27.12.2017 10:32 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ջիգյարիզմ

Ջիգյարիզմ

Ծիծաղեցնելը հեշտ չէ: Բայց Սեյրան Սարոյանին այդ բանը հաջողվում է անել առանց ճիգերի: Բերանը բացում է թե չէ` ծիծաղ է լինում: Հավանաբար այս հանգամանքից ոգևորված` Հանրային հեռուստաընկերության հումորային-ժամանցային «Լավ երեկոյի» կազմակերպիչները հյուրընկալել էին Սեյրան Սարոյանին` վստահ լինելով, որ ծրագիրը կստացվի, քանի որ, հասկանում եք, գեներալն ինչ էլ ասի` արդեն ծիծաղելի է:

Ինքը` Սեյրան Սարոյանը,  կարծում է, որ մարդիկ ուրախանում են, որովհետև «դե ճիշտ ա ասում շան տղան, էլի»: Իր ասելով` «շան տղան» ինքն է` ժողովրդական խոսվածքից վերցրած:  Ընդհանրապես, ճիշտն ասելը շանտղություն է, իսկ ճշմարտությունը` ցավացնող:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ եթե Սեյրան Սարոյանն ասում է «ճշմարտություններ», որոնք, իրականում, պիտի որ խնդալու չլինեին, ապա ստացվում է ճիշտ հակառակը` մարդիկ ծիծաղում են:  Ի վերջո, ո՞րն է երևույթի խնդալիքը իրապես:

Կոմիզմը կոչման և իրողության անհամապատասխանության մեջ է, երբ, ասենք, գեղեցկուհու դերակատարը իրականում գնդլիկ-շլդիկ է, ասպետը` թիզուկես է և սուրը չի կարողանում պատյանից հանել, գիտնականը տառաճանաչ չէ, կամ` շուկայում գրաբարով առևտուրը անելը, պառլամենտում` փողոցային հաշիվը:  

Համացանցը ողողված է Սեյրան Սարոյանի կենսագրության փառահեղ տվյալներով: Այնտեղից տեղեկանում ենք, որ զինվորական գործիչը 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին, միաժամանակ` 1994 թվականին /27 տարեկանում/ հասցրել է ավարտել Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը: Արդեն 6 տարի անց` 33 տարեկանում, ստացել է գեներալի կոչում: Այսպիսի տվյալներ, որտեղ մարդու հերոսական անցյալը կոմիկական է դառնում, երբ պարզվում է, որ գեներալը 1994 թվականին` այսինքն` կռվի թեժ պահին, հաջողացրել է ձեռքի հետ ստանալ նաև  տնտեսաիրավագետի կոչում:

Իսկ հետո սկսվում է տնտեսաիրավագետ-գեներալի կյանքի տրագիզմը` իշխանությունը նրան դարձնում է պատգամավոր ու տանում խորհրդարան: Սեյրան Սարոյանն այստեղ շատ է ծիծաղեցնում մարդկանց: Ոչ այն բանի համար, որ նա չգիտի, թե որն է օրենքը, որը` իրավունքը, և, առհասարակ, ինչու են իր կոլեգաներն զբաղվում օրենքներ հորինելով և որն է դրա իմաստը: Սարոյանը համարում է, որ իրեն ԱԺ բերել են, որ ինքը «շանտղաբար» դուզն ասի` հուզելով ու միաժամանակ ծիծաղեցնելով հանդիսատեսին` «Ջիգյարով ա, է~, ջիգյարով»: Կարճ  ասած` Սեյրան Սարոյանը ՀՀԿ-ի կողմից խորհրդարան ներկայացված ջիգյարի գծով պատասխանատուն է: Ու սա մարդկանց շատ է ուրախացնում:     

Սեյրան Սարոյանը Հանրայինի եթերում հայ աղջիկներին թասիբով վարքի սկզբունքներ է քարոզում  և ստանում հաղորդավարներ Գարիկի ու Արամ MP3 -ի և դահլիճի ծիծաղն ու քաջալերանքը միաժամանակ: Տղերքը համաձայն են: Ինչպես զինվորներն են համաձայն լինում, երբ հրամանատարը ծաղրում է իրենցից մեկին` առանձին վերցրած: Այստեղ, իրականում, համաձայնելու բան էլ չկա: Բայց որ հրամանատարն է ասում... Մտածելու հարց չկա և հարկ էլ չկա: Սուպեր էգոն հուշում է, որ պետք է թուլանալ և միանալ իշխանական քրքիջին:

Հարցը բոլորովին այն չէ, որ Գարիկն ու Արամը Սեյրան Սարոյանի հետ պետք է խոսեին պատմությունից, արվեստից, գոնե` ռազմարվեստից: Անպայման չէ, որ այդ զրույցից պարզվեր, որ ակորդեոնի սիրահար Սեյրան Սարոյանը Աստոր Պիացոլլա է լսում, թեպետ` վատ չէր լինի: Ոչինչ, որ գեներալն ունի սեփական ակորդեոնիստը, որ կենացի ամեն բառին հարմար երգ է քոքում` բացելով շռայլ գեներալի շաբաշի տուտը: Ականջի ետև գցենք նաև այն տրամաբանական հարցը, թե որտեղից գեներալին այդքան փող: Այս պատմության մեջ ամենագլխավոր հարցն այն է, որ երկրում կա կոռուպցիա` նաև բարոյախոսությամբ, և դրան ոչինչ չի հակադրվում: Համապատասխան փիլիսոփայության չգոյություն է ու տկարություն: Իսկ այդ բացը փորձում են լրացնել զանազան կրոնական կազմակերպությունները և... Սեյրան Սարոյանը: Աքլորը, քարոզչի վերարկու հագած, ամբիոն է ելել, խելքի' աշեցեք: Եվ ոչ ոք սրան, կարծես, դեմ չէ: Հակառակը` ուրախ են: 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30