05.07.2012 00:59 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ոճիր եւ պատիժ

Վահեն ի՛մ հարազատն էր ու պատասխան եմ պահանջում

Վահեն ի՛մ հարազատն էր ու պատասխան եմ պահանջում

Ուրբաթ օրը՝ հունիսի 29-ին, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացավ «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված եւ ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը։ Վերջին չորս օրվա ընթացքում ողջ լրահոսը, վիրտուալ եւ իրական Հայաստանն ապրում էր հենց այս ողբերգական իրադարձությամբ։ Ինչ տեղի ունեցավ այս օրերի ընթացքում՝ փորձենք ներկայացնել հերթով՝ առանձնացնելով «ՉԻ»-ի կողմից կարեւորված գործընթացները։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԲԱՆԴԱՅԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՄԵԿ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Ովքե՞ր ցավակցեցին Վահե Ավետյանի հարազատներին. առաջինը դա արեց Հայ Ազգային Կոնգրեսը, որի տարածած ցավակցական ուղերձում նշված էր. «Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր եւ ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ։ Դեռեւս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առեւանգվեց եւ նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը։ Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որեւէ քայլ՝ պատժելու մեղավորներին։ Շուրջ մեկ տարի առաջ, կրկին նույն ռեստորանում, Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավվեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց։ Իրավապահների թեթեւ ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն։ Վահե Ավետյանի եւ երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը։ Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը։

Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության եւ պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարհանքը եւ լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի եւ նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայությանն են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման եւ ընտրողներին ահաբեկելու եւ սեփական իշխանությունը պահելու նպատակով։

Առանց վարանելու, Վահե Ավետյանի մահը կարելի է որակել որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների եւ օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն։ Հայ Ազգային Կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր եւ իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար»։

 ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ԳՈՒՅԺ, ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ԱՊՏԱԿ Է ՄԵՐ ՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ցավակցական ուղերձ-հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ Երեւանի մարզային ժողովը. «Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժ, ահազանգ եւ ապտակ է մեր ողջ հասարակությանը, Սահմանադրությամբ իրավական եւ ժողովրդավարական հռչակված Հայաստանի Հանրապետությանը։

Մեր հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վավերական դարձած բռնությունը, զոռբայությունը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, անպատժելիությունը, ամենաթողությունն ու ցինիզմը խաթարում են իրավական պետության հիմքերը, հյուծում մեր հասարակությունը, նվաստացնում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, հոռետեսության ու հուսալքության դատապարտված հայ մարդուն դրդում իր ապագան Հայաստանի սահմաններից դուրս փնտրել։ ՀՅԴ Երեւանի մարզային ժողովը դատապարտում է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ զինված ուժերի սպաների նկատմամբ իրագործված դաժան ծեծի փաստը, այն դիտում երկրում առկա քաղաքական, բարոյական եւ հոգեբանական ավանդույթների ու մթնոլորտի արդյունք ու հետեւանք։

Ցավակցում ենք Վահե Ավետյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, մեր ողջ հասարակությանը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կատարվածին տալ համարժեք քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատական եւ մեղավորներին՝ դրդիչներին, կազմակերպիչներին ու իրագործողներին պատժել ՀՀ օրենքների ողջ խստությամբ», ասված էր հայտարարության մեջ։

 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ ՄԵԾԱԳՈՒՅՆ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն էլ երեկ հայտարարություն տարածեց. «Այսօր հողին հանձնվեց 35-ամյա Վահե Ավետյանի աճյունը, ում ողբերգական մահը ցնցեց հասարակությանը եւ ծանր հուշեր արթնացրեց անպատժելիության մթնոլորտից ծնված այլ վայրագությունների ու զոհերի մասին, որոնց ցավալիորեն բազմիցս ականատես ենք եղել։ Խորապես ցավակցում ենք Ավետյանի ընտանիքին, ազգականներին, գործընկերներին եւ խստագույնս դատապարտում նրա մահվան պատճառ հանդիսացած դաժան ծեծի մասնակիցների հանցագործությունը, ինչպես նաեւ նրանց չարգելողների ու չզսպողների մեղսագործ անտարբերությունը։ Թեեւ թերահավատությամբ` ակնկալում ենք, որ հանցանքն ամբողջությամբ բացահայտելու եւ մեղավորներին խստագույնս պատժելու մասին իրավապահ մարմինների հավաստիացումները  կհաստատվեն արդյունքներով։

