12.07.2013 14:31 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անհասցե ագրեսիա

Սա արդեն գնաճ չէ, սա խուճապ է

Սա արդեն գնաճ չէ, սա խուճապ է

Համատարած թանկացումները սկսվել են, ու թեեւ ընդամենը մի քանի օր է անցել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ գնաճային այս հիստերիան առանձնապես կապ չունի գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետ։ Հայաստանում ինչ-որ ուրիշ բան է կատարվում։

Ասվածն ապացուցելու համար միայն մի քանի օրինակ բերենք։ Տաքսի-ծառայություններն, օրինակ, մինչեւ հիմա մարդկանց սպասարկում էին իբր կիլոմետրը 100 դրամով (իրականում 140-150 դրամ էր), հիմա դարձրել են 180-200 դրամ` այն դեպքում, երբ գազի թանկացման հետեւանքով մեկ կիլոմետրի հաշվարկով գազը թանկացել է ընդամենը 3-3,5 դրամով։ Ճիշտ նույն հաշվարկն է նաեւ երթուղայինների դեպքում, բայց դրանց գծատերերը պահանջում են ուղեվարձը դարձնել առնվազն 150 դրամ։ Հացն արդեն իսկ թանկացել է 10-20 դրամով` այն դեպքում, երբ գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը մեկ հացի հաշվարկով առաջ առավելագույնը 5 դրամ էր, հիմա դարձել է 6 դրամ։ Կտրուկ թանկացել է նաեւ կաթնամթերքը` այն դեպքում, երբ գազի ու էլեկտրաէներգիայի «մասնաբաժինն» այդ ապրանքների ինքնարժեքում չնչին է։

Մի խոսքով` թանկացումները որեւէ տրամաբանական բացատրություն չունեն, այս ամենն ինչ-որ անբացատրելի խուճապ է հիշեցնում։ Այնպիսի տպավորություն է, թե բոլորը բոլորի վրա գազազած են, եւ բոլորը բոլորից վրեժ են լուծում։ Ասենք` խոշոր սպառողների համար գազը թանկանում է 14 տոկոսով, սրանք էլ ասում են` «հա՞, դե որ տենց ա` մենք էլ 25 տոկոսով ենք թանկացնում», ուղեւորափոխադրողներն ասում են «դե որ տենց ա` մենք էլ 50 տոկոսով ենք թանկացնում», հաց արտադրողներն ասում են «դե որ տենց ա` ձեր սաղի տիրոջ մերը, մենք էլ հացն ենք թանկացնում», եւ այդպես շարունակ։ Նույնիսկ մուրացկաններն են կատաղել` մի տեսակ ավելի ագրեսիվ տոնով են փող ուզում, ու պահանջն էլ 100 դրամից պակաս չէ։ Այսինքն` սա սովորական գնաճ չէ, սա ինչ-որ անհասկանալի երեւույթ է, որի միակ ակնառու արտահայտությունն առայժմ այն է, որ առանց բացառության բոլորը վերջին խոսքերով հայհոյում են իշխանություններին, բայց կուտակված ագրեսիան ուղղում են միմյանց դեմ. վարորդն ուղեւորի վրա է մուննաթ գալիս («վոբշըմ` էս ա, ուզում ես` ուզի, չէ` ռադ էղի»), արտադրողը` խանութպանի, սպառողը` արտադրողի, ուսուցչուհին` աշակերտի ծնողի, բժիշկը` հիվանդի եւ այլն։ Մի խոսքով` բոլորն ահավոր գազազած են։

Իսկ ահա իշխանություններին այս իրավիճակը լավ էլ ձեռնտու է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ օրեցօր կուտակվող ագրեսիան ուղղորդող, միեւնույն է, չկա, հետեւաբար` սոցիալական պայթյունը փոխարինվելու է արտագաղթի «բումով», իսկ համատարած թանկացումները գոնե թղթի վրա տնտեսական աճ են ապահովելու։ Իրական աճ, իհարկե, չի լինելու, լինելու է կտրուկ անկում, բայց «գումարային արտահայտությամբ» աճ հաստատ արձանագրվելու է։ Ենթադրենք` նախկինում արտադրվում էր մեկ միլիոն կիլոգրամ պանիր` 2000 դրամով (թվերը պայմանական են)։ Դա կազմում էր 2 միլիարդ դրամ։ Հիմա կարտադրվի 900 հազար կիլոգրամ, բայց` կիլոգրամը 2500 դրամով։ Գումարը կկազմի 2,25 միլիարդ դրամ, եւ թղթի վրա կարձանագրվի 12,5  տոկոսանոց աճ, մինչդեռ իրականում արտադրության ծավալը կնվազի 10 տոկոսով։ Կավելանան նաեւ հարկային մուտքերը, այսինքն` ավելի շատ փող կմտնի բյուջե, իսկ իշխանություններն, ինչպես հայտնի է, հենց բյուջեն են լափում։

Կա նաեւ մեկ այլ գործոն։ Իշխանություններն, ինչպես հայտնի է, «վրա-վրա» երեք ընտրություններ են անցկացրել ու ահագին փող ծախսել, եւ հիմա եկել է այդ ծախսերը «հանելու» ժամանակը։ Գազի թանկացումը, համաձայնվեք, հրաշալի առիթ էր։ Դրա համար էլ իշխանություններն իրենք են ցանկացած առիթ օգտագործում` թանկացումների անխուսափելիությունը «գովազդելու» համար, թեեւ ցանկության դեպքում շատ հանգիստ կարող էին ոչ միայն կանխել թանկացումները, այլեւ որոշ բաներ նույնիսկ կտրուկ էժանացնել;

Բայց դրա կարիքը չկա։ Ժողովուրդը, ճիշտ է, գազազած է, բայց դա մի տեսակ անհասցե է։ Համ էլ` մարդիկ «երեք փուլով» վերցրել են իրենց փայ ընտրակաշառքը ու հիմա առանձնապես դժգոհելու տեղ չունեն։ Ասվածն, ի դեպ, նաեւ քաղաքական գործիչներին է վերաբերում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30