասկանալ, թե ինչի մասին են ազդարարում այսպիսի բարեգործական լայնածավալ արշավները։ Պետական գործող համակարգերը փորձում են ազատվել բարեգործական կազմակերպություններից, քանի որ դրանք տնտեսական ռեսուրսների տրամադրման հաշվին ձեռք են բերում իշխանություն` հակակշռելով պետությանը։ Բայց եթե եկեղեցին օլիգարխիայի, մի աչքաբաց կնոջ եւ մասնավոր հեռուստաընկերության հետ ձեռք ձեռքի հաց, հույս ու հավատ է բաժանում երեխաներին, այլ բան չի նշանակում, քան պետության չգոյությունն է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30