02.03.2018 06:45 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մարտի մեկ

Չմոռանալ ոճրագործներին

Չմոռանալ ոճրագործներին

Արդեն տասը տարի է` փետրվար ամսվա վերջին օրը միշտ գիտեմ, թե ինչի մասին եմ գրելու։ Արդեն տասը տարի է նույն օրը գրում եմ նույն բանի մասին։ Պատմում եմ նույն պատմությունը։ Հոգեթերապիա է։ Երեւի։

2008-ի փետրվարի օրերին, երբ հրապարակը լիքն էր մարդկանցով, որոնք բոլորը իմ ընկերներն էին դարձել, ես չէի գիշերում այնտեղ։ Գիշերը տուն էի գնում։ Ինչ մեղքս թաքցնեմ, այդպես էր։ Մարտի 1-ի առավոտյան զանգեցին, ասացին` ջարդել են մարդկանց։ Վազեցի Ազատության հրապարակ։ Արյունոտ ասֆալտն էին արագ լվանում։ Հրապարակը լցված էր ոստիկաններով։ Շատ վախենալու էր։ Գնացի խմբագրություն։ Ինձ ուղարկեցին հիվանդանոցներ։ Այնտեղ շատերին առաջին օգնություն էին ցույց տվել եւ ուղարկել տուն։ Ոչ ոքի ներս չէին թողնում հիվանդասենյակներ։ Ներկայացա տուժողի աղջիկ եւ ներս մտա։ Այդպիսի ջարդված մարդիկ տեսել էի, երբ ԼՂ Մարտակերտի բնակիչների մի մասը փախեփախ հասել էր Գորիս։ Կապտած խոռոչներից դուրս պրծած աչքեր, արյունոտ ձեռքեր, ծեծված մարմիններ։ Այդպես էլ չեմ կարողանում հիշել` մի բան ասացի՞, մի բան հարցրի՞ այդ մարդկանց, թե՞ ոչ։ Դուրս եկա։ Հիվանդանոցի միջանցքում մի բժշկի մոտեցա, ասացի`«Ներեցեք, ի՞նչ է կատարվում...»։ Եվ այդ բժիշկը, շատ լավ եմ հիշում, լացեց` պատի տակ կանգնած։ Ես նայում էի նրան եւ էլի չեմ հիշում` ինչ-որ բան ասացի՞, թե՞ ոչ։ Հետո վերցրի այն մարդկանց հասցեները, որոնց արդեն տուն էին ուղարկել։ Շատ լավ եմ հիշում, որ մի ամբողջ ընտանիք ծեծվել էր Մարտի 1-ի լույս գիշերը` հայրը, մայրը, երկու տղաները եւ նրանց շատ երիտասարդ աղջիկը։ Աղջիկը հարցրեց` «Իսկ Նիկոլը ո՞նց ա...»։ Արդեն երեկոյան շատ պարզ լսվում էին կրակոցի եւ պայթյունի ձայներ։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես միայն լսել եմ։ Ինձ չեն ծեծել, չեն սպանել, որովհետեւ չեմ եղել այնտեղ։ Վերջում ինձ ուղարկել են, որ գնամ մորգ։ Ինֆորմացիայի բոլոր աղբյուրները փակել էին, բայց լուրեր կային, որ մարդիկ են մահացել։ Գնացի։ Շատ մարդ կար, էլի ոչ ոքի ներս չէին թողնում։ Հետո իմացանք, որ ներսում եղել են`

Գոռ Քլոյանը,

 Հովհաննես Հովհաննիսյանը,

Տիգրան Խաչատրյանը,

Գրիգոր Գեւորգյանը,

 Համլետ Թադեւոսյանը,

Զաքար Հովհաննիսյանը,

 Դավիթ Պետրոսյանը,

 Արմեն Ֆարմանյանը,

 Սամվել Հարությունյանը,

 Տիգրան Աբգարյանը։

Լույս նրանց հիշատակին։ Խաղաղության մասին ոչինչ չեմ կարող ասել։ Որովհետեւ 10 տարի է անցել, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել նրանց սպանելու համար։

Եղավ ամենավախենալու բանը` սպանդից տասը տարի անց բոլորն են խոսում Մարտի 1-ի մասին։ Խոսում են հուզված, զայրացած, մեղադրանքով, բարոյականի իրենց կայուն դիրքից արհամարհանքով, թե ինչպե՞ս կարելի էր թույլ տալ նման բան, ախր ո՞նց, էս ո՞ւր ենք հասել, մի՞թե կարելի էր... Նման տեքստերի կուռ «բարոյականությունը» թույլ է տալիս խոսքն ավարտել մեղքը  լղոզող «Բոլորս ենք մեղավոր» եզրույթով։ Չկա ավելի թունավոր թույն, քան մեղքը լղոզելն է եւ այն բոլոր ՀՀ քաղաքացիների վրա տարածելը։ Մարտի 1-ն ունի շատ կոնկրետ մեղավորներ, որոնց մեղքը ժամանակի ընթացքում փորձ արվեց մեղմացնել բարոյականության մասին քարոզներում`  

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ

Տիգրան Թորոսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ

Սերժ Սարգսյան - ՀՀ վարչապետ

Վարդան Օսկանյան - ՀՀ արտգործնախարար

Յուրի Խաչատուրով - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթուր Բաղդասարյան - Անվտանգության խորհրդի քարտուղար

Աղվան Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ

Միքայել Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար

Գրիգոր Գրիգորյան - ՀՀ ներքին զորքերի հրամանատար

Աշոտ Գիզիրյան - ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ

Սեյրան Օհանյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Գորիկ Հակոբյան - Ազգային անվտանգության պետ

Գագիկ Հարությունյան - ՀՀ ՍԴ նախագահ

Վլադիմիր Գասպարյան - ՀՀ ռազմական ոստիկանության պետ

Հայկ Հարությունյան - ՀՀ ոստիկանապետ

Արարատ Մահտեսյան - ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ

Ալեքսանդր Աֆյան - ՀՀ փոխոստիկանապետ

Գեղամ Պետրոսյան - ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ

Բագրատ Խաչատրյան - ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար

ՀՀ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյան

Քննչական խմբի ղեկավար Վահրամ Հարությունյան։

Ահա, նրանք են հիմնական ոճրագործները։

Եվ մի բան էլ` 2008-ի մարտի 1-ի գիշերը, երբ կանգնած էի մորգի առաջ, հավաքվածներից մի մարդ ասաց` «Ինձ հրապարակ բերեց Հ 1-ի Տաթեւիկ Բաղդասարյանը, նրա ցինիկ կեցվածքը, նրա ստոր սուտը»։

Եվ ուրեմն, նշված անուններն են Մարտի 1-ի պատասխանատուներն ու մեղավորները։ Նրանք են օժանդակել սպանդին եւ այն կորստին, որի մասշտաբները համաժողովրդական են, համապետական։ Ինչպես Մարտի 1-ի զոհերի 10 անուններին էլ ոչ մի անուն չի ավելացվում,  այդպես էլ մեղավորների ցուցակին չպիտի ավելացվի շարքային ՀՀ քաղաքացու անունը։ Եվ ուրեմն` հավասարներին` հավասարություն, անհավասարներին` անհավասարություն։ Երբեք անհավասարը հավասար չի դառնա։ Սա է արդարությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30