23.07.2012 13:16 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ճահիճն անփոփոխ

32 տոկոսը արդյունք` նոր քաղաքական կառույցի ստեղծման համար. Բակո Սահակյանը վերընտրվեց

ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական նախնական արդյունքների, վերընտրվել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի տվյալների, Սահակյանը ստացել է 66.70 տոկոս քվե` 47 հազար 85 ձայն։ Նրա հիմնական մրցակից Վիտալի Բալասանյանը ստացել է 32.50 տոկոս քվե կամ 33 հազար 966 ձայն։ Երրորդ թեկնածու Արկադի Սողոմոնյանը ստացել է 0.80 տոկոս քվե կամ 594 ձայն։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական թվերի` ընտրություններին մասնակցել է 72 հազար 833 ընտրող` գրանցված 99 հազար ընտրողներից։

Ընդհանուր առմամբ քվեարկության օրն անցել է առանց միջադեպերի, սակայն ակնհայտ էր, որ հանձնաժողովների անդամները ավելի շատ վարպետացած են ընտրությունների կեղծման հին, ավանդական մեթոդներին` օրենքներին կատարելապես տիրապետելու փոխարեն։ Այդ էր պատճառը, որ նրանք հաճախ շարժվում էին ոչ թե ԸՕ-ով, այլ «ԿԸՀ-ից մեզ այսպես են ասել» հիմնավորումներով։

Ստեփանակերտի թիվ 17 ընտրատեղամասում, որտեղ մենք անցկացրինք քվեարկության օրվա մեծ մասը, բավականին ուշագրավ մթնոլորտ էր։ Հանձնաժողովի անդամների մեծ մասն իրոք շատ քիչ պատկերացումներ ուներ ԸՕ-ի դրույթներից։ Նրանք մարդկանց թույլատրում էին քվեարկել անգամ անձնագրերի պատճեններով եւ անգամ նախկին ԽՍՀՄ կարմիր անձնագրերով։ Հանձնաժողովի քարտուղարը մեզ դա բացատրեց նրանով, թե իրենց ԿԸՀ-ից զգուշացրել են, որ Ստեփանակերտում կա 9 քաղաքացի, ովքեր նոր անձնագիր չունեն, եւ եթե նրանցից որեւէ մեկը խորհրդային անձնագրերով գան քվեարկության, ապա անպայման թույլ պետք է տան այդ մարդկանց քվեարկել։ Ցերեկվա ժամը 11-ին, երբ հանձնաժողովի նախագահը ԿԸՀ-ին հաղորդեց մասնակցության առաջին թիվը, Բակո Սահակյանի վստահված անձը մեր աչքի առաջ շատ հանգիստ նստեց հանձնաժողովի անդամներից մեկի մոտ եւ նշեց, թե  քանի որ արդեն մասնակցության առաջին թիվն ասել են, հիմա ժամանակն է հանել քվեարկության չեկած անձանց անունները։ Մեր այն հարցին, թե ի՞նչ է անում ինքը, Սահակյանի վստահված անձը պատասխանեց, թե ուզում է իմանալ «մերոնցից» ով չի եկել, որ բերենք։ Վստահված անձն ու հանձնաժողովի անդամը բավականին զարմացան, երբ պարզվեց, որ իրենք դա անելու իրավունք չունեն։ Երբ այս վստահված անձին որոշ ժամանակ անց փոխարինելու եկավ մեկ ուրիշը, նա եւս նույն ձեւով փորձեց հանձնաժողովի նախագահից վերցնել քվեարկության չեկածների ցանկը, ինչին ի պատասխան նախագահը շփոթված պատասխանեց, թե ինքը դա անելու իրավունքը չունի։ Վստահված անձը դրանից հետո ջղայնացած փորձում էր տեղամասի մուտքի մոտ կախված ընտրողների ցուցակը նայելով` հիշողությամբ պարզել, թե ովքեր չեն եկել։

Նշենք, որ տեղամասերի մոտ բացի երկուական ոստիկաններից կանգնած էին նաեւ մեկական ԱԱԾ աշխատակիցներ, ովքեր առանց ԿԸՀ-ի կողմից տրամադրված վկայականների էին, եւ ազատ ելումուտ էին անում տեղամաս, ժամանակ առ ժամանակ հանձնաժողովի նախագահից հարցնում մասնակիցների թիվը, ապա զեկուցում ինչ-որ տեղ։ Երբ ոստիկաններին հարցրեցի, թե ինչո՞ւ չեն տարածքից հեռացնում առանց վկայականի երիտասարդին, ով տեղամաս մտնելու իրավունք չուներ, նրանք շփոթված պատասխանեցին, թե տեղամասի մոտ կանգնածը օրգանի աշխատող է։ Ի դեպ, քվեարկության ընթացքում պարզվեց, որ բնակիչների մի ստվար զանգված տեսողության խնդիր ունի, մի զգալի մասն էլ հայերեն տառերը չգիտեր։ Շատ էին նաեւ այնպիսի ընտրողները, ովքեր քվեարկելու էին գալիս իրենց ծեր, հազիվ խոսող կամ քայլող ծնողների հետ, եւ ամեն գնով ցանկանում էին նրանց հետ մտնել քվեախցիկ։

