20.10.2017 04:24 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Զոնդաժը սկսված է

Սերժ Սարգսյանը գտել է իդեալական մոդելը

Սերժ Սարգսյանը գտել է իդեալական մոդելը

2018-ի ապրիլին վարչապետի պաշտոնի համար ներիշխանական պայքարն ակնհայտորեն արդեն սկսվել է։ Առնվազն` լրատվամիջոցների մակարդակով։

Բաղրամյան 26-ից ուղղորդվող լրատվամիջոցներից մեկն, օրինակ, «տեղեկություններ» է տարածել այն մասին, թե իբր Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ արդեն իսկ համաձայնություն է կայացվել, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին պիտի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Կարեն Կարապետյանը պիտի դառնա փոխվարչապետ։ Ու իբր սա հիմնավորվել է նրանով, որ ղարաբաղյան բանակցություններում Հայաստանը չի կարող ներկայացնել վարչապետից ցածր պաշտոնյա (հիշո՞ւմ եք ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, թե «հաջորդ վարչապետը պիտի կարողանա դիմագրավել արտաքին-քաղաքական մարտահրավերներին»)։ Փոխարենը` իբր պայմանավորվել են, որ Կարեն Կարապետյանը փոխվարչապետի պաշտոնում պիտի լայն լիազորություններ ունենա եւ փաստացի ղեկավարի տնտեսությունը։

 Հասկանալի է, որ եթե նման պայմանավորվածություն իսկապես ձեռք բերված լիներ` ձեռք էր բերվելու առանձնազրույցի ընթացքում, ու հազիվ թե այդ զրույցի ժամանակ նշված լրատվամիջոցի ներկայացուցիչը սեղանի տակ թաքնված լիներ։ Հետեւաբար` սա ընդամենը խնամքով պատրաստված արտահոսք է, որի նպատակը հասարակական կարծիքի «զոնդաժն» է։ Ու նաեւ` թույլ չտալը, որ հանկարծ Կարեն Կարապետյանի շուրջ քաղաքական թիմ ձեւավորվի։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն արդեն համարյա բացահայտ պայքարի է ելել «իր թիմակցի» դեմ։ Ընդ որում` պատճառաբանությունը («բա ո՞վ պիտի մասնակցի ղարաբաղյան բանակցություններին») այնքան էլ համոզիչ չէ։ 1998 թ. պետական հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մոտավորապես այդպես էին Վազգեն Սարգսյանին համոզում չառաջադրվել նախագահի պաշտոնում` իբր «դու ամուսնացած չես, դա սոլիդ չի, բա ամոթ չի՞ գնաս միջազգային հանդիպումների առանց առաջին տիկնոջ»։ Վերջին հաշվով` բոլորն էլ գիտեն, որ ղարաբաղյան բանակցություններում աշխատանքի 90 տոկոսն անում են փորձագետները, իսկ նախագահներն ընդամենը տեսախցիկների առջեւ զրուցում են։ Այնպես որ` Հայաստանում Սերժ Սարգսյանից ավելի լավ «բանակցող» առնվազն մի քանի հազար մարդ հաստատ կգտնվի։

 Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք` նման համաձայնություն իսկապես կայացել է։ Այդ դեպքում հանգիստ կարող ենք արձանագրել, որ իրականացել է Սերժ Սարգսյանի «մանկության կապույտ երազանքը»` ցմահ պահպանել լիակատար իշխանությունն ու միաժամանակ պատասխանատվություն չկրել բացարձակապես ոչ մի բանի համար։ Իր նախագահության տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ արել է` արտագաղթը բացատրել է «գաղջ մթնոլորտով», իսկ սոցիալ-տնտեսական խայտառակ իրավիճակի համար մուննաթ է եկել կառավարության վրա ու երեք անգամ վարչապետ փոխել (ասես ինքը հեչ կապ չունի այդ ամենի հետ)։ Բայց նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու միակ ձեւը Սահմանադրությունը փոխելն ու վարչապետ դառնալն էր, իսկ դա մի փոքրիկ թերություն ուներ` վարչապետի պաշտոնն արդեն իսկ ենթադրում է ուղղակի պատասխանատվություն սոցիալ-տնտեսական իրավիճակի համար։ Եվ ահա Սերժ Սարգսյանը կարծես թե ձեւը գտել է. ինքը, հասկանում եք, կլինի վարչապետ, բայց տնտեսության վիճակի համար պատասխանատուն կլինի փոխվարչապետը։ Այսինքն` իր հիմնական գործն իբր կլինի «արտաքին մարտահրավերներին դիմակայելը», բայց դա չի խանգարի, որ մի երկու տարին մեկ մուննաթ գա կառավարության վրա ու փոխվարչապետ փոխի։

Ըստ էության` հիմա կառավարման համակարգի հենց այս մոդելի գաղափարն է «զոնդաժ արվում»։ Սերժ Սարգսյանը փորձում է հասկանալ` հասարակությունը կուլ կտա՞ այս խայծը, կհավատա՞, որ ինքը վարչապետի պաշտոնը զբաղեցնելով` չի միջամտելու տնտեսությանը։ Եթե հավատաց` ուրեմն 2018-ին հանգիստ կարող է վարչապետ դառնալ ու չվախենալ ընդվզումից։ Ընդվզման դեպքում էլ փոխվարչապետին կփոխի ու հերթական «նոր ոգին» կբերի։ Հասկանալի է` առանց իր անձնական պատասխանատվության։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30