03.09.2016 13:42 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հլը տեղ կա՞

Բռնի ուժի վրա հիմնված տնտեսությունը

Բռնի ուժի վրա հիմնված տնտեսությունը

Այն, որ Հայաստանի տնտեսական վիճակն աղետալի է, ակնհայտ է բոլորի համար։ Այդ մասին ե՛ւ ընդդիմադիրներն են խոսում (տարբեր հարթակներից), ե՛ւ իշխանությունները (նեղ շրջապատում կամ «խորհրդապահական» զրույցների ընթացքում)։

Բայց խոսելով ոչ տնտեսությունը կզարգանա, ոչ բյուջեն կլցվի, ոչ էլ արտագաղթը կկասեցվի, մինչդեռ իրավիճակն իսկապես բարդ է, որովհետեւ արդեն  առաջիկա ամիսներին  բյուջեում կարող է փող չգտնվել անգամ  նվազագույն սոցիալական ծախսերի (թոշակներ, նպաստներ եւ այլն) համար։  

Այնպես չէ, որ իշխանությունները ձեռքերը ծալած նստել են ու ոչինչ չեն անում։ Հակառակը` մի ուրիշ կատաղությամբ են ոտուձեռ ընկել։ Ինչ գնով էլ լինի` պետք է լցնել բյուջեն ու միաժամանակ ամեն ինչ անել, որ սոցիալական բողոքի ալիք չբարձրանա, իսկ իշխանություններն այդ խնդիրը (եւ ընդհանրապես` ցանկացած խնդիր) լուծելու միայն մի ձեւ գիտեն. կոպիտ ուժը։

Երկու բնորոշ օրինակ բերենք։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրեց, որ հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,3 տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել։ Գրեթե անմիջապես էլ պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, թե բյուջեի մուտքերը դեռ մի բան էլ 2 միլիարդ դրամով ավելացել են։ Ենթադրենք` երկու թվերն էլ ճիշտ են։ Սա նշանակում է, որ ընդամենը երկու տարբերակ կա. կամ ՊԵԿ-ն սկսել է ավելի դաժանաբար «քերել» փոքր ու միջին բիզնեսը, կամ էլ պայքարում է ստվերի դեմ։ Բայց ստվերի դեմ պայքարի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ եթե բիզնեսի ինչ-որ հատված դուրս բերվեր ստվերից` դա անպայման կանդրադառնար նաեւ տնտեսության ծավալների վրա, եւ 4,3 տոկոսանոց անկում հաստատ չէր արձանագրվի։ Իսկ սա նշանակում է, որ ՊԵԿ-ը ընդամենը կատարում է Սերժ Սարգսյանի «դեռ էլի տեղ կա» հրահանգը ու պարզապես տեռորի է ենթարկում բիզնես-դաշտը։ Այսինքն` բյուջեի մուտքերն ապահովվում են համարյա բառիս բուն իմաստով ֆիզիկական ուժ կիրառելով (կամ ուժի կիրառման սպառնալիքով)։ Արդյունքները կերեւան տարեվերջին, երբ պաշտոնապես կհրապարակվի, թե քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել, ու քանի հոգի է մշտապես մեկնել Հայաստանից։

Հիմա` «ուժի կիրառման» երկրորդ դրվագը։ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղը ոտքի է կանգնել եւ պահանջում է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը վճարի դեռեւս անցած տարի մթերած խաղողի գումարները։ Իսկ ընկերությունը պարզապես փող չունի։ Ցանկացած նորմալ երկրում բնական հարց կառաջանար` «բա որ փող չուներ, ինչո՞ւ էր խաղող մթերում»։ Բայց Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Այդ ընկերության ղեկավարը պարզ ասում է, որ ինքը չէր ուզում խաղող մթերել, իշխանությունները զոռով են ստիպել։ Այսինքն` անցած տարի գյուղացիները բողոքի ալիք են բարձրացրել, թե «խաղող ենք աճեցրել` մթերող չկա», իշխանություններն էլ գործարանների սեփականատերերին կանչել են ու «վզներին թիվ դրել»` ուզեք-չուզեք, պիտի այսքան խաղող մթերեք, թե չէ վատ կլինի։ Հիմա էլ նույն այդ իշխանությունները նույն այդ գործարանատերերին զոռով ստիպում են վարկեր վերցնել ու փակել պարտքերը։ Մի խոսքով` կոպիտ ուժով «բիզնես են զարգացնում»։ Արդյունքում` սնանկացած գործարարներ, իրենց չարչարանքից փոշմանած գյուղացիներ ու տնտեսական աճ` բնականաբար, թղթի վրա։ Դեռ լավ է, որ իշխանությունները ՀՀ ազգաբնակչությանը օրենքի ուժով չեն ստիպում շաբաթական առնվազն մեկ շիշ գինի գնել` օրենքը խախտողների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու սպառնալիքով։ Դա էլ կանեին, իհարկե, եթե սոցիալական պայթյունից չվախենային։

Բայց զոռով տնտեսություն զարգացնել հնարավոր չէ։ Զոռով հնարավոր է միայն խլել տնտեսվարողների ունեցվածքը կամ քաղաքացիների վերջին կոպեկները։ Ու քանի որ բյուջետային մուտքերի ապահովման տեսանկյունից արդյունքը նույնն է` իշխանությունները հենց այդպես էլ անում են։ Թե ինչ կլինի մեկ-երկու տարի հետո` նրանց չի հետաքրքրում։ Կարեւորն այս պահին ինչքան հնարավոր է քերելն է։ Իսկ վերջին պահին երկրից «թռնել» միշտ էլ կհասցնեն։ Իշխանության հասնելու առաջին օրվանից հենց դրան էլ նախապատրաստվել են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30