Ի դեպ, առավոտվանից քաղաքում նաեւ համառ լուրեր էին շրջանառվում, որ առավոտյան Ստեփանակերտի տաքսի ծառայությունները չէին աշխատում, քանի որ նրանք պետք է տեղամասեր հասցնեին Բակո Սահակյանի ընտրողներին։ Ընտրատեղամասերի փակումից մոտ երկու ժամ անց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում սկսեց նվագել փողային նվագախումբը, որը քայլերթով անցավ հրապարակը։ Սակայն, երբ հայտնի դարձան ընտրությունների արդյունքները` հրավառություն եւ ոգեւորության նմանատիպ դրսեւորումներ չեղան։ Քաղաքում հիմնականում լռություն էր տիրում, միայն Բակո Սահակյանի շտաբներում հավաքվածներն էին օղի-խորովածով նշում իրենց «հաղթանակը», իսկ արդեն առավոտյան փողոցներում եւ խանութներում մարդիկ իրար ոչ թե հարցնում էին, թե ով հաղթեց, այլ թե որքան ձայն հավաքեց Վիտալի Բալասանյանը։

Ի դեպ, երեկ կեսօրին արդեն Բալասանյանը հայտարարություն տարածեց, որտեղ շնորհավորեց բոլորին «Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի եւ քվեարկության ժամանակ»։ «Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին եւ մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել իր ապագային։ Իմ թեկնածությանը կողմ քվեարկածների թիվը հուշում է, որ մեր բարձրացրած խնդիրները հրատապ են եւ կարիք ունեն լուծումների։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք պայքարելու ենք այդ խնդիրների լուծման համար եւ այսուհետ ձեզ հետ միասին ենք որոշելու երկրի քաղաքական օրակարգը։ Հունիսի 15-ին գործող նախագահին ուղղված իմ բաց նամակում ես որոշակի մտահոգություններ էի հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին։ Ցավոք, դրանք հաշվի չառնվեցին։ Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով»,- ասված էր Բալասանյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, ընտրությունները ցույց տվեցին, որ ԼՂՀ բնակչության առնվազն մեկ երրորդը համաձայն չէ վարվող քաղաքականության հետ եւ պահանջում է փոփոխություններ։ Իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց քաղաքականությունը եւ դա կատարվելու է մեր պահանջների ներքո։ «Գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ։ Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին։ Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների վրա։ Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար։ Այս կառույցի առաջնային նպատակներից է լինելու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Ես միշտ լինելու եմ բոլոր նրանց կողքին, ում իրավունքը կփորձեն ոտնահարել»,- հայտարարել է Բալասանյանը։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին, եւ ողջունել նրանց, ովքեր իրենց խղճի մտոք են քվեարկել մյուս թեկնածուների օգտին։

Հաղթող թեկնածու Բակո Սահակյանը օրվա ընթացքում այդպես էլ հանդես չեկավ որեւէ հայտարարությամբ, փոխարենը նրան անմիջապես շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, ընտրությունների հաջորդ օրը բավականին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։ Նշելով, որ հուլիսի 19-ը դարձել է ջրբաժան` հին եւ նոր Ղարաբաղների միջեւ, Օհանջանյանը հայտարարել է, որ  այս ընտրությունների արդյունքում սնանկացել է ողջ քաղաքական համակարգը, որը գոյատեւում էր բացառապես վախ տարածելով եւ կառավարման տոտալիտար համակարգով։ «Քաղաքական կազմակերպությունները, որոնք հրահանգով պաշտպանել են իշխանություններին, ընտրությունների ժամանակ կորցրել են իրենց ընտրողների վստահությունը։ Եւ այս պայմաններում ԼՂՀ ԱԺ-ն, որն առաջին հերթի ներկայացուցչական նշանակություն ունի, այլեւս չի արտացոլում հասարակությունում ուժերի դասավորվածությունը, եւ հետեւաբար չի կարող եւ բարոյական իրավունք չունի շարունակել աշխատանքը այն կազմով, որտեղ արտացոլված են նախագահական վերջին ընտրությունների արդյունքները։ Այդ կապակցությամբ «Սոցիալական արդարություն» կուսակցությունը պահանջում է ցրել ԱԺ-ն եւ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասված է Օհանջանյանի հայտարարության տեքստում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30