Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում քննարկվում է ԱԺ ինքնահռչակ եւ ոչ լեգիտիմ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից կեղծ փաստաթուղթ ներկայացնելու, համապատասխան մարմինների կողմից այդ փաստը պարտակելու եւ կեղծիքների համակարգի գործադրմամբ Մարուքյանին պատգամավոր սարքելու եւ նրա կատարած հանցագործությունը հանրությունից թաքցնելու հարցը։ Հատկանշական է, որ իր հանցավոր արարքի մասին մամուլում եղած հրապարակումներին մինչեւ օրս Մարուքյանը չի արձագանքել` դրանով իսկ խոստովանելով, որ իրոք ծանր հանցագործություն է կատարել։
Հիշեցնենք, որ մեր թերթի 2012 թ. հունիսի 21-ի համարում «Ազգային Ժողովի փոխարեն` մեկուսարան» վերնագրով հրապարակման մեջ մեր կատարած լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել էր, որ ՀՀ իրավասու մարմինները կոպտորեն խախտելով Սահմանադրությունը` Մարուքյանին տրամադրել են կեղծ տեղեկանք` վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին։ Իրականում Մարուքյանը առնվազն մեկ տարի Հայաստանում չի բնակվել եւ 2009 թ. օգոստոսից 2010թ. հուլիսը սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է համապատասխան սերտիֆիկատ։ Իսկ համալսարանի պաշտոնական կայքում նշված է, որ սերտիֆիկատ ստանում են դասընթացն ավարտած այն անձինք, որոնք լիարժեք ¥ստացիոնար¤ հաճախում են համապատասխան դասընթացների։ Ուսումնառության ընթացքում Մարուքյանը նաեւ ստացել է կրթաթոշակ, որը նույնպես տրամադրվում է բացառապես դասընթացի ստացիոնար շրջանավարտներին։ Ավելին, այդպիսի ուսանողներին բնակվելու համար սենյակներ են տրամադրվում հենց Մինեսոտայի համալսարանում, որից նույնպես օգտվել է Մարուքյանը։ Եվ այդ մասին հստակ նշված է համալսարանի պաշտոնական կայքէջում։
Մեր թերթի 2012 թ. հունիսի 21-ի հրապարակման մեջ դիմել էինք ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի վերջինս պարզի, թե ինչպե՞ս կարող էր Մարուքյանը 2009թ. օգոստոսից մինչեւ 2010 թ. հուլիս ամիսը ստացիոնար հիմունքներով լիարժեք հաճախելով ուսանել ԱՄՆ Մինեսոտայի պետական համալսարանում` ընդունելով այդ կրթական հաստատության սահմանած կարգը, շուրջ մեկ տարի բնակվել ԱՄՆ-ում եւ միաժամանակ Վանաձորի անձնագրային ծառայության կողմից ստանալ վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք։ Օրերս «ՉԻ»-ն ստացել է ՀՀ Ոստիկանության գրավոր պաշտոնական պարզաբանումը, որն ավելի է խճճում իրավիճակը, առաջացնում նոր հարցադրումներ եւ փաստորեն անպատասխան թողնում մեր թերթի 2012թ. հունիսի 21-ի հրապարակման մեջ բարձրացված հարցադրումները։ ՀՀ Ոստիկանության պարզաբանման մեջ մասնավորապես նշված է «Հայաստանի Հանրապետությունից դուրս 6 ամիս ժամկետով անընդմեջ բնակվելու հանգամանքը անձնագրային եւ վիզաների վարչությունը ստուգել է բոլոր այն դեպքերում, երբ օրինակ ¥լեգալ¤ աղբյուրներից ¥իրավապահ մարմիններ, զանգվածային լրատվության միջոցներ¤ տեղեկատվություն է ստացվել տեւական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից դիմումատուների բացակայության մասին։ Նման դեպքերում անձնագրային եւ վիզաների վարչությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված փոխօգնություն ստանալու իրավունքից, անհրաժեշտ տեղեկություններ է ձեռք բերել ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։
Հաշվի առելով այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանը 02.07.1998 թ-ից հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի` Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորչի փ., շ. 53, բն. 59 հասցեում, նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել, տեղեկանքը տրամադրելիս բացակայել են Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվելու վայրը հավաստող ապացույցներ, վերջինիս իրավաչափորեն տրամադրվել է պահանջվող փաստաթուղթը»։
