15.07.2012 03:17 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանը չգրեց վերջին 2 զեկույցները

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե դուրս է գալիս Կոնգրեսից, թե իբր Կոնգրեսը մոռացության է մատնել Մարտի 1-ի թեման, եւ որ իր համար անընդունելի էր եղել ԲՀԿ-ի վերաբերյալ առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը, որոնց պատճառով էլ ինքը իբր դադարեցրել է իր համագործակցությունը Կոնգրեսի հետ։

Ավելին, Քոչարյանը նաեւ փորձել է արդարացնել իր վաղեմի ընկեր Նեմեց Ռուբոյին` «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված` չմոռանալով վերջինիս անընդհատ իր ընկերը անվանել։ Մարտի 1-ի մասին մոռանալու մեջ Կոնգրեսին մեղադրող Անդրանիկ Քոչարյանը, չգիտես ինչու, մոռանում է խոսել մեկ կարեւոր հանգամանքի մասին։ Փաստահավաք խմբի կողմից գրված վերջին զեկույցից հետո նույն Քոչարյանին` Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից հանձնարարություն է տրվել գրել եւս 2 նոր զեկույց` մեկը մարտիմեկյան դեպքերին ոստիկանության գործողությունների իրավաչափության մասին, մյուսը` Բարձրագույն իշխանության` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մարտի 1-ին ստեղծված իշխանական օպերատիվ շտաբի գործողությունների մասին։ Քոչարյանը, սակայն, այդ զեկույցներն այդպես էլ չի գրել։ Մեր տեղեկություններով, ուղիղ մեկ տարի շարունակ Քոչարյանին հիշեցվել է, որ ինքը պետք է ներկայացնի այդ 2 զեկույցները, ինչը, սակայն, անհասկանալի պատճառներով Քոչարյանն այդպես էլ չի արել։ Ավելին, մեր տեղեկություններով, Քոչարյանի` մարտի 1-ի հետ կապված այս «ալարկոտությունը» սկսվել է այն բանից հետո, երբ վերջինս նորից վերականգնել էր իր հարաբերությունները հայտնի Նեմեց Ռուբոյի հետ, ում հետ մտերիմ ընկերական հարաբերություններ է ունեցել մինչեւ 2008-ը, եղել վերջինիս ֆինանսական հովանու ներքո, սակայն մարտի 1-ից հետո այդ հարաբերությունները առկախվել էին։