29.10.2016 10:41 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մոլորվիր, որ ընտրես

«Բարի» նախագահի ու «չար» վարչապետի դուետը

«Բարի» նախագահի ու «չար» վարչապետի դուետը

«Բարի քննիչ-չար քննիչ» հնարքի մասին բոլորը գիտեն։ Քննիչներից մեկն իբր շատ չար է ու անընդհատ գոռգոռում է կասկածյալի վրա, հետո հեռանում է, գալիս է «բարի» քննիչը, ծխախոտ-բան տալիս, ու կասկածյալն ի վերջո ամեն ինչ խոստովանում է։

Դատելով վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներից` Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը հենց այդ խաղն են խաղում։ Ընդ որում` «բարին» Սերժ Սարգսյանն է, «չարը»` Կարեն Կարապետյանը։ Հենց նա է աջուձախ բշտում սրան-նրան, պաշտոններից հանում, վաղուց կայացած կոռուպցիոն սխեմաներ քանդում, սպառնում պայքարել «պրիմիտիվ գողությունների» ու մենաշնորհների դեմ եւ այլն։

Եվ երկար տարիներ իշխանական կերակրատաշտի մոտ հարմարավետ տեղավորված հանրապետականներից շատերը, բնականաբար, խիստ անհանգստացած են։ Կոնյունկտուրան պահանջում է հրապարակավ ողջունել Կարեն Կարապետյանի «պայքարը» կոռուպցիայի դեմ, բայց շատերը ներքուստ տագնապած են, քանի որ չգիտեն, թե մինչեւ ո՞ւր է հասնելու «պայքարը», եւ արդյո՞ք իրենց նույնպես չեն զոհաբերելու։

Հարց է առաջանում` իսկ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք այս խաղը։ Բանն այն է, որ առջեւում ընտրություններ են, իսկ ընտրական նոր օրենսգիրքը կտրուկ նվազեցրել է լայնամասշտաբ կեղծիքների հնարավորությունը, այնպես որ` «տոկոս խփելն» այս անգամ բարդ է լինելու։ Եվ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին «մոտիվացնելու» խնդիր ունի։ Հատկապես նրանց, ովքեր տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով ձայներ են ապահովել իր համար։ «Բարի քննիչ-չար քննիչ» խաղը հենց թիմակիցներին մոտիվացնելու հարցն է լուծում։

Մի քանի օր առաջ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ նախագահությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու տարբերակը կդիտարկի միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն «ընտրություններում շատ լավ քվե ստանա»։ Սա շատ հստակ ուղերձ է առաջին հերթին հենց ՀՀԿ-ականներին` «մի՛ անհանգստացեք, «չար» Կարեն Կարապետյանի օյին-զոյինները երկար չեն տեւելու, դուք ընտրություններում ինձ համար հաղթանակ ապահովեք` ես վարչապետ դառնամ, իսկ նրա համար կամ մի անշառ գործ կգտնենք, կամ կուղարկենք այնտեղ, որտեղից եկել է»։ Եվ այս ուղերձը լավ էլ ընկալվել է։ Բոլոր նրանք, ում Կարեն Կարապետյանը պաշտոնանկ է արել ու շարունակում է բշտել, հերթով հայտարարում են, թե առաջիկա ընտրություններում կրկնապատկված եռանդով են աշխատելու ՀՀԿ-ի օգտին։ Թեեւ տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե նեղացած են (իսկ նրանք հաստատ նեղացած են), ինչո՞ւ պիտի աշխատեն հարազատ կուսակցության օգտին։ Բայց նրանց համար դա սկզբունքային խնդիր է. պիտի «շեֆին» ցույց տան, որ նա ընտրություններում հաղթել է ոչ թե Կարեն Կարապետյանի քարոզչական շոուների, այլ իրենց «եռանդուն աշխատանքի» շնորհիվ։ Որպես պարգեւատրում` ձախողված Կարեն Կարապետյանը կհեռանա վարչապետի պաշտոնից, «շեֆը» կզբաղեցնի նրա տեղը, իրենք էլ կվերադարձնեն իրենց կորսված տեղերը կերակրատաշտի մերձակայքում։

Կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այս ամենը բաց տեքստով չի ասում, ինչո՞ւ է պահպանում անորոշությունն իր քաղաքական ապագայի հարցում։ Որովհետեւ բաց տեքստով ասելու դեպքում հետեւանքները կարող են վտանգավոր լինել։ Չէ՞ որ իշխող համակարգի ներսում է Սերժ Սարգսյանը «բարի», Կարեն Կարապետյանը` «չար»։ Հասարակության համար Սերժ Սարգսյանը «չար» է, Կարեն Կարապետյանը` դեռեւս անորոշ։ Դե հիմա պատկերացրեք` այս իրավիճակում ո՞վ ձայն կտա ՀՀԿ-ին, եթե պարզ ասվում է, որ ՀՀԿ-ի հաղթանակ` նշանակում է Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանություն առնվազն եւս հինգ տարի ժամկետով։ Դրա համար էլ ամեն ինչ տողատակերով է ասվում։ Որպեսզի թիմակիցները հասկանան եւ լավ աշխատեն ընտրությունների ժամանակ (ու Սերժ Սարգսյանը վերադարձնի «երանելի ժամանակները»), իսկ ժողովուրդը չհասկանա եւ ձայն տա ՀՀԿ-ին` մտածելով, թե Կարեն Կարապետյանի քայլերը ՀՀԿ-ի «վերադաստիարակվելու» վկայությունն են։

Մի խոսքով` Սերժ Սարգսյանը, այսպես ասենք, մոլորության մեջ է գցում ե՛ւ նեղացած թիմակիցներին (որովհետեւ ընտրություններում հաղթելուց հետո նրանց ոչ մի տեղ էլ չի վերադարձնելու), ե՛ւ հասարակությանը (որովհետեւ Կարեն Կարապետյանը ոչ թե պայքարում է կոռուպցիայի դեմ, այլ ընդամենը «ծյունինգ է անում» համակարգը` հընթացս նաեւ վերաբաշխելով «լուրջ փողեր աշխատելու» լծակները)։

Իսկ «բարի» ու «չար» քննիչներն, ի դեպ, նույն գործն են անում` հանուն ընդհանուր նպատակի։ Սա կանոն է առանց բացառության։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30