08.07.2012 01:17 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դոզայի տակ

Գազ եւ իշխանափոխություն

Գազ եւ իշխանափոխություն

Եթե հոկտեմբերի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազն իսկապես կտրուկ թանկանա եւ դառնա 280 դոլար` ներկայիս 180-ի փոխարեն, Հայաստանի տնտեսությունը, պատկերավոր ասած, միանգամից «կթքի փայտիկին»։ Հասկանալի է, որ այդ դեպքում կտրուկ կթանկանա ե՛ւ բնակչությանը, ե՛ւ արդյունաբերությանը վաճառվող գազը։

Ընդ որում` եթե անգամ թանկանա ոչ նույն համաչափությամբ, միեւնույն է` բնակչության համար գազի սակագինը կարող է հասնել մոտ 500 դոլարի, եւ ոչ մի «անապահով խավի սուբսիդավորում» չի փրկի, որովհետեւ այդ գնով նույնիսկ միջին խավը չի կարողանա գազ օգտագործել։

 Հիմա փորձենք հասկանալ իրավիճակը։ Եթե ռուսական գազը միանգամից 50 տոկոսով թանկանա (իսկ դա կարծես թե անխուսափելի է), Հայաստանում միանգամից կաթվածահար կլինի ամեն ինչ` ե՛ւ արդյունաբերությունը, ե՛ւ տրանսպորտը (մեքենաների 80 տոկոսը գազով է աշխատում), ե՛ւ էներգետիկան։ Միանգամից ամեն ինչ կթանկանա, եւ բնակչության սոցիալական վիճակը կտրուկ կվատանա։ Բայց ուշադրություն դարձրեք` այս վիճակը միանգամից չի ստեղծվել։ Մեզ հետ վարվել են այնպես, ինչպես թմրավաճառներն են վարվում պոտենցիալ կլիենտների հետ` առաջին մի քանի դոզաները տալիս են համարյա ձրի, իսկ «ասեղի վրա նստելուց» հետո կամաց-կամաց բարձրացնում են գինը։ Սկզբում գազը վաճառում էին շատ էժան, ու արդեն հետագայում, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ աշխարհի ամենագազիֆիկացված երկրներից մեկը (մեզ մոտ ամեն ինչ գազով է աշխատում), սկսեցին թանկացնել ապրանքը։ Իսկ հիշո՞ւմ եք, թե սկզբում ինչ լավն էր գաղափարը։ Հայաստանը երկուսուկես տարի ձրի (գույքի դիմաց) գազ է ստանում, այդ գազով ոտքի է կանգնեցնում արդյունաբերությունը, միջազգային շուկաներում դառնում է խիստ մրցունակ, իսկ դրանից հետո արդեն կարողանում է վճարել։ Եվ ի՞նչ. ոչ մի մրցունակ տնտեսություն էլ չստեղծվեց, իսկ հարյուր միլիոնավոր դոլարների հետքերն առ այսօր չեն գտնում։

Բայց անցածն անցած է։ Այսօր մեր առջեւ բոլորովին այլ հարց է կանգնած` ի՞նչ պիտի անենք, եթե գազը դառնա 280 (այլ տվյալներով` 320) դոլար։ Տեսականորեն այստեղ մի քանի տարբերակներ կան։

1. Ռուսներին խնդրել, որ մեզ համար բացառություն անեն եւ գազը չթանկացնեն։ Հիշեցնել, որ մենք ռազմավարական դաշնակից ենք, կրտսեր եղբայր ենք, ֆորպոստ ենք եւ այլն։ Սա այնքան էլ իրատեսական չէ, որովհետեւ գազն, ի վերջո, ապրանք է եւ ունի միջազգային շուկայական գին, որն ինչ-որ կերպ պետք է վճարել` գումարով, գույքով կամ այլ ծառայություններ մատուցելով, իսկ Հայաստանը կարծես թե սպառել է այդ հնարավորությունները։

2. Արեւմուտքից լրացուցիչ օգնություն խնդրել եւ այդ գումարով Ռուսաստանին վճարել գազի դիմաց։ Բայց սա նույնպես իրատեսական չէ։ Նախ` որովհետեւ Արեւմուտքը դրա համար մեզ փող չի տա, եւ երկրորդ` նման դեպքերում նրանք սովորաբար լրացուցիչ պահանջներ են դնում (կազմակերպել նորմալ ընտրություններ, զիջումների գնալ Ղարաբաղի հարցում եւ այլն)։

3. Վարվել այնպես, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, այսինքն` աթար վառել։ Առաջարկը միանգամայն ազգային է, բայց ավաղ` ոչ կիրառելի. նախ` աթարի համար անհրաժեշտ են խոշոր եղջերավոր անասուններ, իսկ դրանց գլխաքանակը Հայաստանում նվազում է (ի տարբերություն ընտրողների), երկրորդ` աթարով տրանսպորտային միջոցները չեն աշխատում։

4. Կրճատել տնտեսության ստվերը, բյուջեի մուտքերն ավելացնել առնվազն 70-80 տոկոսով ու հենց այդ գումարով էլ փոխհատուցել գազի թանկացումը։ Եթե հաշվի առնենք, որ տարբեր գնահատականների համաձայն` Հայաստանի տնտեսության 40-60 տոկոսը ստվերում է, սա միանգամայն իրատեսական է։ Բայց` միայն տեսականորեն։ Գործնականում Հայաստանի իշխանությունները երբեք չեն գնա նման քայլի։ Ավելի շուտ «իրենց ջեբից փող կքցվեն» ու կվճարեն տարբերությունը, քան կկրճատեն ստվերը։

Ահա եւ ստացվում է, որ գազի թանկացման կործանարար հետեւանքներից խուսափելու ձեւ պարզապես չկա։ Համենայն դեպս` այս իշխանությունների համար։ Ընդ որում` այդ թանկացումները սպասվում են նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Եվ ստացվում է, որ Ռուսաստանն է որոշում` Սերժ Սարգսյանը կարողանո՞ւմ է վերընտրվել, թե՞ չի կարողանում։ Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31