02.06.2017 10:14 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ծանոթ «լազաթ»

Սերժ Սարգսյանի փոքրիկ Սովետը

Սերժ Սարգսյանի փոքրիկ Սովետը

Երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իրենց կուսակցությունը պատրաստ չէ խոսել այն մասին, թե ով կլինի Հայաստանի վարչապետը 2018-ից հետո, շատերի մեջ հարց առաջացավ` այդ ինչպե՞ս է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է խոսել 2040 թվականի Հայաստանի բնակչության թվի, տնտեսության ծավալների եւ այլնի մասին, իսկ ընդամենը 10 ամիս հետո կատարվելիքի մասին խոսել չի կարող։

Պատասխանը շատ հստակ է։ Բոլոր այն դեպքերում, երբ խոսքը պետությանը վերաբերող խնդիրների մասին է, որեւէ մեկը Սերժ Սարգսյանի ասածները լուրջ չի ընդունում (հետեւաբար` կարելի է ինչ ասես ասել), իսկ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը իր անձնական շահերի մասին է, Սերժ Սարգսյանի խիստ հետեւողական է եւ ամեն ինչ անում է` իր նպատակին հասնելու համար (դրա համար էլ նպատակը խնամքով թաքցնում է եւ ոչ մի ավելորդ բառ բերանից չի թռցնում)։

Ապացույցները բազմաթիվ են։ Օրինակ` նախագահական ընտրությունների երկու քարոզարշավների ժամանակ Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ աշխատավարձերն ու թոշակները պիտի կրկնապատկվեն, աղքատության մակարդակը պիտի իջնի մինչեւ 12 տոկոս, Հայաստան-Իրան երկաթուղին պիտի կառուցվի, նոր ատոմակայան պիտի կառուցվի, եւ այսպես շարունակ։ Խոստումներից որեւէ մեկը, բնականաբար, չկատարվեց։ Եվ ի՞նչ։ Հասարակությունը հիասթափվե՞ց։ Ոչ իհարկե, որովհետեւ ի սկզբանե նրա ասածները որեւէ մեկը լուրջ չէր ընդունում։

Մեկ այլ օրինակ բերենք։ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ համարյա բաց տեքստով հայտարարում է, որ պատրաստ է ղարաբաղյան հարցում լուրջ զիջումների գնալ եւ վեց շրջան հանձնել` ԼՂՀ կարգավիճակի դիմաց։ Վերջին անգամ ըստ էության հենց դա էլ ասաց նորընտիր խորհրդարանի առջեւ արտասանած ելույթում։ Հասկանալի է, որ եթե Սերժ Սարգսյանը (կամ որեւէ այլ պաշտոնյա) փորձի իրականացնել դա, համապատասխան փաստաթղթերը ստորագրի եւ զորքերը ետ քաշելու հրաման տա, անմիջապես Հայաստանում եւ Արցախում բողոքի հսկայական ալիք կբարձրանա` անկանխատեսելի հետեւանքներով։ Բայց Սերժ Սարգսյանն այդ մասին խոսում է, եւ ընդվզում չկա, բողոքի ալիք չկա, անգամ թեթեւ ընդդիմացողներ չկան։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանի եւ Արցախի բնակչությունը համաձայն է վեց շրջան վերադարձնել հանուն ԼՂՀ անկախության։ Իհարկե ոչ։ Սա ընդամենը նշանակում է, որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի ասածները լուրջ չի ընդունում։ Դե հիմա մարդ ա, բան էր` ասաց, էդ ո՞ր մի խոսքն ա կատարել, որ էս մեկը կատարի։

Բայց արդյո՞ք Հայաստանն այն վիճակում է, որ կարող է իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ` ունենալ ղեկավար, որին պետության ապագային վերաբերող խնդիրներն ընդհանրապես չեն հետաքրքրում։ Ավելին` հասարակության մտքով անգամ չի անցնում պետական որեւէ խնդրի լուծման հարցում հույսեր կապել Սերժ Սարգսյանի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իր նախագահության ինը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ չի արել։ Օրինակ` եթե մի 20-30 տարի հետո որեւէ մեկը փորձի հիշել Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, ի՞նչն է հիշելու։ Զարմանքով նկատելու է, որ այդ մարդը զբաղված է եղել բացառապես իր անձնական իշխանությունն ամրապնդելով։ Նրա կատարած հիշատակման արժանի միակ քայլը, որն անմիջականորեն կապ ունի պետության ապագայի հետ, եղել է Սահմանադրությունը փոխելը եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը, բայց նույնիսկ դա Սերժ Սարգսյանն արել է բացառապես իր անձնական շահերից ելնելով։

Ու հիմա շատերն են իրենք իրենց հարցնում` ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը լինելու է Հայաստանը փոքրիկ Սովետական Միություն դարձնելը։ Իհարկե` որոշ ոչ էական փոփոխություններով (ամեն դեպքում` համարյա 30 տարի է անցել)։ Լինելու է իշխող կուսակցություն` իր «պոլիտբյուրոյով», լինելու է նշանակովի օրենսդիր մարմին (բայց` առաջավոր կթվորուհիների փոխարեն «ընդդիմադիր հաճախորդներով»), պետական մենաշնորհների փոխարեն լինելու են օլիգարխներին «արենդայով տված» մենաշնորհներ (այդ հարցը համարյա հարյուր տոկոսով լուծված է), լինում է համարյա հարյուր տոկոսով վերահսկելի լրատվական դաշտ եւ այլն։

Համենայն դեպս` Սերժ Սարգսյանը հենց այս ուղղությամբ է աշխատելու։ Եթե, իհարկե, դիմադրողներ չգտնվեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30