Այսպիսով, ՀՀ Ոստիկանությունը ուղղակիորեն խոստովանում է, որ իրենք եւ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ չեն եղել, որ Է. Մարուքյանը 2009 թ. օգոստոսից մինչեւ 2010 թ. հուլիս ամիսը բացակայել է ՀՀ-ից եւ բնակվել ու ստացիոնար հիմունքներով 11 ամիս սովորել է ԱՄՆ-ում։ Հարց է առաջանում այդ ինչպես են տեղեկություններ ձեռք բերել մի ամբողջ պետության ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը, որ նրանց ամենատես աչքից «վրիպել» է շուրջ մեկ տարի Մարուքյանի ԱՄՆ-ում մշտապես բնակվելու հանգամանքը, որի արդյունքում ԱԺ ինքնակոչ եւ ոչ լեգիտիմ պատգամավորին նվիրվել է կեղծ տեղեկանք։ Հետեւաբար, ՀՀ Ոստիկանությունը եւ ՀՀ ԿԱ Ազգային Անվտանգության ծառայությունը առավել եւս պարտավոր են անցկացնել ծառայողական քննություն` պարզելու համար Ոստիկանության մեր թերթին ուղղված պարզաբանման մեջ նշված այն հանգամանքը, որ Մարուքյանին «տեղեկանքը տրամադրելիս բացակայել են Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվելու վայրը հավաստող ապացույցներ, վերջինիս իրավաչափորեն տրամադրվել է պահանջվող փաստաթուղթը»։
Ծառայողական քննություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ 2012թ. մայիսի 10-ին թիվ 30 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Վ. Դալլաքյանը դիմել է թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին պատգամավորի թեկնածու Է. Մարուքյանի գրանցումը անվավեր ճանաչելու հարցով` նրա` վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես չբնակվելու հիմնավորմամբ։ Մասնավորապես Վ. Դալլաքյանի դիմումի մեջ նշված է, որ «Թեկնածու Է. Մարուքյանը, իր կենսագրության մեջ նշել է, որ 2009 թ. օգոստոսից մինչեւ 2010 թ. հուլիսի 1-ը սովորել է Մինեսոտայի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում։ Նույնը թեկնածուն բազմիցս նշել է իր բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ։ Հաշվի առնելով, որ անձանց ՀՀ տարածք մուտք ու ելքի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստացվել միայն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, որում պարունակվող տեղեկություններին ես ի պաշտոնե չեմ կարող իրազեկ լինել, խնդրում եմ պահանջել համապատասխան լրացուցիչ ապացույցներ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունից»։
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Պապանյանի (ով, ի դեպ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի քենակալն է) ստորագրությամբ Վ. Դալլաքյանի դիմումը մերժելու մասին որոշման մեջ մասնավորապես նշված է «Դիմումատուն չի ներկայացրել հիմնավոր ապացույցներ առ այն, որ թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Է. Մարուքյանը չունի ընտրվելու իրավունք»։ Չանդրադառնալով այս ծիծաղելի որոշմանը` նշենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը վերջինիս դիմումն ստանալուց հետո օրենսդրության համաձայն պարտավոր էր դիմել ՀՀ Ոստիկանության համապատասխան ծառայությանը, իսկ վերջինս էլ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության համապատասխան ստորաբաժանմանը, որպեսզի նրանք մեկ անգամ եւս ստուգեն դիմումի մեջ մատնանշված այն փաստը, որ Մարուքյանը շուրջ մեկ տարի բնակվել եւ սովորել է ԱՄՆ-ում եւ պատգամավորության թեկնածու առաջադրվելու իրավունք չունի։ Այսպիսով, ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության համար երկրորդ անգամ էր հնարավորություն ստեղծվել ստուգելու Մարուքյանի ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու եւ բնակվելու փաստը, որը չի կատարվել, առավել եւս` որ նաեւ Մարուքյանի նախընտրական բուկլետում էր նշված ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում սովորելու մասին։
Հետեւաբար ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ղեկավարությունը այսօր առավել եւս պարտավոր է անհապաղ անցկացնել ծառայողական քննություն եւ պարզել` արդյոք թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը դիմել է ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանո՞ւմ, թե՞ ոչ, իսկ եթե դիմել է, ապա ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ ԿԱ Ազգային անտանգության ծառայության ենթակայության որ օղակների պաշտոնատար անձիք են ցուցաբերել հանցավոր անգործություն կամ դիտավորություն եւ Հայաստանում վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին կեղծ տեղեկանք տրամադրել շուրջ մեկ տարի ԱՄՆ-ում բնակված Մարուքյանին։ Այսպիսով, Վանաձորի անձնագրային ծառայության ղեկավարը, թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի` պաշտոնական կեղծիքի մասին 314 հոդվածով` մասնավորապես պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթում կեղծում կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու կամ հանձնելու մեղադրանքով, որի համար նախատեսվում է չորս տարի ազատազրկում։
