Երեւանում Քլինթոնը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաեւ` հնարավոր է հանդիպում հասարակական սեկտորի հետ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Իսկ իրականում` ի՞նչ հարցեր է քննարկելու Քլինթոնը Երեւանում, արդյո՞ք այցը կապված է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, կարո՞ղ են լինել նոր զարգացումներ։
Հիլարի Քլինթոնի այս այցը, որը ներառում է նաեւ Հայաստանը, շատ նման է Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցին, որը վերջինս ունեցավ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ։ Ամերիկյան ներկայիս վարչակազմը, ինչպես այն ժամանակ Սարկոզին, նախընտրական շրջանում իրենց երկրի հայերի աջակցությունը ստանալու խնդիր ունի, որի վստահությունը կորցրել էր։ Օբաման կորցրեց, որովհետեւ այդպես էլ չարտասանեց ցեղասպանություն բառը, Սարկոզին, որովհետեւ իր գաղտնի զրույցը Թուրքիայի վարչապետի հետ WikiLeaks կայքի հրապարակումների շնորհիվ նվազեցրել էր վերջինիս վարկանիշը հայերի շրջանում։
Հիշեցնենք, որ ըստ հրապարակված փաստաթղթերից մեկի, Սարկոզին Էրդողանին ասել էր, թե թող Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում դրվի շրջանառության մեջ, միեւնույն է` ինքը չի թողնելու, որ այն Սենատից այն կողմ անցնի։ Փաստաթուղթը հաղթահարել էր Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը, սակայն` ոչ Սահմանադրական դատարանը, որն այն հակասահմանադրական էր ճանաչել։ Սարկոզին այլեւս Ֆրանսիայի նախագահը չէ, նա նախագահական ընտրություններում պարտվեց Ֆրանսուա Օլանդին, մինչդեռ պատմությունը թերեւս կրկնվում է։
Այժմ էլ` ամերիկյան իշխանությունները թերեւս հայերի ձայները «որսալու» խնդիր ունեն։ Ըստ երեւույթին, հենց դրանով է պայմանավորված այն, որ եթե մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները խիստ քննադատության ենթարկվեց ԵԽԽՎ-ի կողմից, քննադատվեց` ԵԱՀԿ-ի կողմից, ԱՄՆ իշխանությունները համեմատաբար լոյալություն ցուցաբերեցին։ Պարզ է` ԱՄն-ում հայերը դժգոհություններ ունեն Օբամայից, եւ այդ դժգոհությունները մեղմելու խնդիր կա։ Ու այժմ, թերեւս Բարաք Օբամային նոր առիթ է պետք հայ-թուրքական հարաբերությունները տեղից շարժելու եւ այդ պատճառաբանությամբ նորից ցեղասպանություն բառից հրաժարվելու համար։ Իհարկե, քիչ հավանական է, որ ամերիկյան կողմը կկարողանա նոր հանդիպում կազմակերպել հայկական եւ թուրքական կողմերի համար, քանի որ Հայաստանում էլ թերեւս լավ հասկանում են, որ այդ պրոցեսից միայն Թուրքիան է շահում։ Ամենահավանական տարբերակը, թերեւս այս պարագայում այն կլինի, որ հայկական կողմը կամ ասուլիսի ձեւով կխոսի հայ-թուրքական հաշտեցման գործընթացի «կենդանի» լինելու մասին, կամ որեւէ հայտարարությամբ հանդես կգա, ինչից հետո տեղի հայերին կասվի, որ ձեր կառավարությունը ինքն է ասում, որ պրոցեսը ընթացքի մեջ է, որ տեղի է ունենում արժեքավոր ու կարեւոր գործընթաց։
Այսինքն, ՀՀ իշխանությունները` ընտրությունների հարցում ԱՄՆ լռության դիմաց պետք է լեգիտիմացնեն Օբամայի լռությունը Ցեղասպանության հարցում, որպեսզի վերջինս կարողանա նորից ակնկալել տեղի հայերի քվեները։ Իսկ որ դա հավանական է, այդ մասին է վկայում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի վերջին մեկնաբանությունը, որը նա արեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջին հայտարարությանն ի պատասխան։
Հիշեցնենք, որ Գյուլը հայտարարել է, թե «հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես սառեցված չէ»։ Թուրքիայի նախագահը այդ հայտարարությունն արել է ԱՄՆ կատարած տասնօրյա այցի ավարտին։ «Մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ լայն մասշտաբով։ Կան ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ պաշտոնական կազմակերպություններ, որոնց հանձնարարություններ են տրվել այս հարցի առնչությամբ։ Ստատուս քվոն օգտակար չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին»,- հայտարարել էր Գյուլը։ Գյուլի այդ հայտարարությանը Բալայանը արձագանքել էր, թե կարգավորման ուղին հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելն ու իրագործելն է։ Բալայանի պատասխանը հենց ցույց տվեց, որ հայկական կողմը գործընթացը «կենդանի» է համարում, եւ որ մենք սպասում ենք վավերացմանը։ Սա թերեւս սկիզբն է, եւ առաջիկայում պետք է սպասել գործընթացի «կենդանի» լինելը փաստող նոր հավաստիացումների։