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով հանցագործության համար մեծագույն բարոյական պատասխանատվությունը կրում է համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Ցանկանում ենք հավատալ, որ կատարվածի դատապարտման վերաբերյալ նրա խոսքերն անկեղծ են, եւ Հայրապետյանը խորհում է ԱԺ պատգամավորի մանդատից բխող բարոյական պատասխանատվության եւ կատարվածից հետո մանդատից հրաժարվելու բարոյական հարկադրանքի մասին։

Միեւնույն ժամանակ` կատարվածի պատճառ համարելով Հանրապետությունում չփարատվող անպատժելիության մթնոլորտը, երկրի նախագահից պահանջում ենք կատարվածի դատապարտման խոսք եւ իրավիճակի բեկման քայլեր»։

 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍԵԼ Է ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Խոսքեր չեմ գտնում ասելու Վահեի ծնողներին, ընտանիքին, երեխաներին», իր հերթին շաբաթ օրը ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Վերջինս ցավակցել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին։ Ըստ նախարարի՝ տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում առաջին հերթին պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը. «Տեղի ունեցածը ողբերգություն է։ Մահացել է երիտասարդ բժիշկ, կենսուրախ մարդ», ասել է նա եւ հավելել, որ անելու է ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ։

 ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ  ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՆԵՄԵՑՆԵՐԻՆ

Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է,  որ շատ վատ է զգում կատարվածի համար եւ բոլորին զգուշացրել է. «Վերջին անգամ եմ զգուշացնում՝ բանակին մատով չկպնեք. ովքեր ախրաննիկներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող լավ պահեն իրենց»։ Ի դեպ` բարձրաստիճան պաշտոնյաներից  թաղման արարողությանը ներկա է եղել միայն  ՊԲ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։

 ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ  ՀԵՌԱԽՈՍՈՎ ԽՈՍԵԼ Է  ՆԵՄԵՑԻ ՀԵՏ

Պնախարար Սեյրան Օհանյանը չի մասնակցել Վահեի հոգեհանգստի, ինչպես նաեւ թաղման արարողությանը։ Փոխարենը նա երեկ առավոտյան կարճ ժամանակով մտել է Վահեյենց տուն եւ ցավակցել վերջինիս հարազատներին։ «Հայաստանում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք, եւ գոյություն ունեցող օրենքները պետք է պահպանել», ավելի ուշ Դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո երեկ հայտարարել է Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետեւանքով զինվորական բժիշկ է զոհվել, եւ դրան հաջորդած միջադեպին, երբ փոխգնդապետը համալիրի վրա նռնակ նետելու փորձ է կատարել։ «Դեպքը կատարվելուց անմիջապես հետո մենք այն դատապարտել ենք։ Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք, եւ պետք է օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի թե սպա, քանի որ ժամանակ առ ժամանակ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, եւ ամեն մեկը փորձում է իր «ես»-ն առաջ տանել։ Լավ է, որ «Հարսնաքարի» ղեկավարությունը եւս այդ տեսակետին է», նկատել է Օհանյանը։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ մենք փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը։ Գտնում եմ, որ տվյալ պարագայում մենք չպետք է ավելորդ միջոցառումներ կազմակերպենք։ Իրավապահ մարմինները զբաղվում են դրանով` գործին օրինական ընթացք տալով», նշել է նախարարը։ 

Նկատենք, որ հուլիսի 1-ի գիշերը Զինված ուժերի փոխգնդապետ, ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը փորձել է պայթեցնել Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։ Ռեստորանում զինվորական պայուսակում հայտնաբերվել են երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ։ Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում։ Ժամը 07.25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք։ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է` Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։ Սամվելյանն արդեն հարցաքննվել է եւ տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

