22.04.2015 18:16 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վերարտադրվում ես, որ ինչ անես

Ամենամեծ բացասական սպասումը

Ամենամեծ բացասական սպասումը

Եվ այսպես` Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին երեք ամիսների հիմնական տնտեսական ցուցանիշները, եւ արդյունքում, մեղմ ասած, տարօրինակ պատկեր է ստացվել։ Սկսենք նրանից, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է մոտ 2,5 տոկոսով։ Դա մոտավորապես նույն տնտեսական աճն է, այսինքն` տնտեսությունն աճել է մոտ 2,5 տոկոսով։

Դա, իհարկե, լավ է, հատկապես` առանց բացառության բոլոր հեղինակավոր կառույցների հոռետեսական կանխատեսումների ֆոնին։ Բայց երբ նայում ենք ըստ ոլորտների` ինչ-որ անհասկանալի շիլաշփոթ է ստացվում։

 Բանն այն է, որ բոլոր այն ոլորտներում, որոնք ուղղակիորեն վկայում են երկրի տնտեսության եւ բնակչության սոցիալական վիճակի մասին, հսկայական անկում է արձանագրվել։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 12,6 տոկոսով, առեւտրաշրջանառությունը նվազել է 6,3 տոկոսով, արտահանումը նվազել է 23,1 տոկոսով, ներմուծումը` 30,5 տոկոսով եւ այլն։ Բայց նաեւ աճ կա։ Շինարարությունն աճել է 0,8 տոկոսով, մատուցված ծառայությունների ծավալը` 3,9 տոկոսով, արդյունաբերությունը` 3 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4,5 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը` 10,3 տոկոսով։ Այս թվերն ակնհայտորեն կամ «իրար չեն բռնում» (այսինքն` ԱՎԾ-ն պարզապես թվեր է նկարել), կամ էլ Հայաստանը բացառիկ իրավիճակում է, եւ մեզանում ինչ-որ արտառոց երեւույթներ են տեղի ունենում, որոնք որեւէ կապ չունեն տնտեսագիտության կանոնների հետ։

Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, եւ որպես ելակետ ընդունենք, որ ԱՎԾ ներկայացրած բոլոր թվերը ճիշտ են, ոչ մի թվանկարչություն չկա։ Արտահանման եւ ներմուծման ծավալների կտրուկ անկումը հասկացանք, ԵՏՄ մտնելուց հետո հաշվառման մեխանիզմները փոխվել են, եւ ամեն ինչ չէ, որ հաշվառվել է։ Էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալների նվազումը հասկացանք. ենթադրենք` այս տարի հունվար-մարտին տաք է  եղել, բնակչությունը քիչ է հոսանք ծախսել, եւ արտադրելու կարիք չի եղել։ Բայց ինչպե՞ս է պատահել, որ մարդկանց միջին աշխատավարձն աճել է 10,3 տոկոսով, իսկ առեւտրաշրջանառությունը նվազել է 6,3 տոկոսով։ Ընդ որում` դոլարով արտահայտված այդ անկումը կազմում է մոտ 19,5 տոկոս, որովհետեւ անցած տարի հունվար-մարտին դոլարն արժեր մոտ 410 դրամ, հիմա` 475։ Պարզ ասած` ապրանքները կտրուկ թանկացել են, եւ նույնիսկ այդ թանկացած գներով առեւտրաշրջանառության ծավալները կտրուկ նվազել են։ Եթե հաշվի առնենք ոչ թե դոլարի փոխարժեքը, այլ գնաճի պաշտոնական ցուցանիշը, ապրանքաշրջանառությունը նվազել է ուղիղ 11 տոկոսով։

Տեսականորեն սա կարող է երեք բացատրություն ունենալ։ Առաջին` մարդիկ շարունակում են առաջվա պես ապրել եւ փող ծախսել, պարզապես անցած մեկ տարվա ընթացքում բնակչության թիվը 11 տոկոսով նվազել է։ Բայց մենք գիտենք, որ նման բան չկա. արտագաղթի ծավալները շատ ավելի փոքր են։ Երկրորդ` 10,3 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ ստացողները որոշել են «ձեռի հետ» իրենց բակերում բողկ ու կանաչի ցանել կամ տանը հաց թխել, դրա համար էլ ավելի քիչ են ծախսում։ Նման միտում գուցեեւ կա, բայց հաստատ այսքան մեծ ազդեցություն չէր ունենա։ Երրորդ` մարդիկ պարզապես իրենց օրվա հացից կտրում են եւ խնայում «նեղ օրվա համար», որովհետեւ գիտեն, որ վիճակը գնալով վատանալու է։ Սա թերեւս ամենահավանական տարբերակն է (եթե, իհարկե, հավատում ենք ԱՎԾ թվերին եւ ընդունում, որ մարդկանց եկամուտներն ավելի շատ են աճել, քան գնաճի պաշտոնական ցուցանիշն է)։

Այս տարբերակն ընդունելու դեպքում ստացվում է, որ Հայաստանի տնտեսության հիմնական պրոբլեմը վաղվա օրվա նկատմամբ անվստահությունն է։ Մարդիկ փող ունեն, բայց չեն ուզում ծախսել` գիտեն, որ առջեւում դժվար ժամանակներ են, չեն ուզում ներդրումներ անել, չեն ուզում շինարարություն իրականացնել, որովհետեւ վստահ չեն, որ վաղը-մյուս օրը չեն արտագաղթելու եւ այլն։ Եվ պաշտոնական վիճակագրությունը փաստորեն արձանագրում է այս վիճակը։

Իսկ ո՞վ է պատասխանատու, որ Հայաստանում գերակշռում են «բացասական սպասումները»։ Սա, համաձայնվեք, քաղաքական խնդիր է եւ առանձնապես կապ չունի տնտեսական մեխանիզմների հետ։ Տեսեք` Հայաստանի տնտեսական վիճակի վատթարացումը սկսվեց ճիշտ այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մտադիր է փոխել Սահմանադրությունը (այսինքն` մտադիր է նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո նույնպես ղեկավարել երկիրը)։ Զարմանալի «զուգադիպությամբ»` հենց այդ պահից էլ սկսեցին կտրուկ նվազել ներդրումները, եւ կապիտալի արտահոսք սկսվեց։ Այլ հարց է, որ տնտեսագետները, որպես կանոն, չեն ուզում կապ տեսնել այդ իրադարձությունների միջեւ, բայց փաստը մնում է փաստ, տնտեսական ծանր վիճակի հիմնական պատճառը «բացասական սպասումներն» են, իսկ ամենամեծ բացասական սպասումը իշխանությունների վերարտադրությունն է։

Մնացածը լուծելի հարցեր են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30