01.02.2014 09:46 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ով է պատասխանատուն

Վարչապետը շանտաժի է ենթարկում Սերժ Սարգսյանին

Վարչապետը շանտաժի է ենթարկում Սերժ Սարգսյանին

Այնպես չէ, որ Հայաստանի տնտեսական վիճակի շուրջ քննարկումներ են ընթանում միայն իշխանական կաբինետներում կամ լրատվամիջոցների էջերում։ Շարքային քաղաքացիները նույնպես հաճախ են մասնավոր զրույցներում քննարկում երկրի տնտեսական վիճակը։ Ճիշտ է, շատ արագ ի հայտ է գալիս հիմնական հարցադրումը` կառավարության անդամներն ապուշնե՞ր են, հանցագործնե՞ր, թե՞ երկուսը միասին, եւ այդպիսով բանավեճի կառուցողական ընթացքն աղճատվում է, բայց ամեն դեպքում` կողմերից յուրաքանչյուրը լավ էլ հիմնավորում է իր դիրքորոշումը։

Մենք զերծ կմնանք այդ հարցադրումից եւ կփորձենք ներկայացնել Հայաստանի տնտեսական վիճակը` առանց դրա պատասխանատուների հասցեին կոշտ գնահատականներ հնչեցնելու։ Եվ այսպես, կառավարությունն ամփոփել է 2013թ. տնտեսական տարին, եւ պարզվել է, որ տնտեսական աճը կազմել է ընդամենը 3,5 տոկոս, թեեւ տարեսկզբին նախատեսվում էր, որ աճը կլինի 6,2 տոկոս։ Մի խոսքով` Տիգրան Սարգսյանի կառավարությունը կատարելապես ձախողվել է։ Բայց եկեք միանգամից չհարձակվենք տարաբախտ վարչապետի վրա ու փորձենք հասկանալ. գուցե նա ոչ մի մեղք չունի՞, գուցե օբյեկտիվ պատճառնե՞ր կան։

Սկսենք նրանից, որ այս խայտառակ ցուցանիշն արդարացնող երեք հիմնական «օբյեկտիվ պատճառներ» են նշվում. գազի եւ էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումը, օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ նվազումը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար անբարենպաստ պայմանները։ Բայց արդյո՞ք սրանք օբյեկտիվ պատճառներ են։ Սկսենք գազի եւ էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումից։ 2013թ. առաջին կեսին Հայաստանը ռուսական գազը ստանում էր 180 դոլարով, հուլիսից սկսեց ստանալ 189 դոլարով, այսինքն` գազը թանկացավ ընդամենը 5 տոկոսով, բայց սպառողների համար գազը թանկացավ 18 տոկոսով, էլեկտրաէներգիան` 28։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ մեծ հաճույքով հաստատեց նոր սակագները։ Այսինքն` գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման գործում կառավարությունը մեղքի շատ մեծ բաժին ունի։ Անցնենք օտարերկրյա ներդրումների ծավալների կտրուկ (մոտ 60 տոկոսանոց) անկմանը։ Այստեղ գուցե իսկապես օբյեկտիվ պատճառներ կան` շրջափակումը, պատերազմի վերսկսման հավանականությունը եւ այլն, բայց այդ պատճառները կային նաեւ նախորդ տարիներին։ Ուրեմն ինչո՞ւ 60 տոկոսանոց անկումն արձանագրվեց հատկապես 2013-ին։ Ինչո՞ւ, օրինակ, «Քարֆուր» ընկերությունն այդպես էլ չմտավ Հայաստան։ Գուցե օլիգարխնե՞րը վախեցրեցին։ Կամ գուցե պոտենցիալ ներդրողներին օֆշորային սկանդա՞լը «խրտնեցրեց»` նրանք տեսան, թե ինչ օրն է ընկել Փայլակ Հայրապետյանը, ու հասկացան, որ իրենք նույնպես կարող են այդ վիճակում հայտնվել։ Կամ գուցե նրանք տպավորվել էին այն տեսագրությունի՞ց, որտեղ Սյունիքի մարզպետը քացի էր տալիս իր իրավունքները պաշտպանել փորձող կին գործարարին։ Այսպես թե այնպես` առաջին հերթին հենց իշխանություններն են մեղավոր, որ օտարերկրյա ներդրումները նվազել են, այսինքն` պատճառները սուբյեկտիվ են։

Անցնենք փոքր եւ միջին բիզնեսի վիճակին։ Շրջանառության հարկի ներդրումից հետո, պարզվում է, Հայաստանում 2013 թվականին միայն առեւտրի ոլորտում մոտ 10 հազար (!) ձեռնարկություն է փակվել։ Սա օդից վերցրած թիվ չէ, այս թիվը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն է հրապարակել։ Այսինքն` միայն մի տարում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների 18 տոկոսը փակվել է։ Իսկ շրջանառության հարկն, ի դեպ, հենց այնպես, ինքնաբուխ չի ներդրվել. ներդրվել է կառավարության որոշմամբ, այսինքն կա կոնկրետ պատասխանատու` վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մարդը «լավ չէր հաշվարկել», հիմա փորձում է ուղղել սխալը, բայց 10 հազար ձեռնարկություն արդեն փակվել է, դրանց սեփականատերերի կեսն էլ հասցրել է արտագաղթել։

Այսպիսով` տնտեսական աճի տխուր ցուցանիշը պայմանավորված է բացառապես Տիգրան Սարգսյանի կառավարության վատ աշխատանքով. «օբյեկտիվ պատճառներ» գրեթե չկան։ Բայց այս փաստն արձանագրելուց հետո այլ հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է կառավարությունը նման թվեր հրապարակում։ Եթե հիշում եք` Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարությունը պիտի առնվազն 7 տոկոսանոց աճ ապահովի, այլապես հրաժարական կտա։ Հիմա հարց է ծագում` ինչո՞ւ կառավարությունը թղթի վրա 7,1 տոկոսանոց աճ չի ներկայացրել։ Ո՞վ պիտի ստուգեր։ Մանավանդ որ եղած 3,5 տոկոսանոց «աճն» էլ գյուղատնտեսության հաշվին է արձանագրվել, իսկ դա ստուգելը գործնականում անհնար է։ Ինչպե՞ս պիտի հաշվեն, թե քանի ձու են ածել հավերը, կամ քանի լիտր կաթ են կթել գյուղացիները։

Ամբողջ խնդիրն այն է, որ 3,5 տոկոսանոց աճ ցույց տալով` Տիգրան Սարգսյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին ու տնտեսության այս խայտառակ վիճակի պատասխանատվությունը գցում է նրա վրա։ Նրա ասածը հետեւյալն է. «մի խոսքով` աճը 3,5 տոկոս է, ուզում ես կառավարությունը ցրել` ցրի, բայց եթե չես ցրում` ուրեմն դու ես պատասխանատուն»։ Եվ նա, ի դեպ, միանգամայն իրավացի է. եթե այսքանից հետո Սերժ Սարգսյանը չցրի կառավարությունը, ուրեմն պաշտոնապես ստանձնում է այս ամենի պատասխանատվությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30