03.07.2013 18:52 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Իրականում

Օֆշոր եւ ռոմանտիկա

Այնպես է ստացվել, որ վերջին շրջանում օֆշորային թեման շարունակում է հրատապ մնալ Հայաստանում։ Ընդ որում, օֆշորի մասին այնքան է գրվել, որ արդեն ահագին բան գիտենք, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Մեր նախորդ նյութերից մեկում ներկայացրել էինք կոնկրետ Կիպրոսի օֆշորային առանձնահատկությունները, նրանց օրենսդրական բազան, հնարավորությունները, առավելությունները։ Ցույց տվեցինք, որ օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված մարդիկ՝ վարչապետի գլխավորությամբ, շատ թույլ հիմնավորումներ էին տվել, թե իբր իրենց անունները առանց նրանց իմացության են Կիպրոսում գրանցվել։

Կրակի վրա յուղ լցրեց Կիպրոսի դատախազ Կլերիդեսը, որը բացառեց, որ Կիպրոսում կարելի է առանց մարդու համաձայնության եւ տեղյակ պահելու նրա անունով բաժնեմաս գրել, ընկերություն հիմնադրել եւ այլն։ Բայց դա արդեն գրեթե ոչ ոքի չզարմացրեց, քանի որ դա այլեւս նորություն չէր։

Շարունակելով օֆշորի թեման, նշենք, որ երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց իր արդեն հռչակավոր հիմնավորումը, որ Կիպրոսում շատ հանգիստ կարելի է ուրիշի անունով ընկերություն հիմնադրել, դրանից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որ այդքան էլ հեշտ գործ չէ Կիպրոսում ընկերություն բացելը։ Մինչ այս սկանդալը բավական թերի եւ սուբյեկտիվ պատկերացում կար այն մասին, թե ինչ բան է օֆշորը։

Շատերին այդ բառը վախեցնում է կամ կասկածի տեղիք է տալիս։ Հատկապես նրանց, ովքեր երբեք չեն առնչվել օֆշորային ընկերությունների հետ։ Ինչ-որ տեղ, հատկապես զարգացող երկրների պատճառով, այդ բառը հաճախ ասոցացվում է «ահաբեկչություն» բառի հետ, իբրեւ թե համաշխարհային ահաբեկչության ֆինանսավորման գլխավոր աղբյուրը օֆշորն է։ Բայց դա այնքան էլ այդպես չէ։ Որպեզի հասկանալի լինի, որ այսօր օֆշորները դուրս են այդ պատկերացումներից, ներկայացնենք մի քանի փաստ։

Նախ, օֆշորային գոտիները այսօր սովորաբար բաժանում են երեք մեծ խմբի.

Առաջին խումբը դասական օֆշորային երկրներն են, որտեղ գրանցված ընկերությունները ամբողջությամբ ազատված են այդ երկրների տարածքից դուրս ստացված շահութահարկից։ Դասական օֆշորների օրինակ են հանդիսանում Բելիզը, Սեյշելյան կղզիները, Պանաման։

Օֆշորային այս գոտիները ոչ միայն հարկեր չեն գանձում, այլ նաեւ չեն պահանջում որեւէ ֆինանսական հաշվետվություն կամ հաշվապահություն։ Դրական կողմերից մեկն էլ գաղտնիության բարձր մակարդակն է։ Նման երկրների իշխանությունները նույնիսկ չեն էլ փորձում վերահսկել իրենց մոտ գրանցված ընկերությունների գաղտնիությունը։ Որպես կանոն, այս օֆշորները աչքի են ընկնում տնտեսական եւ քաղաքական կայունությամբ։ Այդ երկրները անընդհատ կատարելագործում են իրենց օրենսդրությունը, որպեսզի այն առավելագույնս հրապուրիչ լինի գործարարների համար, ընկերությունների գրանցումը չափազանց հեշտ լինի եւ այլն։ Մեծ ուշադրություն է դարձվում գաղտնիությանը եւ ներդրումների պաշտպանությանը։

Երկրորդ խումբը ցածր հարկային դրույքաչափերով երկրներն են։ Ի տարբերություն նախորդ խմբի, այստեղ մինչեւ 10% շահութահարկ կա։ Բացի դրանից, այս երկրներում ընկերությունները պետք է հաշվապահություն տանեն եւ ամեն տարի հաշվետվություն ներկայացնեն։ Որոշ երկրներում ընկերությունների գործունեության աուդիտը պարտադիր պայման է։ Տնօրենների եւ բաժնետերերի ռեեստրն այստեղ ոչ միայն տարվում է, այլ նաեւ բաց է, սակայն նոմինալ ծառայությունների կիրառումը այս դեպքում գաղտնիության հարցը լուծում է։ Այսինքն, շատ կոպիտ ասած, կեղծ տնօրեն, կեղծ հաշվապահ, աշխատող գրանցելը։

Այս գոտիները նաեւ համարվում են «բարձր հեղինակության գոտիներ»։ Այստեղ ընկերություն պահելը ավելի թանկ է արժենում, սակայն փոխարենը այնտեղ գործելը պատվաբեր է։ Նման գոտիներից են Իռլանդիան, Ջիբրալթարը, մեզ շատ ծանոթ Մէն կղզին։

Երրորդ խումբը արդեն այն երկրներն են, որոնք մեծ հաշվով այլեւս չի կարելի համարել օֆշորային, բայց որոնք որոշ ընկերությունների հարկային արտոնություններ են տրամադրում։ Այստեղ հաշվետվությունների, հաշվապահության նկատմամբ պահանջները խիստ են, դրա համար էլ այստեղ գրանցված ընկերությունների հանդեպ վստահությունը մեծ է։ Նման գոտիներ են համարվում Անգլիան եւ մեր շատ սիրելի Կիպրոսը։ Այն Կիպրոսը, որտեղ, ըստ Տիգրան Սարգսյանի, կարելի է խելքին փչածը անել։ Բայց այն Կիպրոսը, որտեղ՝ ըստ այդ երկրի դատախազի, նման հնարքները բացառված են։

Օֆշորային գոտիների այս դասակարգումը մենք ներկայացրել էինք, որպեսզի հասկանալի դառնա Հայաստանում մեծ սկանդալ դարձած պատմության լրջությունը։ Հենց այնպես չէինք ասում, որ Կիպրոսը ԵՄ անդամ է եւ պարտավոր է իր օրենսդրությունը համապատախանեցնել Եվրամիության պահանջներին։ Կիպրոսը իր մոտ գրանցվելու ցանկություն ունեցողներին ամենախիստ պահանջներ ներկայացնող գոտում է գտնվում։ Ուրիշ ինչպե՞ս սա պետք է բացատրել։

Բայց սա չի նշանակում, որ օֆշորային մյուս գոտիներում վարչապետի ասածը կարելի է հեշտությամբ կատարել։  Արդեն 10-15 տարի օֆշորային գոտիներին գերտերությունները սկսել են շատ մեծ ուշադրություն դարձնել։ Հատկապես 2006թ. ապրիլին կայացած G20 գագաթաժողովից հետո, որտեղ որոշում կայացվեց միջոցներ ձեռնարկել այն օֆշորների հանդեպ, որոնք չեն ցանկանում համագործակցել, այսինքն տեղեկություններ տրամադրել եւ փոխանակել։ Միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախաձեռնությունները մեծ ազդեցություն են թողել օֆշորային ոլորտի վրա։ Օֆշորային գոտիների մեծ մասը հստակեցրել եւ խստացրել  է իրենց օրենսդրությունը ընդդեմ փողերի լվացման եւ այլ անօրինական գործողությունների։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31