 «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ»  ՄԻՋԱԴԵՊԸ` ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ  ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ անդրադառնալով  «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված, այնուհետեւ գլխուղեղի վնասվածքներից  մահացած  Վահե Ավետյանի դեպքին, ասել է, թե տեղի ունեցածը ինքը համարում է օրենքը արհամարհելու արդյունք։ Ոստիկանապետը նշել է, որ առաջիկայում վերացնելու են օլիգարխի թիկնապահների ինստիտուտը` ասելով` թող ազնիվ աշխատեն եւ թիկնապահի կարիք չեն ունենա։ Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը երկրում գոյություն ունեցող անպատժելիության մթնոլորտի ապացույց չէ, ոստիկանապետը պատասխանել է. «Իմ կարծիքով, դա հիմարության եւ անդաստիարակության արդյունք է, օրենքներն արհամարհելու արդյունքն է, զոռբայության արդյունք է։ Ես կարծում եմ, որ այդ զոռբայության դեմը մենք կառնենք։ Այսպես ասած թիկնապահի ինստիտուտ այստեղ գոյություն չունի, ուղղակի հասարակության մեջ ընդունված է, օգտագործվում է այդ բառը։ Թիկնապահներ կան մեր գերատեսչությունում, իսկ այդ մարդիկ, ովքեր թիկնապահ են համարվում, ուղղակի մարդիկ են, որոնք իրենց կոչել են թիկնազոր, եւ ման են գալիս։ Չեն լինելու այդպիսի բաներ։ Հիմա Ազգային ժողովում այդպիսի օրենքի քննարկումներ են գնում, եւ չի լինելու այդպիսի բաներ։ Թող ազնիվ լինեն եւ (օլիգարխներին) դա պետք չի լինի»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Հարսնաքարի» գործով հարցաքննվել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, եւ արդյո՞ք նա եւս պետք է պատասխանատվություն կրի, Գասպարյանն ասել է, թե իր կարծիքը օրենքի հետ համահունչ է, եւ նախաքննությունը բոլոր այդ հարցերին կպատասխանի։ «Քննությունը կպատասխանի բոլոր հարցերին եւ կլինի բացառապես թափանցիկ։ Ոչ ոք չի կարող ուղղորդել քննությունը», ասել է նա  ու  խոստացել է առավելագույն սկզբունքայնություն դրսեւորել ռազմական բժիշկներին  ծեծի ենթարկելու եւ նրանցից մեկի` Վահե Ավետյանի մահվան գործով։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ «ԼՔԵԼ» Է ՖԵՅՍԲՈՒՔԸ

Երեկ «Slaq.am»-ը տեղեկացրել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջն այլեւս գոյություն չունի։ Կայքը տեղեկացնում է, որ հավանաբար պատգամավորն այն փակել է վերջին իրադարձություններից հետո։ Չի բացառվում, որ «Հարսնաքարի» սեփականատիրոջ անձնական էջը բոյկոտել են օգտատերերը, ուստիեւ նա ստիպված է եղել գնալ այդ քայլին։ Կայքը հիշեցնում է, որ սա երկրորդ դեպքն է, երբ Ռուբեն Հայրապետյանը փակում է իր անձնական էջը։ «Ավելի լավ կլինի Ռուբեն Հայրապետյանը իր սպանդանոց օբյեկտները փակի, ոչ թե ՖԲ էջը», արձագանքել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ով ի դեպ առաջարկել է պաշտոնապես դիմել Ֆիֆային` տեղեկացնելով, թե ով է իրականում Ռուբեն Հայրապետյանը։

Իր հերթին հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը` Փիղը, հայտարարել է.  «Կարծում եմ միջադեպը կրում է քաղաքակական ենթատեքստ, քանի որ դեպքի մեջ այս կամ այն չափով ներգրավված են նաեւ քաղաքական անձինք։ Եթե ներգրավված բոլոր մեղավորները, ոչ թե նրանք, որոնց մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ, պատիժ չկրեն, ապա հասարակության մեջ խնդիր կառաջանա, քանի որ դեպքը ինքն իրենով ահավոր զարհուրելի է, երբ մարդուն ծեծելով սպանում են օրը ցերեկով առանձնապես ոչ մի բանի համար»։

 ՎԱՀԵՆ Ի՛Մ ՀԱՐԱԶԱՏՆ ԷՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՄ  ՊԱՀԱՆՋՈՒՄ

Լրահոսն ամփոփենք գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի` Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում կատարված հետեւյալ գրառմամբ. «Կապանքազերծ օլիգարխիան օգտվելով մեր անկազմակերպվածությունից, ծաղրում էր մեզ։ Հիմա էլ սկսել է սպանել։ Եթե դու Վահե Ավետյանին անձամբ չես ճանաչում, ապա մի կարծիր թե կատարվածը քեզ չի վերաբերվում։ Կվերաբերվի վաղը, մյուս օրը, երբ սպանեն քեզ կամ հարազատիդ։ Իսկ դրանից խուսափելու մի ձեւ կա` դուրս եկ փողոց ու ասա` «Վահեն ի՛մ հարազատն էր ու պատասխան եմ պահանջում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30