26.01.2018 08:52 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Մանրից առաջնորդում են

Անցած շաբաթը անցավ Սարգսյանների նշանաբանի ներքո: Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին ելույթ ունեցավ, որը շատերի մեջ հիացմունք առաջացրեց: Հատկապես այն հատվածը, որտեղ նա պատասխանում է Ադրբեջանի պատվիրակի հարց-մեղադրանքին՝ Արցախի «օկուպացման», տարատեսակ միջազգային կառույցների բանաձեւերի չկատարման վերաբերյալ:

Հիացրել է, որ Սերժ Սարգսյանը մի լավ «չրփել» էր ադրբեջանցուն, շատ լավ խոսել արցախահայության, Արցախի ազատ ապրելու իրավունքի մասին, վճռականություն հայտնել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի ենթակայության տակ եւ այլն:

Ինչ խոսք, ելույթը կարելի է հայրենասիրական համարել: Բայց երբ ասում են, թե Սերժ Սարգսյանը պետության իսկական առաջնորդին վայել ելույթ ունեցավ, սա է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետեւ Սերժ Սարգսյանի հիմնական գործը ԵԽԽՎ-ում ելույթ ունենալը չէ: Այլ՝ երկիրն այնպես ղեկավարել, որ այդ պետության քաղաքացիները արժանապատիվ կյանքով ապրեն, աղքատություն չլինի, արտագաղթ չլինի, գյուղեր ու դպրոցներ չդատարկվեն, մենաշնորհներ չլինեն, գործազրկություն եւ անարդարություն չլինի, որ մարդիկ հպարտանան իրենց հայրենիքով, իրենց եռանդը, ինտելեկտը, հնարավորությունները ի փառս երկրի օգտագործեն:

Առաջին հերթին հենց այս առկա իրավիճակի առաջնորդն է Սերժ Սարգսյանը: Թեկուզ աշխարհի ամենահրաշալի, Լառոշֆուկոյով ու Նիցշեով համեմված ելույթ լինի, այն ընդամենը ելույթ է, որը կարող է ունենալ ցանկացած ոք: Սերժ Սարգսյանի տեղը Ռոբերտ Քոչարյանը լիներ կամ՝ Անդրանիկ Մարգարյանը, նույն ոգով ու նույն ոճով կպատասխաներ ադրբեջանցուն:

 ՈՉ ԱՌԱՋԻՆԸ, ՈՉ՝ ՎԵՐՋԻՆԸ 

Ելույթի համար «առաջնորդի» գնահատական տալ. դա նշանակում է երկիրը եւս մեկ քայլ մոտեցնել տոտալիտարիզմին: Որովհետեւ միայն տոտալիտար համակարգում է, որտեղ իրականությունն ու խոսքը տրամագծորեն հակառակ բեւեռներում են: Վերցրեք Ստալինի, Բրեժնեւի, Խրուշչովի, Կաստրոյի, Չավեսի ելույթները. հրաշալի մտքեր են հայտնել, վեհ գաղափարներ, գեղեցիկ արտահայտություններ, որոնք ոչ մի աղերս չունեին իրականության հետ, որի մեջ թաթախված էին համակարգում ապրողները: Խրուշչովը խոսում էր խաղաղության մասին, բայց պետության բյուջեի ահռելի մասը միջուկային զենք արտադրելու վրա էր ծախսվում, 50 հազար տանկ էին սարքում, Ստալինը խոսում էր երջանիկ ու ուրախ կյանքի մասին, իսկ Ուկրաինայում ու Ղազախստանում 6-7 մլն մարդ սովից մահանում էր:

Բրեժնեւը ելույթ էր ունենում խոսքի ազատության, բազմակարծության մասին, իսկ ԿԳԲ-ն այլախոհներին հոգեբուժարաններն էր լցնում, Սախարովին էր աքսորում: Չավեսը օրումեջ բռունցքը սեղանին խփելով, հզոր պետություն կառուցելու մասին էր խոսում, որի արդյունքում երբեմնի զարգացած Վենեսուելան ծայրահեղ թշվառության է մատնվել, ինֆլյացիան այնտեղ աշխարհում ամենաբարձր տեմպերն ունի:

Մենք էլ ենք այդ ճանապարհին: Տոտալիտար համակարգում կյանքը առանց Ստալինի հնարավոր չէր, կամ՝ առանց Բրեժնեւի, Կաստրոյի: Այդ միտքն էր մշտապես սերմանվում հանրությանը: Որ առաջնորդները այլընտրանք չունեն: Նրանց հավասարը չկա: Հիմա մեզ մոտ են սկսել այդ թեզը զարգացնել: Չկա, պարզապես չկա Սերժ Սարգսյանից ավելի լավը: Միայն նա կարող է շարունակել ղեկավարել երկիրը: Մերուժան Տեր-Գուլանյան լինենք, թե խաբում ենք:

 ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ 

 Սա չի նշանակում, թե մենք էլ ենք ամբողջատիրական համակարգում ապրում: Բայց մենք ապրում ենք մի ժամանակշրջանում, որը կարելի է անվանել անցումային: Եթե 1990-ին ամբողջատիրականից անցում եղավ դեպի ժողովրդավարական հասարակարգ, իսկ դա մի քանի տարի տեւեց, ապա հիմա հակառակ գործընթացն է՝ անցում դեպի ամբողջատիրությունը՝ իր բոլոր «հրաշալի» երեւույթներով: Հարմարվողականություն, քծնանք, կարիերիզմ ու բացարձակ անտարբերություն հայրենիքի նկատմամբ: Հայրենիքը միայն ելույթներում է լավը:

Այդ երեւույթները «մանրից» մտնում են մեր կենցաղ, փոխում մեր հոգեբանությունը: Որ ասում են՝ ԽՍՀՄ-ում արդարություն կար, նկատի ունենալով՝ սոցիալական արդարությունը, ճիշտ չէ, այն ժամանակ էլ կար «ոսկե երիտասարդություն»՝ հիմնականում «ցեկայի» չինովնիկների զավակները, որոնց ամեն ինչ թույլատրելի էր, որոնք ցոփ ու շվայտ կյանք էին վարում: Այսօր էլ կա: Նրանց գոյության մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ ոստիկանական լրահոսից. վթարներ, ծեծ ու ջարդ գիշերային ակումբներում, բիզնեսմեն, դասալիք:

Դժվար է ասել, թե մեզ ինչ է սպասվում առաջիկայում, բայց բացառված չէ, որ գան ժամանակներ, երբ քրեական հետապնդում նախատեսվի առաջնորդին վիրավորելու (այսինքն՝ քննադատելու) համար:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30