«ՉԻ»-ին ուղղված Ոստիկանության վերոհիշյալ պաշտոնական պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ պատգամավորության թեկնածուի համար «անձնագրային ծառայությունների կողմից դիմումատուներին առաջարկվել է ներկայացնել ապացույցներ այս կամ այն բնակելի տարածությունում փաստացի բնակվելու վերաբերյալ»։ Փաստորեն Մարուքյանը խախտել է նաեւ այս սկզբունքը եւ դիտավորությամբ թաքցրել 2009 թ. օգոստոսից-2010 թ. հուլիսը ԱՄՆ-ում իր բնակվելու եւ սովորելու մասին փաստը, որի արդյունքում ստացել է կեղծ տեղեկանք Հայաստանում վերջին 5 տարում մշտապես բնակվելու մասին եւ հնարամտորեն օգտվել փաստաթուղթ կեղծելու հայտնի մեթոդից` ԱՄՆ-ում կորցնելով իր անձնագիրը։
Հետեւաբար իշխանությունների համար գործիքի դեր կատարած Մարուքյանը, որն իրեն «անկախ» պատգամավոր հռչակելով արդեն հասցրել է կողմ քվեարկել օրերս ընդունված կառավարության ծրագրին, պետք է դատապարտվի ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածով, որը կեղծ փաստաթուղթ իրացնելու կամ օգտագործելու համար նախատեսում է ազատազրկում, մասնավորապես, մինչեւ 4 տարի ժամկետով։ Մարուքյանի կատարած հանցագործության բացահայտման բանալին նրա կողմից իր անձնագիրը կորցնելու հանգամանքն է, որ մենք հուշել էինք «ՉԻ» 2012 թ. հունիս 21-ի հրապարակման մեջ եւ որի վերաբերյալ զարմանալիորեն Ոստիկանության պաշտոնական պարզաբանման մեջ որեւէ խոսք չկա։ Հիշեցնենք, որ մեր այդ հրապարակման մեջ նշված է` ««ՉԻ» հավաստի աղբյուրների վկայությամբ` Մարուքյանը օգտվել է փաստաթուղթ կեղծելու տարածված մեթոդից եւ Ամերիկա հասնելուն պես պատկան մարմիններին տեղեկացրել է, թե կորցրել է իր անձնագիրը։ Այս ճանապարհով նա ձեռք է բերել նոր անձնագիր եւ փորձել թաքցնել, որ շուրջ մեկ տարի բացակայել է Հայաստանից։ Հետեւաբար, եթե ՀՀ ԿԱ Ազգային անվանգության ծառայության եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները կատարեին ընդամենը տեխնիկական մեկ գործողություն եւ Մարուքյանի հին անձնագրում Հայաստանից առկա ելքի եւ Հայաստան մուտքի տվյալները համեմատեին նրա նոր անձնագրում առկա համապատասխան տվյալների հետ, ապա կեղծիքը կբացահայտվեր։ Հետեւաբար, ՀՀ Ոստիկանությունը եւ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը նաեւ այս խնդրին պատասխան տալու համար պետք է կատարեն համապատախան ծառայողական քննություն եւ սույն հրապարակումից հետո օրենսդրության համաձայն «ՉԻ»-ին ներկայացնեն փաստարկված եւ խելամիտ պատասխան։
«ՉԻ» թերթի 2012 թ. հունիսի 21-ի եւ այս հրապարակումներում ներկայացված անհերքելի եւ աղաղակող փաստերը հիմք են հանդիսանում եւ պարտավորեցնում, որպեսզի ՀՀ Գլխավոր դատախազությունը կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի այն պահանջը, որ քրեական գործ հարուցելու առիթ է, մասնավորապես, «հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները», մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի մեր մատնանշած 314 եւ 325 հոդվածներով հարուցել համապատասխան քրեական գործ` այդ մասին պատշաճ ձեւով տեղեկացնելով մեր թերթին։ «ՉԻ»-ն համբերատար սպասում է նաեւ ԱՄՆ-ի դեսպանատան պատասխանին, որին գրավոր դիմել ենք դեռեւս ս. թ. հունիսի 22-ին համապատասխան հարցադրումներով։ Վստահ ենք, որ ժողովրդավարության արժեքներ դավանող այդ երկրի հայաստանյան ներկայացուցիչը պատշաճ ձեւով կպատասխանի մեզ։
Հ.Գ. «ՉԻ»` ՀՀ Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Մարուքյանին կեղծ տեղեկանք տրամադրելու համար քավության նոխազ են ուզում դարձնել Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանին, որը կենսաթոշակային տարիքի մոտ է։ Մեր տեղեկություններով` այս փաստից խիստ անհանգստացած Միսկարյանը վերջին օրերին մի քանի անգամ եկել է Երեւան` իր վերադասի հետ հանդիպելու համար։ Փաստորեն Մարուքյանին տված կեղծ տեղեկանքը նրա վրա կարող է շատ թանկ նստել։ Նշենք, որ այս գործը սպառնում է վերաճել հայ-ամերիկյան սկանդալի, որովհետեւ Մարուքյանը խաբել է ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ամերիկյան իշխանություններին եւ համապատասխան ծառայություններին։ Մարուքյանի կատարած հանցագործության մասին զարմանալիորեն քար լռություն են պահպանում Վանաձորի «Լոռի» եւ «Միգ» հեռուստաընկերությունները։