Այս համատեքստում հասկանալի է վարչապետի ԱԺ պատգամավորներին ուղղված երախտիքի խոսքը, չէ որ հաջողել էր հարազատ կուսակցության ջանքերով ձեռքի հետ ոտքի վրա գրված ծրագիրը սղղացնել ԱԺ օրակարգ։ Սակայն մի փոքր անընկալելի է շահագրգիռ քննարկումների մասին Տիգրան Սարգսյանի հայտնած տեսակետը` նկատի ունենալով, որ կառավարության ծրագիրը սկզբից մինչեւ վերջ անխնա քննադատվեց ու քարկոծվեց հատկապես ընդդիմադիրների կողմից եւ այդ պատճառով ինքն ստիպված էր իր եզրափակիչ ելույթում զբաղվել միայն ինքնապաշտպանության փորձերով։ Հիշեցնենք, որ վարչապետին վիրավորական էին թվացել հատկապես այն մեղադրանքները, որոնց համաձայն նրա հարստությունը կտրուկ աճել է։
Կառավարությունն իր նիստում ուժը կորցրած ճանաչեց ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկը, որը վերաբերում է համապատասխանության պարտադիր հավաստմանը` դրանով իսկ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին, մասնավորապես` ապրանքների ազատ տեղաշարժի դրույթին։ Վարչապետը սկզբում բանախոսից փորձեց ճշտել, թե հարցը ինչի մասին է. «Այսինքն ի՞նչ տնտեսվարողի ա վերաբերվելու սա։ Այսինքն սննդամթերք ներմուծողներին եւ սննդամթերք արտադրողներին ա՞ վերաբերվում»։ Հարցը մանրակրկիտ հստակեցնելուց հետո նա առաջարկեց հավանություն տալ։ Պարզվում է, որ նոր կառավարությունը վերջապես գլխի է ընկել, որ հայ հասարակությունը անվտանգ սնունդ չի օգտագործում, եւ նախկինում կառավարական մակարդակով այդ հարցին ձեւականորեն են վերաբերվել։ Գործադիրի ղեկավարն հենց այդպես էլ նշեց. «Ձեւական ստուգումներից անցնում ենք բովանդակային ռիսկերի գնահատմանը»։
Գործադիրը երեկ որոշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմից հանել Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի հյուրանոցի շենքը եւ «Կատո» մակնիշի հատուկ ավտոկռունկը եւ դրանք համապատասխանաբար հանձնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններին` արտադրական նպատակներով օգտագործելու համար։
Նշենք, որ նիստին հետեւող լրագրողներին ի վերջո հնարավորություն ընձեռվեց լսել կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախագահ Գագիկ Բեգլարյանի` Չոռնի Գագոյի ձայնը, որը լսելի չէր եղել հանրահայտ Պլաչիդո Դոմինգոյի նույնքան հանրահայտ համերգից հետո։ Ճիշտ է, կապի եւ տրանսպորտի նախարար Գ.Բեգլարյանը հյուրանոց բառի փոխարեն ասում էր `«հույրանոց», բայց դա չէր խանգարում, որպեսզի լրագրողները համակ ուշադրությամբ լսեին նրա խոսքը։ Հիշեցնենք, որ Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ Բեգլարյանը ապտակել էր Սերժ Սարգսյանի արարողապետ Արամ Կանդայանին, եւ այդ ապտակի շառաչյունը /ի տարբերություն շատ այլ ապտակների/ լսելի էր եղել Սերժ Սարգսյանին, եւ նա պաշտոնանկ էր արել բռունցքներով հարցեր լուծող Երեւանի քաղաքապետին։ Եվ այդ օրվանից լրագրողներին չի հաջողվում Գագիկ Բեգլարյանից ստանալ հետաքրքրող որեւէ հարցի պատասխան։ Նա կամ խուսափում է, կամ էլ գերադասում է «հետո» պատասխանել։
Պարզվում է, բազմաթիվ քննադատությունների արժանացած կառավարության ծրագրով նախատեսվում է պետության ծրագրերը հասանելի դարձնել հանրությանը։ Այդ մասին երեկ գործադիրի նիստում նշեց նրա ղեկավար Տիգրան Սարգսյանը` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հանձնարարելով լրատվամիջոցներով ներկայացնել արգելավայրերի զարգացման ծրագրերը։ Նշենք, որ կառավարությունն այդ շրջանակներում երեկ հավանություն տվեց «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թթ. ծրագրին։
«ՉԻ»-ն փորձեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից ճշտել, թե երաշտով պայմանավորված Սեւանա լճից բաց թողնվող մեծաքանակ ջուրը արդյո՞ք չի վտանգի Սեւանի էկոհամակարգը, ինչին ի պատասխան բնապահպանության նախարարը նշեց. «Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնելու հետեւանքով Սեւանի մակարդակը չի նվազի եւ էկոհամակարգի վրա այն որեւէ ազդեցություն չի թողնի։ Սեւանի մակարդակը բարձրացել է շուրջ 46 սմ-ով։ 2008 թվականին, երբ կրկին երաշտի պատճառով Սեւանից ջուր բաց թողնվեց, այդ տարի էլ Սեւանի մակարդակը բարձրացավ 6 սմ-ով»։
Ի դեպ, երեկ մինչ բնապահպանության նախարարը կառավարությունում բացատրում էր Սեւանա լճից ջուր բաց թողնելու դրական կողմերը, Ազգային ժողովում բուռն քննարկումների էր արժանացել նույնանուն օրինագիծը։ Իսկ բնապահպաններն ահազանգում են, որ Սեւանա լճից ջրի բացթողումը լուրջ բնապահպանական խնդիր է առաջացնելու։
Հ.Գ. Նշենք, որ երեկ կառավարության շենքի դիմահայաց հրապարակը վճարովի ավտոկայանատեղի էր հիշեցնում։ Շքեղ ավտոմեքենաների ֆոնին առանձնանում էին կառավարության գործունեությունից դժգոհողներր, որոնք իրենց հին խնդիրները այս անգամ փորձում էին հասանելի դարձնել նոր կառավարության անդամներին։