23.01.2014 18:40 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վերջին լափաբաժինը

Հարկային բարեշրջումների տրամաբանությունը

Հարկային բարեշրջումների տրամաբանությունը

Եթե հիշում եք` անցած տարվա հուլիսի 1-ից Հայաստանում բոլոր տեսակի ըմպելիքները (ջուր, գարեջուր, հյութեր) սկսեցին վաճառվել դրոշմապիտակներով։ Արդյունքում` այդ ապրանքատեսակների գծով հարկային մուտքերը կես տարում ավելացան մոտ 2 միլիարդ դրամով։

Ճիշտ է, արտադրողներն ու ներմուծողներն առանձնապես չտուժեցին` նրանք պարզապես թանկացրեցին այդ ապրանքները, եւ հավելյալ հարկային բեռն ուղղակիորեն ընկավ շարքային սպառողների ուսերին։ Բայց կառավարությունը, դատելով ամեն ինչից, խիստ ոգեւորվել է այդ էքսպերիմենտի բարեբաստիկ արդյունքներով, եւ ահա առաջիկայում նախատեսվում է պարտադրել դրոշմապիտակներ փակցնել նաեւ այլ ապրանքների վրա (կաթնամթերք, ձեթ, պահածոներ, օճառ, կոսմետիկա, պաղպաղակ եւ այլն)։ Այսինքն` առաջիկայում դրանք եւս առնվազն 5-10 տոկոսով կթանկանան, բյուջեի մուտքերն էլ կավելանան եւս մի քանի միլիարդ դրամով` բնականաբար, դարձյալ հարկատուների հաշվին։

Փորձենք հասկանալ այս «հարկային բարեշրջումների» տրամաբանությունը։ «Սասնա ծռեր» էպոսի Կոզբադինն, օրինակ, նախապատվությունը տալիս էր ֆիքսված հարկերին։ Պահանջում էր կոնկրետ այսքան կոտ ոսկի, կոնկրետ քառասուն «կարճ կնիկ»` երկանք աղալու համար, քառասուն «երկար կնիկ»` ուղտեր բարձելու համար եւ այլն։ Չէր պահանջում, ասենք, որպես հարկ իրեն հանձնել առկա կարճ կանանց 6,3 տոկոսը։ Ստվերը նրան չէր մտահոգում։ Իսկ ահա Տիգրան Սարգսյանին մտահոգում է։ «Դրոշմապիտակների ինստիտուտով» նա իբր ստվերի դեմ է պայքարում` լավ իմանալով, որ միակ արդյունքը լինելու է բնակչության կենսամակարդակի անկումը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ «ստվերի դեմ պայքարը» հանգեցնելու է համատարած թանկացումների։ Եթե նորմալ մրցակցություն լիներ` ոչ մի թանկացում էլ չէր լինի, բայց ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, ասենք, ձեթի ներկրման ոլորտում։

Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Տեսեք` կառավարությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց վերջին կոպեկները հայտնվեն բյուջեում։ Եվ համապատասխան որոշումներով ու համապատասխան վերահսկողական լծակներով անում է ամեն ինչ, որ ոչ մի լումա «չպլստա»։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ վերահսկողական մեխանիզմները փոխադարձ չեն։ Այսինքն` Տիգրան Սարգսյանը բյուջեն լցնելու անվան տակ մարդկանց վերջին կոպեկները գռփելու հնարավորություն ունի, բայց մարդիկ հնարավորություն չունեն վերահսկելու այդ կոպեկների հետագա ճակատագիրը։ Նույն Տիգրան Սարգսյանն, օրինակ, ժամանակ առ ժամանակ աղիողորմ ձայներ է արձակում այն մասին, որ փող չկա` դրա համար էլ իրենք վերացնում են գործազրկության նպաստները, ի վիճակի չեն թոշակ վճարել, դրա համար էլ կուտակային համակարգ են ներդնում, «արտաքին միջավայրը բարենպաստ չէ», դրա համար էլ պետական պահուստների եղածն են վաճառում եւ այլն, բայց երբ որեւէ մեկը նրան հարցնում է` այդ դեպքում ինչո՞ւ ես հարյուր հազարավոր դոլարներ ծախսում հատուկ չվերթների վրա, կամ ասում է «լավ եմ անում», կամ ընդհանրապես ոչինչ չի ասում։ Մի խոսքով` «փաթթած ունի սաղին»։ Վերահսկման որեւէ մեխանիզմ չկա։ Մի անգամ Վերահսկիչ պալատի նախագահը մի երկու թիվ հրապարակեց` քիչ էր մնում մահակներով ծեծեին։ Արդեն երկու տարի է` հարկատուները փորձում են պարզել, թե կոնկրետ ո՞ր հայվանի մտքով է անցել Նոյեմբերյան քաղաքի բյուջեի չափ փող հատկացնել երկու փչացած բիոզուգարանների համար, բայց ոչինչ չի ստացվում։ Հարցնում են` վարչապետն ինչո՞ւ է իր անձնական «կայֆերի» համար բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել Դիլիջանում «օբյեկտ» կառուցելու համար` ձեն-ձուն չկա։

Ստվերի դեմ պայքարն, իհարկե, լավ բան է։ Արեւմուտքում շատ խիստ են պայքարում ստվերի դեմ, եւ այնտեղ հարկեր թաքցնելը շատ բարդ է։ Բայց չի կարելի արեւմտյան չափանիշներով հարկեր հավաքել եւ բյուջեն լցնել, ու միաժամանակ այդ նույն բյուջեի միջոցների հաշվին ապրել արաբական շեյխերի նման։ Հայաստանի պրոբլեմը հենց այս անհամապատասխանությունն է։ Կամ հարկերը հավաքվում են արեւմտյան խստությամբ, երկիրն էլ ղեկավարվում է արեւմտյան չափանիշներով, կամ բոլորը թաքցնում են հարկերը, ով ոնց կարողանում` գլուխը պահում է, իշխանություններն էլ արեւելյան բռնապետների կյանքով են ապրում։

Մենք, իհարկե, կողմ ենք առաջին տարբերակին։ Ու կարծում ենք` իշխանությունները նույնպես պիտի կողմ լինեն։ Թե չէ, հեռու տնից-տեղից, կարժանանան արեւելյան բռնապետների ճակատագրին։ Եվ ոչ մի նշանակություն չի ունենա` պարանները դրոշմապիտակներո՞վ էին, թե ոչ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30