29.11.2016 10:55 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ում համար է ղողանջում Սերժը

Ելույթ «Ես լա՜վ տղա եմ» մոտիվներով

Ելույթ «Ես լա՜վ տղա եմ» մոտիվներով

Եվ այսպես, շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀԿ 16-րդ համագումարը։ Միանգամից ասենք` տհաճ տեսարան էր։ Համագումարի մասնակիցները միջոցառման վայր էին եկել այնպիսի ավտոմեքենաներով, որոնց գումարային արժեքը մի քանի անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերի տարեկան բյուջեները` միասին վերցրած, պատվիրակների թեւերի ժամացույցների գումարային արժեքը մի քանի անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանի բոլոր մանկատների տարեկան բյուջեները` միասին վերցրած, ու կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ում անձնական կարողությունը միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գնահատում են մի քանի միլիարդ դոլար, այդ պատվիրակների առջեւ ելույթ ունեցավ այն մասին, թե ինչպես պետք է ոչինչ չխնայել երկրի անվտանգության համար, զարգացնել տնտեսությունը, պայքարել արատավոր երեւույթների դեմ եւ այլն։

Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական մասն, ինչպես միշտ, անիմաստ ճոռոմաբանություն էր եւ ավելի շատ բաժակաճառ էր հիշեցնում, որն արտասանում են հարուստների մասնակցությամբ խնջույքի ժամանակ` նրանցից փող պոկելու ակնկալիքով։ Ավելի հետաքրքիր էր ելույթի «տնտեսական մասը», ու թեեւ դա հիմնականում այն մասին էր, թե ինչ լավ տղա է ինքը ու ինչպես է ծաղկեցրել երկիրն իր նախագահության ինը տարիների ընթացքում, այնուամենայնիվ այնտեղ նաեւ կոնկրետ թվեր կային։ Եվ դրանք, այսպես ասենք, բավականին զվարճալի էին։ Ավելի ճիշտ` զվարճալի էին այն ջանքերը, որոնցով Սերժ Սարգսյանը փորձում էր ցանկացած թիվ ներկայացնել որպես փայլուն նվաճում։

Օրինակ` որեւէ մեկը գիտե՞ր, որ 2007-2015 թվականներին Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը 3,3 անգամ գերազանցել են Եվրոպայի տնտեսության զարգացման տեմպերին։ Չգիտեիք` իմացեք։ Գիտեի՞ք, որ այդ նույն ժամանակահատվածում իրական աշխատավարձն աճել է 39,2 տոկոսով, նվազագույն աշխատավարձը` 2,8 անգամ, պետական հատվածում աշխատավարձերն ավելացել են 2,6 անգամ, մասնավոր հատվածում` 2,4 անգամ, կենսաթոշակներն ավելացել են 3,3 անգամ եւ այլն։ Իսկ որ այդ նույն ժամանակահատվածում աղքատության մակարդակն աճել է 5 տոկոսով (2007-ի 24,8 տոկոսից` 2015-ի 29,8 տոկոս), էդ հեչ։ Հաշվարկի մեթոդոլոգիայի խնդիր է։ Եթե հին մեթոդներով հաշվեինք` հիմա աղքատությունը 18,1 տոկոս կլիներ։ Հասկացա՞ք։ Այսինքն` բնակչության մեկ-երրորդի տանը ցամաք հացից բացի այլ բան չկա, բայց եթե հին մեթոդներով հաշվենք` չուլանում նաեւ կարտոֆիլ կհայտնվի։ Փաստորեն մարդիկ տեղյակ չեն, որ իրենք աղքատ չեն, պարզապես հաշվարկի մեթոդներն են փոխվել։

Ուրիշ է՞լ ինչ ուրախ բաներ իմացան մարդիկ Սերժ Սարգսյանի ելույթից։ Օրինակ` իմացան, որ «եթե 2006 թվականին մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի մակերեսով կազմում էր 23,6 քառակուսի մետր, ապա 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 31,3 քառակուսի մետր»։ Այ սա իսկապես փայլուն ցուցանիշ է։ Ստացվում է, որ ինը տարում Հայաստանում մոտ 23 միլիոն քառակուսի մետր բնակտարածք է ավելացել... Հը՞։ Թե՞ մարդիկ են պակասել։ Չէ՞ որ մարդիկ արտագաղթում են, իսկ բնակմակերեսն իրենց հետ տեղափոխել չեն կարողանում։ Ահա եւ «փայլուն աճ» է արձանագրվել։ Եվս մեկ միլիոն մարդ արտագաղթի` մեկ բնակչին բաժին ընկնող բնակմակերեսը կդառնա 40 քառակուսի մետր։ Իսկ դա ավելի շատ է, քան, ասենք, Իտալիայում։

Լավ, ինչի՞ շնորհիվ է Սերժ Սարգսյանին հաջողվել ապահովել այս փայլուն ցուցանիշները։ Բանից պարզվում է` դա հաջողվել է ընդամենը երկու բանի շնորհիվ, ընդ որում` երկուսի համար էլ, ինչպես մեր օրերի դասականն էր ասում, շատ խելք պետք չէ։ Առաջին` կտրուկ ավելացրել է արտահանումը (պարզ ասած` սկսել է ավելի շատ հանքաքար արտահանել), երկրորդ` կտրուկ մեծացրել է արտաքին պարտքը։ Մի խոսքով` մի քիչ «տան էղած-չեղածից» է վաճառել, մի քիչ էլ պարտք է վերցրել։ Ու սա, չգիտես ինչու, կոչվում է «տնտեսական ներուժի ստեղծում»։ Հետաքրքիր է` հետագայում այդ «տնտեսական ներուժը» կհերիքի՞, որ վարկերի տոկոսները փակենք, թե՞ դրա փոխարեն տեղի կունենան գործընթացներ, որոնց արդյունքում ՀՀ մեկ բնակչին բաժին ընկնող բնակմակերեսը կտրուկ կավելանա։

Մի խոսքով` Սերժ Սարգսյանն իսկապես փայլուն ելույթ ունեցավ։ Միայն թե այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ո՞ւմ համար էր այդ ելույթը։ Եթե դահլիճում գտնվողների` ապա դա անիմաստ էր. նրանք շատ լավ գիտեն իրականությունը ու երեւի հազիվ էին զսպում ծիծաղները։ Եթե լայն հասարակության` դա նույնպես անիմաստ է. հասարակությունը նույնպես շատ լավ գիտի իրականությունը ու հազիվ էր զսպում հայհոյանքը։ Եթե միջազգային հանրության` ապա արտաքին աշխարհն ինֆորմացիայի իր աղբյուրներն ունի։

Այնպես որ` Սերժ Սարգսյանը երեւի ինքն իր համար էր խոսում։ Վերջում էլ ինքն իրեն ծափահարեց ու նստեց տեղը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30